Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Եւրոպական Միութեան տարածաշրջանային քաղաքականութիւնը եւ Հայաստանը

ԵՄ-ն ուժային կենտրոն թէ՞ բեւեռ (Ա. մաս)

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ

Քաղաքական գիտութիւնների թեկնածու,

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

 

Վերջին տասնամեակներում միջազգային յարաբերութիւնների բազմաթիւ տեսաբաններ, թերեւս առանց վերջնական եզրայանգման, քննարկում էին այն հարցը, թէ արդեօք Եւրոպական Միութիւնը միջազգային յարաբերութիւններում հանդէս է գալիս որպէս ուժային կենտրոն, թէ՞ այնուամենայնիւ, այն ուժային բեւեռ է, որը համագործակցութիւնից աւելի շատ ձգտում է սեփական շահերի պաշտպանութեանն ու միջազգային յարաբերութիւններում թելադրող դիրքի։ 2022 թ. փետրւարի 24-ին սկսւած ռուս-ուկրաինական պատերազմում ԵՄ դեռեւս պահպանւող միասնական քաղաքականութիւնը փաստում է, որ Եւրոպական Միութիւնը միջազգային յարաբերութիւնների հանդարտ փուլում կարող է հանդէս գալ որպէս ուժային կենտրոն, սակայն անկայուն իրավիճակներում այն ի զօրու է վերածւելու քաղաքական բեւեռի՝ սեփական առաջնահերթութիւնների յստակ գիտակցմամբ ու սպասարկմամբ։ Երկու պարագայում էլ միանշանակ է, որ, ի դէմս Եւրոպական Միութեան, մենք գործ ունենք քաղաքական յարաբերութիւնների համաշխարհային դերակատարի հետ, որի բարդ քաղաքական վարքը ենթակայ չէ միանշանակ սահմանման։

Վերջին տարիների ընթացքում միջազգային յարաբերութիւններում Եւրոպական Միութեան քաղաքական կշռին նետւած խոշորագոյն մարտահրաւէրին՝ ի դէմս ռուս-ուկրաինական պատերազմի, արդէն 2025 թ․ տարեսկզբից աւելացաւ Ամերիկայի Միացեալ Նահանգների նոր վարչակազմի հետ շարունակաբար լարւող յարաբերութիւնները։ ՆԱՏՕ-ի շրջանակներում ամերիկեան գերակայութեան անընդհատական շեշտումը, Եւրոպական գործընկերների նկատմամբ քաղաքական եւ տնտեսական լծակները որպէս քաղաքական ազդեցութեան գործիք օգտագործելու ամերիկեան նոր վարչակարգի փորձերը, տարածքային պահանջները Դանիայի Թագաւորութիւնից, յաճախ Եւրոպական ներքին քաղաքականութեանը միջամտելու փորձերը Եւրոպական Միութեան համար նոր փորձութիւն են՝ արդէն ռազմավարական դաշնակցի եւ խոշորագոյն գործընկերոջ հետ յարաբերութիւններում։

Սրանից զատ, Եւրոպական Միութիւնը բախւում է նաեւ ներքին խնդիրների՝ կապւած անօրինական միգրացիայի (գաղթ-խմբ.), սահմանների կառավարման, եւ որ թերեւս ամենաբարդը կարող է լինել՝ ծայրայեղ աջ քաղաքական հոսանքների աննախընթաց աշխոյժացման, յատկապէս այնպիսի երկրներում ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Շւեդը եւ այլն։

«Եւրոպական ծրագրին» նետւած այս մարտահրաւէրների յաղթահարումից է կախւած, կը դառնա՞յ արդեօք Եւրոպական Միութիւնը ուժային բեւեռ, թէ կը շարունակի գոյութիւն ունենալ որպէս ուժային կենտրոն։ Երկու դէպքում էլ, ԵՄ-ն կը շարունակի միջազգային յարաբերութիւնների առանցքային դերակատար լինել։

Շատ մասնագէտներ, միջազգային յարաբերութիւնների ներկայ անկայունութեան առաջին ազդակները կապում են Միւնխենի անվտանգութեան համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2007 թ․ յայտնի ելոյթի հետ, երբ Ռուսաստանը հանդէս եկաւ ԱՄՆ առաջնորդութեամբ միաբեւեռ աշխարհի քննադատութեամբ եւ նախանշեց Արեւմուտքի հետ համակարգային դիմակայութեան նոր փուլի սկիզբը, որն իր արտացոլումը գտաւ 2008 թ․ ռուս-վրացական, պատերազմով, 2014 թ․ Ղրիմի գրաւմամբ, ապա 2022 թ. ռուս-ուկրաինական ընթացիկ պատերազմով։

