ՀամայնքՀասարակական

«Համահայկական»-ի ցատկն ու մեր ջրի յատակը

ՀԱՏԻՍ – Հեշտ է անցեալից խօսելը: Առաւել հեշտ խօսքին կարօտի ու ափսոսանքի երանգ հաղորդելը: Փոխարէնը ինչքան ասես բարդ է ապագան տեսնելը կամ մասին խօսելը: Ապագան մի կողմ թողնենք, ներկան անցեալով չափելը նոյնպէս թեմա է, որով մէկով միւսը գնահատելու արւեստին լաւագոյնս տիրապետում է թէ նոր սերունդը, եւ թէ հինը:

Սար ու ձոր չընկնելու համար միանգամից նշենք, որ խօսքը Համահայկական խաղերի շուրջ կառուցւած ու դեռ կառուցւող յիշողութիւնների ու նոստալիգիայի մասին է:

Ժամանակին «Արարատ»-ի ֆուտբոլի կտրած ճանապարհը յիշելիս անդրադարձել էինք այն փաստին, որ Իրանում մարզանքը՝ «սպորտ» դառնալու գործընթացը պայմանաւորւած է եղել, սկսնակներին յատուկ, արհեստավարժ էութեան ունեցած բարքով ու փողերով:

Իսկ, որ սառը դատենք, սիրողական ժամանակաշրջանում իրանահայ մարզանքն անհամեմատ աւելի «սպորտային» էր, քան այսօրւայ արհեստավարժ ժամանակաշրջանում ինքը՝ սպորտն է: Հեշտ լեզւով՝ Իրանի մարզական աշխարհն մեծ թւով հայ անուններ է տեսել, երբ ամէն բան նոր էր ու կրում էր ոչ արհեստավարժ բնոյթ:

Ալֆրէդ Հաւանը, ով նաեւ օլիմպիական խաղերին մասնակցելու առաջին ուղեգիրը նւաճած մարզիկն է իրանահայ մարզական պատմութեան մէջ (սակայն ոտքի կոտրւածքի պատճառով դուրս մնաց Իրանի օլիմպիական քարաւանից), իր հեղինակած՝ «Իրանահայ անւանի մարզիկներ» գրքում («Նայիրի» հրատարակչութիւն-2011 թ.) նշել է, որ Իրանում աւանդական մարզաձեւերը, որոնց հեղինակը հէնց իրանցիներն են ինչպիսին ըմբշամարտի տարբեր ոճերն ու չոգանը, զուրխանէն, նիզականետումը, շարունակում էին զարգանալ հարիւրաւոր տարիների փորձից ու անցեալից ելնելով: «1940 թւականին հիմնւեց Մարմնակրթական կազմակերպութիւնը: Կեանքի կոչւեցին ֆեդերացիաներ, եւ մարզանքը դպրոցներից տեղափոխւեց մարմնակրթական հաստատութեան ենթակայութեան տակ: Իսկ նոր մարզաձեւերը, որոնք Իրան մուտք գործեցին արտասահմանից ինչպիսին ֆուտբոլը, բռնցքամարտը, բասկետբոլը, վոլէյբոլը, ատլետիկան թենիսը, հոքէյը, եւ այլն, սկզբնաւորւեցին իրանահայերի միջնորդութեամբ ու ջանքերով, որոնց տարածման գործում նաեւ մեծ դեր ունէին հայերը»,- արձանագրւած է Ալֆրէդ Հաւանի գրքում:

Այսպիսով կարելի է առանց տատանւելու փաստագրել, որ ներմուծւած արեւմտեան մարզաձեւերը լաւագոյն առիթ էին իրանահայ անունների համար՝ «սպորտի» պատմութեան մէջ փայլելու առումով նաեւ: 

Վերադառնալով մեզ հարազատ՝ Համահայկական խաղերին նշենք, որ եթէ ժամանակին խաղերը տեղի էր ունենում Իրանի մարզաշխարհի չեմպիոնների ու առաջատարների մասնակցութեամբ, ինչի բերումով էլ  որակով Իրանում ամենաբարձր մարզական փառատօնը կարելի էր համարել  ժամանակի կտրւածքով,  ապա այսօր ոչ միայն գունաթափւած վիճակ է տիրում, այլեւ մարզաձեւերի առումով նոյնպէս նահանջ է նկատւում:

Հեծանւավազք, ըմբշամարտ, մարմնամարզութիւն (ժիմնաստիկա), թեթեւ ատլետ, ծանրամարտ, լող, ջրացատկ, մարտարւեստ, բռնցքամարտ, վատերպոլո… ինչպէս նաեւ ձմեռային մարզաձեւերում հայ մարզիկների անունը միշտ եղել է լաւագոյնների շարքում կամ ազգային հաւաքականի ցուցակներում: Խօսքն այն մասին չէ, որ,  այսօր ազգային հաւաքականների ցուցակներում քանի հայի անուն կայ: Խօսքն աւելի ցաւոտ երեւոյթի մասին է: Իրանահայ իրականութիւնից այդ մարզաձեւերի իսպառ վերացման մասին է խօսքը:

Բաւական կը լինէր կարճոտ հայեացք նետել վերջին տասը շրաջնի Համահայկական խաղերին եւ նկատել, որ «Համահայկականը» տեղի է ունենում հազիւ մի քանի մարզաձեւում, որից երբեմն նոյնիսկ ֆուտբոլն է բացակայ:

Համազգային տեղատւութիւն՝ արհեստավարժ մարզիկների չհովանաւորելու փաստով

Դիտաւորեալ կերպով ուշացած յօդւած է սա: Ուշացումով ենք անդրադառնում Հայաստանի Համահայկական խաղերին մասնակցած ու չմասնակցած մարզական թիմերին:  Մասնակցած մարզիկների ու թիմերի ձեռքբերումների մասին աւելի ուշ՝ առանձին յօդւածով: 

Մեղաւոր ու անմեղ փնտրելու համար չէ այս գրութիւնը: Պարզապէս մտահոգութեան շունչ է կրում:  Էլ չասենք, որ ձեռ-ձեռի տւած կարծես որոշել ենք չհովանաւորել  արհեստավարժ մարզիկներին: Փոքրիկ օրինակ նշեմ: Համաշխարհային Համահայկական խաղերի կոմիտէի որոշման համաձայն, Հայաստանի Համահայկական խաղերին մասնակցող քաղաքները չեն կարող պատկան թիմերում ներառել արհեստավարժ մարզիկների: Ազգովի գնում ենք դէպի բուջէների մսխում…

 

Չնայած  այսօրւայ օրով մասնակցութիւնն ինքնին ձեռքբերում է համարւում կազմակերպիչների կողմից: Իսկ մենք նետը մի քիչ բարձր ենք պահելու, որպէսզի նշաձողն այդ աստիճան չիջեցւի:

Գիտակցելով, որ ամէն հնարաւորութիւն օգտագործւում է երիտասարդութեանն ու համայնքներին տարբեր առիթներով ի շուրջ բերել եւ խանդավառ մթնոլորտ ստեղծելով աշխուժութիւն առաջացնել, սակայն փաստը մնում է փաստ, որ մարզական փառատօն կազմակերպելու մեր բազմամեայ փորձը Դամոկլեան թուրի պէս կախւած է հէնց մարզիկի գլխին:

Փորձեցինք տեղեկանալ նաեւ արհեստավարժ մարզիկներից, որ մասնակցելու են Համահայկական խաղերին թէ ի՞նչ: Ուղղակի փակագծերում չխորանալու համար միայն նշենք, որ ստացանք «Թէ ի՛նչ» պատասխանը:   

Մարզական նոստալգիան

ԲՈՒՀ-ական հետազօտութեան արդիւնքները ցոյց են տւել, որ սպորտային նոստալգիկ զգացողութեան փոփոխականում մարզական թիմերի նկատմամբ տենդը,, տպաւորւածութիւնը եւ հարազատ թւալու զգացողութիւնը էական բացատրութիւնն են երկրպագուների՝ մարզադաշտ յաճախելու ցանկութեան փոփոխականի:

Ուստի մարզական նոստալգիան էականօրէն դրական է ազդում Համահայկականի երկրպագուների՝ մարզադաշտ հաճախելու ցանկութեան վրայ։

Նոստալգիկ զգացումները արթնացնելով հնարաւոր է բարելաւել Համահայկականին մասնակցելու ցուցանիշը նաեւ:

 Համահայկականը որպէս չիրականացւած զբօսաշրջային առիթ

Չնախատեսւած մարտահրաւէրների հաշւին, ինչպիսին Հայաստանում հանգստանալու առիթը կամ Հայկաշէնում արձակուրդն անց կացնելը, Համահայկական խաղերով պայմանաւորւած բնական զբօսաշրջային բիզնեսն ու հնարաւոր եկամտաբեր առիթները,  դեռ չսաղմնաւորւած լռեցրին հնարաւոր «շուկա»-ի նոսրացած քանակի պատճառով: Սա նաեւ խօսում է այն մասին, որ սպորտի օրինակով բացակայել է արհեստավարժ մօտեցումը՝ նաեւ այս ոլորտում:

Իսկ ինչո՞ւ ենք խօսում այն մասին, ինչը երբեւէ թեմա չի եղել: Բաւական է թեթեւ հայեացք նետել մարզաւանի Սասունցի Դաւիթ մարզադահլիճի մուտքի մօտ տեղադրւած մարզաւանի նախնական մակետին, եւ անմիջապէս պարզ կը դառնայ, որ Ռոստոմ Ոսկանեանը, հանճարներին բնորոշ՝  ժամանակից առաջ ընկնելով,  օլիմպիական աւանը չի պատկերացրել առանց կացարանային համալիրի: 

Հիւրանոցային արդիւնաբերութեան սպասարկման այս մոդելը նախատեսւած է եղել «կանաչ սպորտային» զբօսաշրջիկների համար։ Պէտք է նշել, որ արդիւնաբերական յեղափոխութիւնից յետոյ աշխարհի երկրները լրջօրէն հետամուտ են եղել «կանաչ զբօսաշրջութեան» զարգացմանը։

Որքան էլ, որ փորձես բացառել նպատակային դատողութեան մեթոդով խնդրին նայելը, այնուամենայնիւ կանգնելու ես այն փաստի առաջ, որ այլեւս ոչ թէ մարզական խաղերն ու տաղանդների յայտնաբերումն է հիմնական նպատակը, այլ հէնց համայնքային փառատօն, որը կարող էր նաեւ մարզականի փոխարէն կրել այլ երանգ: Չնայած մարզանքով է պայմանաւորւած երիտասարդ սերնդի մասնակցութիւնը, ինչն այս առումով բնական փրկօղակն է խնդրի:

Related Articles

Back to top button