Երիտասարդների բարեխօս Ս. Սարգիս Զօրավարի յիշատակութեան օր

Ս. Սարգիս Զօրավարն ամենասիրւած սրբերից է: Իր որդու Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակւել է յանուն քրիստոնէական հաւատքի: Արիութեան համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգւում է իշխան եւ սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտւելով կայսեր յօժարութիւնից իր իշխանութեան տակ գտնւող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհեանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնէութիւնը: Երբ Յուլիանոս Ուրացողի թագաւորութեան օրօք (360-363) սկսւում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստւածային յայտնութեամբ հրաման առնելով հեռանալ կայսրութեան սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնեայ Հայաստանում, ուր թագաւորում էր Տիրան արքան Մեծն Տրդատի թոռը Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Յուլիանոսը մեծ զօրքով շարժւում է Պարսկաստանի վրայ, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել յարձակման վտանգից, յորդորում է Սարգսին ծառայութեան անցնել Շապուհի մօտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զօրագնդերի հրամանատար: Զօրականներից շատերը, տեսնելով փայլուն զօրավարի բարեպաշտութիւնն ու վարքով վկայած նւիրումն առ Աստւած, իր աղօթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարւում էին հեթանոսութիւնից եւ դառնում քրիստոնեայ: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զօրավարն անմիջապէս մերժում է ասելով. «Երկրպագելի է մէկ Աստւած Ամենասուրբ Երրորդութիւնը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնէ աստւածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խօսքերից յետոյ Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը յարձակւում է Ս. Սարգիսի եւ նրա որդու վրայ: Առաջինը նահատակութեան պսակն ընդունում է նրա որդին Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկւում է եւ աներեր մնալով իր հաւատքի մէջ գլխատւում: Նահատակւելուց յետոյ Ս. Սարգիսի մարմնի վրայ լոյս է ծագում: Քրիստոնէական հաւատքի համար նահատակւում են նաեւ Ս. Սարգիսին հաւատարիմ տասնչորս զինւորները: Հաւատացեալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:
Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրւած սրբերից է, եւ պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
Ս. Սարգիս Զօրավարի տօնը Հայաստանում ընդունւած է նշել ոչ միայն եկեղեցական ծէսով, աղօթքով, այլեւ ժողովրդական սովորոյթներով, որը մեզանում նւիրական աւանդութիւն է: Ս. Սարգիս զօրավարը երիտասարդների արագահաս բարեխօսն է: Նրա միջնորդութեամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղօթքները հասցնի առ Աստւած:
Ս. Սարգիսի տօնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազայայտնութիւնը: Այդ օրւայ յիշատակելի սովորութիւններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս Զօրավարի ձիու պայտի հետքին: Ըստ աւանդոյթի Ս. Սարգիսը պէտք է հրեշտակների ուղեկցութեամբ անցնի, եւ ում մատուցարանի մէջ դրւած ալիւրի կամ փոխինդի մէջ թողնի մաքրութիւն, անաղարտութիւն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանայ տւեալ հաւատացեալի երազանքը: Երիտասարդները տօնի առթիւ միմեանց բացիկներ եւ քաղցրաւենիք են նւիրում: Տօնի օրը Ս. Սարգիս Զօրավարի անունը կրող եկեղեցիներում մատուցւում է Սուրբ Պատարագ, որից յետոյ կատարւում է երիտասարդների օրհնութեան կարգ:
Նիւթը տրամադրել է Տ. ՎՐԹԱՆԷՍ ՔՀՆՅ. ԲԱԲԱԽԱՆԵԱՆԸ