Աշխարհակարգի կանոնների խարխլումը կանխատեսելով էր թերեւս, որ 2009 Եւրոպական Միութեան Լիսաբոնեան համաձայնագրով փորձ արւեց ի դէմս Արտաքին գործողութիւնների Եւրոպական ծառայութեան (EEAS) ամրապնդել եւ աւելի համակարգւած դարձնել անդամ պետութիւնների արտաքին քաղաքականութիւնների համադրումն ու իրականացումը՝ առանց դրանք ամբողջութեամբ միաւորելու։ Այս համատեքստում Լիսաբոնի համաձայնագիրը կարեւոր էր, որովհետեւ այն ԵՄ-ին հնարաւորութիւն տւեց հանդէս գալ որպէս աւելի միասնական եւ կանխատեսելի արտաքին դերակատար՝ ի պատասխան «սառը պատերազմին» բնորոշ ուժային նոր մրցակցութեան եւ միաբեւեռ կարգի ճաքերի, որոնք յատկապէս տեսանելի դարձան Միւնխենի 2007 թ․համաժողովից յետոյ։

Եւրոպական Միութեան արտաքին յարաբերութիւնների համակարգն ընդգրկում է ամբողջ աշխարհը` իւրաքանչիւր երկրի եւ տարածաշրջանի համար առանձնաբար ճշտւած քաղաքական առաջնահերթութիւններով, յարաբերութիւնների մակարդակով եւ ռազմավարական տեսլականով։ Սոյն յօդւածի շրջանակում մեզ առաւելաբար հետաքրքիր է Եւրոպական Միութեան տարածաշրջանային քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում եւ Սեւծովեան տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է Հարաւային Կովկասում Եւրոպական Միութեան տարածաշրջանային հետաքրքրութիւններին, ապա դրանք արտացոլւած են «Արեւելեան հարեւանութեան քաղաքականութեան» եւ «Արեւելեան գործընկերութեան» ծրագրերում, ինչպէս նաեւ երկրներից իւքաքանչիւրի հետ ուրոյն համաձայնագրերի առկայութեամբ, որոնք վերաբերում են յարաբերութիւնների տարբեր մակարդակների։

Եւրոպական հարեւանութեան քաղաքականութիւնը մեկնարկել է 2003 թւականից: Այն նպատակ ունէր կառավարելու Եւրոպական Միութեան յարաբերութիւնները ԵՄ 16 հարեւան-պետութիւնների հետ՝ հարաւային (10) եւ արեւելեան (6) ուղղութիւններով։ Ըստ պաշտօնական փաստաթղթերի՝ Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան նպատակն է. «Խուսափել ընդլայնւած Եւրոպայի եւ հարեւանների միջեւ բաժանարար գծերի առաջացումից, փոխարէնն ամրապնդել բոլորի բարգավաճումը, կայունութիւնը եւ անվտանգութիւնը»։

ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների առանցքային հարթակներից մէկը՝ Արեւելեան գործընկերութիւնը, մեկնարկեց 2009 թ. մայիսին Պրահայի գագաթնաժողովով՝ նպատակ ունենալով ուժեղացնելու եւ խորացնելու ԵՄ յարաբերութիւնները 6 հարեւան պետութիւնների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլտովայի եւ Ուկրաինայի հետ:

Արեւելեան գործընկերութեան քաղաքականութեան առաջնահերթութիւնների կիրառական դաշտերը չորսն են.

– աւելի ուժեղ տնտեսութիւն (տնտեսական զարգացում եւ շուկայական հնարաւորութիւններ),

– աւելի ուժեղ կառավարում ({պետական} կառոյցների ամրապնդում եւ լաւ կառավարում),

– աւելի ուժեղ փոխկապակցւածութիւն (փոխկապակցւածութիւն, էներգախնայողութիւն եւ կլիմայական փոփոխութիւններ),

