Կարէն Վրթանէսեան. «Փաշինեանը եւ թշնամի պետութիւններն ուղղորդւած ձեւախեղում են մեր կոլեկտիւ պատմական յիշողութիւնը»
Այսօրւայ մարտահրաւէրներին միանշանակ պարզ պատասխան չկայ, միակ տարբերակը պայքարելն է, անընդհատ խօսելը, յիշեցնելը, քննարկելը։ Այնպէս չէ, որ մեր անցեալում, մեր պատմութեան մէջ վերանայման կարիք ունեցող ինչ-որ փուլեր եւ իրադարձութիւններ չկան։ Եթէ մենք ունենայինք նորմալ ակադեմիական միջավայր, որտեղ ընդունւած լինէր կառուցողական քննադատութիւնը, մարդիկ աշխատութիւններ գրէին, գրախօսէին իրար, ոչ թէ այսօրւայ պէս գրաքննէին եւ ինքնագրաքննէին, կը լինէր բանավէճ, ինչ-որ խօսոյթ։ Դա անընդհատ կը կատարելագործէր մեր պատկերացումներն իրականութեան մասին, ինչ-որ նոր փաստեր առաջ կը բերէր, նոր բացայայտումներ կը լինէին։ Այդպիսի աշխատանք առաջ էլ շատ չկար, ու վերջին երեսուն տարւայ Հայաստանի պատմութիւնը բաւականին վատ է ուսումնասիրւած։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել հանրային գործիչ Կարէն Վրթանէսեանը։
«Այդ ամբողջ պատմութիւնը մեր բոլորի աչքի առաջ է եղել, եւ մեզ համար վառ ու թարմ են յիշողութիւնները։ Օրինակ, շատերը բաւական վառ յիշում են առաջին արցախեան պատերազմը։ Բայց երբ խօսում ես այսօրւայ 20-25 տարեկանների համար, իրենց համար դա լրիւ միֆականացւած շրջան է։ Մեզ թւում է, թէ մարդկանց պատկերացումները պէտք է ձեւաւորւէին հեռուստատեսութիւնից կամ գրքերից, բայց ընդամէնը վառ կարծրատիպային ինչ-որ դրւագներ են։ Օրինակ, ուսանողին հարցնում ես, թէ առաջին պատերազմի ո՞ր գործողութիւնից է տեղեակ, ասում է՝ «Հարսանիք լեռներում», եւ երբ հարցնում ես դրա մասին, պատասխանում է, թէ՝ գնում են լեռներ, հարսանիք են անում։ Այդ վերնագիրը տպաւորւել է, բայց մարդը չգիտէ իրականութիւնը»,- ասել է ընդդիմադիր գործիչը։
«Լրիւ խոպան իրավիճակ է ստեղծւել, որում սկսւել է քարոզչութիւն՝ ուղղորդւած պետական ռեսուրսներով, ընդ որում՝ ոչ միայն մէկ պետութեան։ Մեր կոլեկտիւ պատմական յիշողութիւնն այսօր փորձում են ձեւաւորել ե՛ւ Նիկոլ Փաշինեանի ռեժիմը՝ իրեն յարմար տեսակէտից, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Եւրոմիութեան ու ԱՄՆ-ի ֆինանսաւորմամբ աշխատող բազում ՀԿ-ներ ու առանձին գործիչներ։ Երբ նայում ես, թէ ինչպիսի Հայաստանի մասին է պատկերացում կառուցւում, ապշում ես, քանի որ փաստացի 1991-ից այս կողմ անկախ Հայաստանի կառուցման ամբողջ գործընթացը ներկայացւում է՝ զուտ որպէս անվերջ թալան։ Սա այն դէպքում, երբ մարդիկ, որոնք 90-ականներին ապրել են եւ յիշում են Խորհրդային Միութեան կոլապսը, երկրաշարժը, ատոմակայանը կանգնեցնելը, յիշում են՝ ինչ էր այն ժամանակ եւ աստիճանաբար ինչ դարձաւ մինչեւ 2018, իներցիայով՝ 2019 թւականը»,- նշել է Կարէն Վրթանէսեանը։
Հանրային գործչի կարծիքով՝ առաջնահերթօրէն շատ մեծ պատասխանատւութիւն ունի ցանկացած յիշող, կրթւած, բանիմաց մարդ, որը կարող է մտքերը ձեւակերպել եւ խօսել, էլ չասած՝ մասնագէտները․
«Այսօր շատ քիչ են պատմաբանները հանրային դաշտում։ Քաղաքագէտներ կարծես թէ կան, բայց եթէ հարցնես՝ քաղաքագիտական գիրք ե՞րբ է գրւել, կամ Հայաստանի նորագոյն պատմութեան մասին վերջին գիրքը ո՞րն է, պատասխան չկայ։ Ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ գրում են, այդ գրքերը կարդում են 200 կամ 300 հոգի։ Սովորաբար այն նոյն մարդիկ են, որոնք գալիս են այդ գրքի շնորհանդէսին, ու նոյնիսկ չգիտես՝ այդ գիրքը վերցրին, տարան, կարդացի՞ն, թէ՞ ոչ։ Դժւար է յիշել վերջին 1991-ից այս կողմ ամբողջ շրջանի մասին գոնէ երեք գիրք»:
«Մէկ տարի առաջ այս օրերին Բրիւսովի անւան լեզւաբանական համալսարանից հեռացւեցին ընդգծւած ընդդիմադիր հայեացքներով մի քանի դասախօսներ՝ Ցոլակ Ակոպեան, Սուրէն Սարգսեան, ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեան, հիմա էլ Տիգրան Թորոսեանին են հեռացնում։ Ակնյայտ է, որ ակադեմիան վերածել են իշխանութեան հլու-հնազանդ ինստիտուտի։ Այս գործընթացը նոր չի սկսւել, դասախօսներին եւ ակտիւ ուսանողներին հետապնդելը կար անգամ մինչեւ 2020 թւականը։ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դաւիթ Ափոյեանին ցուցադրաբար ձերբակալեցին հէնց համալսարանում»,- ամփոփել է Կարէն Վրթանէսեանը: