ԹեհրանՀամայնք

Հոգեհանգիստեան արարողութիւն ի յիշատակ հանգուցեալ ուսուցիչների

Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, որը տօնն է Հայ ուսուցչի, իւրաքանչիւր տարւայ հոտկեմբեր ամսի աւարտին, նախաձեռնութեամբ Իրանահայ Ուսուցիչների միութեան, Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, տեղի է ունենում  հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ անցեալ եւ նորոգ հանգուցեալ ուսուցիչ-ուսուցչուհիների:

Ահաւասիկ, ուրբաթ՝ հոկտեմբերի 31-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի միջոցով կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն Ս. Գէորգ եկեղեցում, կրօնական արարողութեան շարականները կատարում էին Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եւ Ս. Գէորգ եկեղեցիների դպրաց դասը՝ խմբավարութեամբ Օդէթ Մուրադեանի: Հանգուցեալ ուսուցիչ-ուսուցչուհիներն էին՝ Սերոժ Թիլիմեանը, Վարդուհի Մանսուրեանը, Անահիտ Արտաշեանը, Նոյեմիկ Համբարչեանը, Քնարիկ Մանասեանը, Իշխանուհի Գրիգորեանը եւ Ֆիլօ Խաչիկեանը:

Հոգեհանգստեան արարողութիւնց յետոյ, եկեղեցու շրջափակում եղան արտայայտութիւններ եւ տեղի ունեցաւ գեղարւեստական միջոցառում:

Օրւայ խօսքով Իրանահայ Ուսուցիչների միութեան վարչութեան անունից հանդէս եկաւ Սաթիկ Աւետիսեանը, ողջունելով ներկաներին: Նա իր խօսքերի ընթացքում նշեց, որ պատահական չէ, որ հոգեհանգստեան արարողութիւնը կատարւում է Ս. Գէորգ եկեղեցում, քանզի հէնց այս եկեղեցու շրջափակում են ամփոփւած Թեհրանի առաջին զոյգ կրթական գործիչներ՝ Յովսէփ Գասպարեանը եւ Միքայէլ Մարգարեանը: Նա գնահատանքով արտայայտւեց Թադէոս-Բարթուղիմէոս եւ Ս. Գէորգ եկեղեցիների Եկեղեցական խորհրդի խիստ հոգատար վերաբերմունքի եւ նւիրումով աջակցութեան համար:

Գեղարւեստական բաժնում ասմունքներով հանդէս եկան՝ վաստակաւոր տեսչուհի եւ ասմունքող Անեթ Բաղդասարեանը, ուսուցչուհի Աննա Զարգարեանը եւ նոր սերնդի ներկայացուցիչ՝ Արթին Մովսիսեանը:

Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը կարեւորութեամբ անդրադարձաւ հայ ուսուցչի դերը, որպէս երկրորդ ծնող՝ մատաղ սերնդին հայեցի եւ ազգային դաստիարակութիւն փոխանցելու համար: Իր ելոյթի ընթացքում նա կարեւորեց այն հանգամանքը, որ անհրաժեշտ է, որ հանգստի կոչւած ուսուցիչները իրենց փորձառութիւններով եւ խորհուրդներով նեցուկ հանդիսանան համայնքային աշխատանքների հարցերով: Նա ընդգծեց Իրանի Հայ Ուսուցիչների միութեան աւելի աշխուժ դերակատարութիւնը համայնքային եւ մշակութային աշխատանքներում եւ կարեւորեց երիտասարդ ուսուցիչների աւելի աշխոյժ ներգրաււածութիւնը միութեան աշխատանքներում:

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, փոխանցելու Սրբազան Հօր պատգամը: Սրբազան Հօր պատգամի մէջ նշւած էր. «Արդարեւ, Հայ ուսուցիչը պէտք է յիշւի, որովհետեւ ինքն է Թարգմանիչ սուրբ վարդապետների սրբազան առաքելութեան շարունակողը: Հայ ուսուցիչը պէտք է անմահանայ, որովհետեւ ինքն է Հայոց լեզւի, գիր ու գրականութեան, Հայոց պատմութեան, հայկական վսեմ արժէքների, դարաւոր սովորութիւնների եւ հարուստ աւանդութիւնների ջահակիրը: Հայ ուսուցիչը պէտք է յիշատակւի, որովհետեւ ինքն է հայ աշակերտի երկրորդ ծնողն ու դաստիարակը»:

Ձեռնարկին ներկայ էր Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանը, Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը, նորոգ հանգուցեալ ուսուցիչ-ուսուցչուհիների հարազատները եւ հայրենակիցներ:

Միջոցառման աւարտին կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button