– աւելի ուժող հասարակութիւն (շարժունակութիւն եւ միջանձնային շփումներ)։

Ներկայումս ԵՄ-ի եւ ԱլԳ (Արեւելեան գործընկերութիւն) պետութիւնների յարաբերութիւններում առկայ է բովանդակային երեք հարթութիւն՝ ասոցացման (ընկերակցութիւն-խմբ.) (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա), համագործակցութեան (Հայաստան) եւ գործակցութեան (Բելառուս՝ կասեցւած, Ադրբեջան)։ Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային հետագայ զարգացումները ցոյց տւեցին, որ ԵՄ Արեւելեան գործընկերութեան քաղաքականութիւնը իր ընդհանրութեան մէջ ձախողւում է։ Մասնաւորապէս, Ուկրաինայում պատերազմ է, Մոլդովայում Եւրոպական ազդեցութիւնը պահպանւեց ընտրութիւններին ուղղակի միջամտութեան արդիւնքում միայն։ 2022 թ. Յուլիսի 18-ին Ադրբեջանի եւ Եւրոպական Միութեան միջեւ ստորագրւեց ուժանիւթի ոլորտում ռազմավարական համագործակցութեան փոխըմբռնման յուշագիր, ինչը նախատեսում է գրեթէ կրկնապատկել ադրբեջանական գազի տարանցումը Եւրոպա։ Սակայն, վստահելի աղբիւրները պնդում են, որ Հարաւային գազային միջանցքով ԵՄ հասնող ադրբեջանական գազի իրատեսական ծաւալը կարող է լինել շուրջ 10 միլիար խորանարդ մետր, ինչը Եւրոպական տարեկան սպառման 3 տոկոսն է, իսկ ներմուծման՝ 2 տոկոսը։ Այս պայմաններում, սա աւելի շատ քաղաքական քայլ է՝ Ադրբեջանում ԵՄ ազդեցութեան որոշակի պահպանման, քան թէ ուժանոյթային բազմազանութիւն ապահովող գործողութիւն։ Աւելին, ԵՄ-Ադրբեջան յարաբերութիւնների տեսանկիւնից ԱլԳ երկրների շարքում, Ադրբեջանը թերեւս ամէնէն կրաւորականն է, չհաշւած Բելառուսը, որի հետ երկխօսութիւնը սառեցւած է։

Այս պայմաններում Հայաստանը Բրիւսէլի համար այսօր կարող է դիտւել տարածաշրջանի ամենակարեւոր գործընկերներից մէկը։ Արեւելեան գործընկերութեան տարածքում՝ ստացւում է, որ տարածաշրջանում Եւրոպական ուղղութեան վրայ յարաբերութիւնների զարգացման եւ տեղում Եւրոպական ներկայութեան միակ երկիրը Հայաստանն է։

ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների համար հիմնադրութային նշանակութիւն ունի՝ 2017 թ․ նոյեմբերին ստորագրւած եւ 2021 թ․ մարտից ուժի մէջ մտած «Համապարփակ եւ ընդլայնւած համագործակցութեան համաձայնագիրը» Այն, ըստ էութեան, կրկնում էր ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախագծի քաղաքական մասը, իսկ տնտեսական մասը համաձայնեցւած էր Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցութեան պահանջներին։ Այն մինչեւ օրս համարւում է չափազանց յաւակնոտ եւ եզակի համաձայնագիր է Արեւելեան գործընկերութեան ամբողջ տարածքի համար, ներառում է հանրային կեանքի բոլոր ոլորտները եւ որակական ու բովանդակային բոլորովին նոր մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ յարաբերութիւնները։

Միջանկեալ նշենք, որ նոյնիսկ 2025 թ․ դեկտեմբերի 3-ին ստորագրւած ՀՀ-ԵՄ գործընկերութեան ռազմավարական օրակարգը յենւում է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնւած համագործակցութեան համաձայնագրի վրայ։ ՀՀ-ԵՄ երկկողմ յարաբերութիւնների առանձնայատկութիւններին կանդրադառնանք սոյն յօդւածի երկրորդ մասում։

Վերադառնալով ԵՄ տարածաշրջանային հետաքրքրութիւններին։ Հասկանալու համար մեր տարածաշրջանում Եւրոպական միութեան քաղաքական նպատակները, կարեւոր է հայեացք նետել վերջին շրջանի երկու փաստաթղթերի` «ԵՄ Գլոբալ դարպասներ» (EU Global Gateway) նախաձեռնութեանը եւ Եւրոպական յանձնաժողովի եւ ԵՄ բարձր ներկայացուցչի՝ «Սեւծովեան տարածաշրջանի վերաբերեալ» ԵՄ-ի ռազմավարական մօտեցման մասին Եւրոպական խորհրդարանին եւ խորհրդին ուղղւած՝ 2025 թւականի մայիսի 28-ի համատեղ հաղորդագրութեանը։

ԵՄ Գլոբալ դարպասներ (EU Global Gateway) նախաձեռնութիւնը Եւրոպական Միութեան 300 միլիարդ եւրոյի ենթակառուցւածքային ներդրումային ռազմավարութիւնն է (2021–2027 թթ.), որի նպատակն է համաշխարհային մակարդակով ստեղծել անվտանգ կապեր թւային, ուժանիւթի, հաղորդակցութեան, առողջապահութեան, կրթութեան եւ գիտահետազօտական ոլորտներում։ Նախաձեռնութիւնը միտւած է խթանելու կայուն զարգացումը, տնտեսական աճը եւ կրճատելու համաշխարհային ներդրումային բացերը՝ օգտագործելով Team Europe ձեւաչափի համատեղ ջանքերը, զօրաշարժի ենթարկելով մասնաւոր դրամագլուխը։

