Նահատակների դիմանկարները՝ որպէս վկայութիւն
Ինքնուս նկարիչ Արիս Իսմայիլեանի ստեղծագործական ուղին

ՀԱՏԻՍ – Նկարիչներն իրենց ստեղծագործութիւնների միջոցով են բացայայտում իրենց կողմնորոշումներն ու ներքին մղումները, եւ հենց կտաւներով սահմանում՝ ունեցած հօրիզոնների սահմանագծերն ու տարբերութիւնները։
Արիս Իսմայիլեանը ինքնուս նկարիչ է, որի մասին վերջերս «ԻՐԱՆ» եւ «Սէթարէ Սոբհ» օրաթերթերը հրապարակումներ են կատարել։ Նիւթերում յատուկ շեշտադրւած է նրա ստեղծագործական գործունէութիւնը, մասնաւորապէս՝ իրանահայ եւ իրանցի մահմեդական նահատակների դիմանկարների շարքը։
Արիս Իսմայիլեանն ունի իրանահայ եւ իրանցի մահմեդական նահատակների դիմանկարների ամբողջական շարք։ Նա համալսարանի զբօսաշրջութեան ճիւղի շրջանաւարտ է եւ ներկայում ուսանում է «Փայամէ Նուր» համալսարանի նկարչութեան բաժնում։
Նրա հայրը մետաղական կառոյցների վարպետ էր եւ իր հետքն է թողել նաեւ քաղաքային ենթակառոյցներում՝ մասնաւորապէս «Բէսաթ» կամրջի կառուցապատման աշխատանքներում։ Հայրը զբաղւել է նաեւ ճարտարապետական նախագծմամբ, իսկ մայրը թռչնափետուրով գործւածքներ էր հիւսում։ Արւեստին մերձ ընտանիքում մեծանալն իր ազդեցութիւնն է թողել Արիսի աշխարհայեացքի եւ ստեղծագործական ձեւաւորման վրայ։
Արիս Իսմայիլեանը, որ աչքի է ընկնում ութամեայ պատերազմի իրանահայ նահատակների, ինչպէս նաեւ Յիսուս Քրիստոսի դիմանկարներով, դիմանկարներ նկարելու իր մղման մասին նշում է. «Հայրս պատերազմի տարիներին ռազմաճակատից վերադարձաւ հրազէնային ծանր վնասւածքով։ Իմ աչքերով եմ տեսել, թէ այդ վէրքի հետեւանքով որքան տառապանք ու ցաւ կրեց, եւ իր վնասւածքների պատճառով չորս անգամ յայտնւեց վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի վիճակում։ Որպէս իրանահայ՝ ցանկացել եմ նահատակների դիմանկարների այս շարքը յարմար ժամանակին դարձնել ալբոմային գիրք, որպէսզի նահատակների մասին մնայ նաեւ իմ վկայութիւնը։ Յոյս ունեմ, որ ոլորտի մշակութային պատասխանատունների աջակցութեամբ կը յաջողւի իրականացնել իմ այս երազանքը»։
«Մեծ յարգանքով՝ հայ աւագ սերնդին, որոնք էական դեր են խաղացել Իրանի մշակոյթի եւ արւեստի հարստացման գործում:
Նա իր մասին այսպէս է ասում. «Ես՝ Արիս Իսմայիլին, իրանահայ արւեստասէր եմ, եւ որպէս իրանահայ՝ ինձ պարտական եմ համարում այս հարուստ ժառանգութեանը: Իմ 25 տարւայ ճանապարհը արւեստում, թէեւ ինքնուս փորձի վրայ հիմնւած, միշտ եղել է ազդւած հայ համայնքի գեղարւեստական մշակոյթից եւ ստեղծագործական ու դիմադրողական ոգուց: Ինձ համար մեծ պատիւ է, որ կարողանամ, թէեւ չնչին, բայց իմ դերը ունենալ իմ երկրի՝ Իրանի, գեղարւեստական միջավայրի կենսունակութեան գործում եւ հանդէս գալ, որպէս կամուրջ մշակոյթների միջեւ: Արւեստը ինձ համար համընդհանուր լեզու է իմ հայրենիքի նկատմամբ իմ ունեցած սէրն ու յարգանքը արտայայտելու համար:
Իրանի ողջ պատմութեան ընթացքում հայերը կարեւոր դեր են խաղացել տարբեր բնագաւառներում, ինչպիսիք են՝ մշակոյթը, արւեստը, արդիւնաբերութիւնը, քաղաքականութիւնն ու գիտութիւնը, հայրենիքի պաշտպանութինը, զինւորական ծառայութիւնը, կրթութիւնը եւ սպորտը:
Ներկայումս, որպէս «Փայամէ նուր» համալսարանի գեղանկարչութեան բակալաւրիատի ուսանող, շարունակում եմ իմ կրթութիւնը եւ զարգացնում ակադեմիական գիտելիքներս: Իմ կարծիքով, այս գիտական ուղին, իմ 25 տարւայ փորձառութեան հետ միասին, կարող է բարեբեր լինել: Այս տարիների ընթացքում որոշ ձեռքբերումներ եմ ունեցել, որոնց թւում կարող եմ նշել՝ «Փայամէ նուր» համալսարանից ստացել եմ մշակութային եւ գեղարւեստական գործունէութեան վկայական, հարցազրոյցներ եմ ունեցել եւ յօդւածներ հրատարակել «Իրան» եւ «Սեթարէ Սոբհ» պարբերականներում, ինչպէս նաեւ իմ աշխատանքները գնահատւել են Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարութեան կողմից, որի ընթացակարգը կը յանգեցնի գեղարւեստական աստիճանի ստացմանը եւ ներկայումս գտնւում է վերջնական քննարկման փուլում:
Իմ կարեւոր նախագծերից է՝ սրբազան Պաշտպանութեան նահատակների դիմանկարների գեղանկարչութիւնը մոնոխրոմ ոճով եւ կարմիր մատիտով: Այս աշխատանքը ինձ համար աւելին էր, քան գեղարւեստական գործ, այն հոգեւոր պարտքի կատարում էր եւ փորձել եմ արտացոլել բոլոր իրանցիների միասնութիւնն ու համերաշխութիւնը հայրենիքի պաշտպանութեան գործում:
Անհրաժեշտ եմ համարում նաեւ յիշել իրանահայ համայնքի արդիւնաբերողների,արհեստաւորների եւ այլ խաւերի դերը այդ օրերին: Ես խոնարհւում եմ իմ հօր յիշատակի առջեւ, ով 50 տարւայ գործունէութեամբ Իրանի տարբեր մասերում մետաղական կոնստրուկցիաների նախագծեր իրականացրեց, ինչպէս՝ սրբազան Պաշտապանութեան տարիներին «Բեսաթ» եւ «Բաղիաթօլլահ» կամուրջների նման կարեւոր նախագծերում մասնակցութիւն ունենալով, եւ իր անկեղծ ծառայութիւնը մատուցելով Իրանին: Նւիրումը եւ անձնւիրութեան ոգին իրանցիների արժէքաւոր ժառանգութիւնն է:
Այժմ մշակում եմ երկու նոր հաւաքածու «Արւեստ եւ արդիւնաբերութիւն», որն ուղղւած է գեղարւեստական ստեղծագործութեան եւ նրբագեղ արհեստների անխզելի կապի բացայայտմանը եւ ցուցադրմանը, եւ կզմում է աւելի քան 450 էջ: Միւսը «Դէմքի յետեւի կողմի դիզայն» հաւաքածուն, որը փորձ է դէմքի արտաքին շերտից անցնելու մարդու հոգեկան իրավիճակին:
Յուսով եմ, որ այս աշխատանքներով, կըկարողանամ իմ ներդրումը բերել երկրի արւեստի բարձրացման ուղղութեամբ ,ցուցադրելով իմ սէրն ու յարգանքը Իրանի եւ նրա հարուստ մշակոյթի նկատմամբ:
Իմ համոզմամբ՝ Իրանի արւեստն ու արհեստները, որպէս մշակոյթի, ինքնութեան եւ ազգային ստեղծագործութեան գանձարան, ոչ միայն անփոխարինելի դեր ունեն մշակութայի ժառանգութեան պահպանման գործում, այլեւ կարող են լինել հզօր շարժիչ ուժ տնտեսական զարգացման, յատկապէս ներքին եւ արտաքին զբօսաշրջութեան ոլորտում: Այս խնդրի իրականացման հարցով անհրաժեշտ է՝
1-Նոր ուսուցում. վարպետների գիտելիքների եւ ժամանակակից հմտութիւնների (դիզայն, թւային մարքեթինք եւ այլն) համադրում: 2-Շուկայական միջավայրի ստեղծում, առցանց վաճառքի հարթակների ստեղծում եւ մշտական շուկաների կազմակերպում զբօսաշրջութեան հանգոյցներում: 3-Կապ զբօսաշրջութեան հետ փորձառկան շրջագայութիւնների եւ կենդանի գեղարւեստական արհեստագործական արհեստանոցների կազմակերպում այցելուների համար:
Այս ոլորտին աջակցելը, փաստօրէն, ներդրում է՝ ազգային ինքնութեան, կայուն զբաղւածութեան ստեղծման եւ Իրանի կարողականութիւններն ու հարուստ մշակոյթը աշխարհին ներկայացնելու առումով»:



