ԹեհրանՀամայնք

Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառում՝ «Զարթօնք» պարախմբի նախաձեռնութեամբ

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 31-ին, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի «Մասիս» մարզադալիճում, մեծ թւով հանդիսականների ներկայութեամբ, Լոռեթա Աւետիսեանի ղեկավարութեամբ «Զարթօնք» պարախումբն իր անսամբլային ելոյթը նւիրեց Սրբոց Թարգմանչաց տօնին:

Հանդիսատեսի շարքերում էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներն ու ներկայացուցիչները, քահանայ հայրեր եւ ազգային միութիւնների ներկայացուցիչներ:

Գալա-համերգի տեսք ստացած միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան «Զարթօնք» պարախմբի տարբեր տարիքային հատւածների սաները:

Ընթացքում երգային կատարումներով ելոյթ ունեցան Մելանի Աւանէսեանը, Մինէ Թահմասեանը եւ Սիփան Մկրտումեանը:

Յիշեցնենք, որ «Զարթօնք» պարախմբի գեղարւեստական ղեկավարն է Լոռեթա Աւետիսեանը: Իսկ պարուսոյցները եւ փորձավարներն են Անի Ռաղանեանը, Թենի Ռաղանեսնը, Նարինէ Շահնազարեանը, Անահիտ Սեղբոսեանը, Անայիս Մահմուդեանը, Վանէ Բաբումին, Արէն Դաւթեանը, Բեռնարդ Ռաղեանսը եւ Գամեր Յակոբեանը: Ինչպէս միշտ «Զարթօնք»-ի կողքին են սաների ծնողական խորհուրդը, որի հետ միասին կազմակերպչական աշխատանքների համադրման հարցում իր կատարած աշխատանքներով աչքի էր ընկնում պարախմբի 37-ամեակի յանձնախումբը:

Միջոցառման աւարտին բեմ հրաւիրւեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը: Պատգամաւորը բարձր գնահատելով «Զարթօնք» պարախմբի կատարումները, աչքի ընկնող որակը վերագրեց գրագէտ ուսուցման եւ, յատկապէս, հայ մշակոյթի նկատմամբ ճշգրիտ մօտեցմանը: Նա յիշեցրեց նաեւ համերգը ճիշտ ժամանակին սկսւելու կարեւորութեան մասին, ինչը պատգամաւորը խօսքով պարախմբի անձնակազմի կարգապահ մօտեցման արդիւնք է:

Եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ Սրբազան Հօր օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:

Հոգեւոր հայրը շնորհաւորելով խմբի ղեկավար Լոռեթա Աւետիսեանին կատարած աշխատանքների եւ գոյացած արդիւնքների կապակցոթեամբ նշեց, որ Հայ մշակոյթով զինւած հայի տեսակին յաղթել չի լինի, եւ նա կառչած մնալով իր արմատներին կանգուն կը պահի նաեւ իր հայրենիքն իր սրտում ու հոգում: Նա վստահեցրեց, որ հայի ոգին եւ հայ մշակոյթի օջախը վառ պահելով հայը կարող է վերադարձնել ե՛ւ Արցախը, ե՛ւ բռնազաւթւած մեր Արեւմտեան Հայաստանը:

Նա անդրադարձաւ նաեւ երգային կատարումների ժամանակ հնչած Արցախ երգին, եւ խնդրեց կատարողներին հանդիսատեսի համար եւս մէկ անգամ հնչեցնեն «Արցախ» երգը:

Related Articles

Back to top button