Ոչ թէ համակերպւել, այլ՝ պայքարել, սա պիտի առաջիկայ ժամանակահատւածի մեր հաւատամքը լինի

ՀՅԴ ԱՄՆ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէն, յունւարի 25-ին նշեց ՀՅԴ հիմնադրման 135- ամեակը՝ «Հայրենիք, Ինքնութիւն, Հզօրացում» խորագրով։
Միջոցառումը վերահաստատեց կուսակցութեան 135-ամեայ առաքելութիւնն ու նւիրումն ազգին ու հայրենիքին, եւս մէկ անգամ փաստելով, որ Հայաստան-սփիւռք կապը ազգային անքակտելի խարիսխներից մէկն է:
Հ. Յ. Դաշնակցութեան 135-ամեակին նւիրւած միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Լիլիթ Գալստեանը: Նա իր խօսքում անդրադարձաւ Հայաստանի եւ հայութեան դէմ ծառացած մարտահրաւէրներին, ներքին եւ արտաքին խնդիրներին։ Նրա յորդորն էր` «ոչ թէ համակերպւել, այլ` պայքարել»:
Գալստեանը անդրադարձաw Հայաստանում ներկայիս վարչախմբի թողած համատարած ձախողումների հետագծին նշելով, որ այսօր գլխաւոր օրակարգն է կանխե՛լ այս ռեժիմի վերարտադրութիւնը։ Առաւել եւս, նա նշեց, որ նոր աշխարհակարգի ձեւաւորման ներկայ հանգրւանը մեզանից պահանջում է ռազմավարութիւնների եւ մարտավարութիւնների վերաիմաստաւորում։
Այդ իսկ պատճառով «կենսական անհրաժեշտութիւն է համահայկական գաղափարական-ծրագրային օրակարգերի որդեգրումն ու դրանց իրագործմանն ուղղւած ռեսուրսների ձեւաւորումը»,- նշեց Գալստեանը ընդգծելով, որ ազգային շահերի համար պայքարն այլեւս համահայկական յանձնառութիւն է։
Գալստեանը թշնամական պատւէր համարեց ՀՀ ներկայիս իշխանութիւնների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ սանձազերծած՝ ապազգային եւ հակապետական ասպատակութիւնը, անւանելով դա ակնյայտ նպատակադրում՝ որը միտւած է քայքայել համահայկական ամենաբարձր հեղինակութիւն ունեցող ազգային կառոյցն ու ջլատել մեր միասնութիւնը»։
Նա նաեւ անդրադարձաւ արտաքին ճակատում մղւող պատերազմին, մատնանշելով վերջերս տորագրւած TRIPP յայտարարութիւնն ու Մեղրիի միջանցքը, որի միջողով Հայաստանը կորցնում է Սիւնիքի հարաւային դարպասների նկատմամբ վերահսկողութիւնն ու առհասարակ խոցելի դարձնում ինքնիշխանութիւնը։ Նրա մեկնաբանութեամբ՝ «այս գործարքի ամենամեծ քաղաքական շահառուն թուրքական աշխարհն է: Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական շահերի մանրադրամ, երկրի ներքին եւ արտաքին օրակարգերը ճշտւում են Բաքւում եւ Անկարայում, իսկ սեփական աթոռը պահելու համար վարչախումբը պատրաստ է ցանկացած զիջումի»:
Նա նաեւ ընդգծեց, որ՝ «սա ոչ թէ խաղաղութիւն է, այլ՝ սողացող կապիտուլիացիա»:
Իր խօսքում Գալստեանը անդրադարձաւ օրակարգային մի շարք հարցերի շուրջ Դաշնակցութեան պատկերացումներին եւ առաջնահերթութիւններին. այդ թւում՝ անվտանգութիւն, զարգացում եւ արժանապատիւ կեանք։ Նշելով, որ՝ «այս առաջնահերթութիւնների շուրջ պիտի ձեւաւորւի համահայկական գաղափարական օրակարգն ու ծրագիրը։ Համահայկական, որովհետեւ մարտահրաւէրները վաղուց ներհայաստանյան չեն, այլ՝ համահայկական են».
Անվտանգ եւ խաղաղ Հայաստան
Անվտանգ Հայաստանը երկարաժամկէտ խաղաղութիւնն է՝ կառուցւած հաւասարակշռւած արտաքին յարաբերութիւնների, տարածաշրջանային եւ միջազգային դերակատարների հետ փոխշահաւէտ յարաբերութիւնների, Հայաստանի ինքնիշխանութեան վերականգնման, բանակաշինութեան եւ ռազմարդիւնաբերութեան կայուն եւ արդիւնաւէտ դոկտրինի վրայ։
Խաղաղութիւն, որը չպիտի ուրանայ արցախահայութեան վերադարձի իրաւունքը, լուծի բոլոր ռազմագերիների վերադարձի հարցը, ներառի անվտագային երաշխիքներ, բացառի հայկական կողմի կենսական զիջումները, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջամտութիւնը Հայաստանի ներքին գործերին։ Պատերազմի այլընտրանքը կատուլիացիան չէ։
Համերաշխ Հայաստան
Մենք մերժում ենք ներազգային բաժանարարները, որովհետեւ միայն համերաշխութեամբ, Հայաստան-Սփիւռք միասնութեամբ եւ ազգային ներուժի առաւելագոյն ներգրաւմամբ է հնարաւոր բեկում մտցնել երկրի կեանքում։ Արդար Հայաստանը մարդակենտրոն պետութիւնն է, ուր յաղթահարւած է աղքատութիւնն ու բոլոր խմբերի համար ընձեռնւած է սոցիալական արդարութեան եւ հաւասար հնարաւորութիւնների համակարգ։ Իրաւականն այն Հայաստանն է, ուր վերականգնւած է սահմանադրական կարգը, պաշտպանւած են Մարդու իրաւունքները եւ դրանք հիմնւած է ոչ թէ անհատական կամ քաղաքական շահերի, այլ՝ օրէնքների գերակայութեան, արդարութեան, հաւասարութեան եւ կայունութեան սկզբունքների վրայ։
Զարգացող Հայաստան
Զարգացող Հայաստանը մրցունակ եւ ժամանակակից պետութիւն է, որի տնտեսութիւնը ծառայում է հայ մարդու եւ հասարակութեան բարեկեցութեանը, որը գրաւիչ է ու հպարտութեան աղբիւր աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայի համար։
Սփիւռքը վերականգնւող Հայաստանի կենսական տարածքն է, եւ Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների վերարժեւորումը միանգամայն նոր հայեցակարգ է պահանջում՝ փոխադարձաբար վերականգնելու առաջացած խզումն ու նոր լիցք հաղորդելու Սփիւռքին որպէս քաղաքական եւ քաղաքակրթական գործօնի։
Առանց հոգեւոր Հայաստանի չկայ անվտանգ Հայաստան, չկայ հայկական ինքնութիւն։ Անվտանգ, համերաշխ եւ զարգացող երկիր կառուցելու նախապայմանը բարոյական, մասնագիտական բարձր յատկանիշներով եւ ազգային-պետական մտածողութեամբ նոր իշխանութիւնն է։
«Մեր հակառակորդները գիտակցում են մեր ուժը, բանտարկում են, ահաբեկում, բռնութիւնների ու զեղծարարութիւնների դիմում, փորձում են պառակտել՝ բաժանելով ներսի ու դրսի դաշնակցականների։ Դատապարտւած են նրանք, որովհետեւ չեն գիտակցում, որ Դաշնակցութիւնը արժեհամակարգ է եւ գաղափարախօսութիւն, շարքային կուսակցութեան մէջ չտեղաւոր ֆենոմէն է դաշնակցութիւնը»,- նշեց նա։
Ամփոփելով իր խօսքը, Լիլիթ Գալստեանը խօսեց կարեւորագոյնից՝ չյուսահատւելուց. «որովհետեւ յուսահատութիւնը համազօր է քաղաքական կատարեալ անկման, մեր նւիրական իղձերից հրաժարումի: Սա հակառակորդի օրակարգն է։ Մենք կարող ենք եւ պարտաւոր ենք թօթափել յուսահատութիւնն ու դատապարտւածութիւնը»,- ասաց նա։