Global Gateway-ը ըստ ամենայնի նպատակ ունի միջազգային մակարդակում մրցակցութիւն հաղորդելու ամերիկեան եւ չինական տնտեսական գերակայութեանը։ Համաձայն ծրագրի, որի խոշոր կենտրոնացումները՝ համապատասխանաբար 79․973 մլրդ եւ 77․161 մլրդ կենտրոնացւած են Սահարայի անապատից հարաւ տարածաշրջանի եւ Միջին Արեւելքի ու Հարաւային Աֆրիկայի վրայ, մեր տարածաշրջանին յատկացւած է 28․488 մլրդ՝ 6 երկրի համար։ Այս ծրագրով ՀՀ Սիւնիքի մարզում կառուցւում է Սիսիան-Քաջարան 70 քլմ հատւածը եւ նախատեսւած է Սիւնիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնի կառուցումն, ինչպէս նաեւ նման մի կենտրոն Երեւանում։ Նոյն ծրագրի շրջանակում Վրաստանում եւ Ադրբեջանում նախատեսւում է իրականացնել Սեւծովեան էլեկտրական մալուխի անցկացման աշխատանքները։ Դրա նպատակն է Հարաւային Կովկասի էլեկտրացանցը գերբարձր լարման մալուխով կապել Եւրոպական Միութեան հետ եւ մեր տարածաշրջանից ելեկտրականութիւն մատակարարել դէպի ԵՄ։ Ըստ ՀՀ իշխանութիւնների՝ Հայաստանը ցանկութիւն է յայտնել միանալու նախագծին, որը մեր տարածաշրջանում անցնում է Ադրբեջանով եւ Վրաստանով, սակայն ըստ ամենայնի չի յաջողւել՝ հաւանաբար Ադրբեջանի պահանջով։

Միւս՝ «Սեւծովեան տարածաշրջանի վերաբերեալ» ԵՄ-ի ռազմավարական մօտեցման մասին փաստաթուղթով ԵՄ-ն Սեւ ծովի տարածաշրջանը դիտում է որպէս կարեւորագոյն աշխարհառազմավարական տարածք, որը միացնում է Եւրոպան Հարաւային Կովկասին, Կենտրոնական Ասիային եւ Արեւելեան Միջերկրականին: Ըստ այդմ այս տարածքը ԵՄ-ի համար կարեւոր է հետեւեալ երեք ուղղութիւնների շրջանակում՝ անվտանգութիւն, տնտեսական զարգացում եւ առեւտրային ուղիներ, ուժանիւթային անվտանգութիւն եւ գիւղատնտեսական արտահանման երաշխիքներ։

Համաձայն փաստաթղթի ԵՄ-ն նպատակ ունի աջակցել երկարաժամկէտ անվտանգութեանը, կայուն աճին եւ զարգացմանը, աւելի համարկւած կապերին տարածաշրջանի երկրների հետ՝ բազմակողմանի գործընկերութիւններով: Ըստ դրա ԵՄ-ն աշխատելու է նաեւ տարածաշրջանի մի շարք երկրների՝ Եւրոպական Միութեանը աւելի մօտեցման եւ համարկման ուղղութեամբ։

Ամփոփելով նկատենք, որ աշխարհակարգի խաղի կանոնների նոր ձեւաւորման ներկայ ժամանակահատւածում Եւրոպական Միութիւնը վարում է աշխոյժ նախաձեռնողական քաղաքականութիւն՝ անմիջական եւ ոչ անմիջական հարեւան պետութիւններում իր ազդեցութեան շարունակական մեծացման համատեքստում։

Ասւածի համատեքստում պէտք է դիտել նաեւ Դաւոսի վերջին համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայէնի ելոյթը, որտեղ վերջինս արձանագրելով հին աշխարհակարգի խաղի կանոնների աւարտը, խօսում էր Եւրոպական Միութեան տնտեսական ազդեցութեան ընդլայնման մասին այնպիսի տարածաշրջաններում ինչպիսք են Հարաւային եւ Կենտրոնական Ամերիկան եւ Հարաւարեւելեան եւ Հարաւային Ասիան, վերջինը ի դէմս Հնդկաստանի հետ նախատեսւող պատմական պայմանաւորւածութեան։

Պակաս ուշադրութեան արժանի չէր նաեւ Ֆոն դեր Լայէնի պնդումները Եւրոպական Միութեան անվտանգային համակարգի ապահովման սեփական կարողականութիւնների ու մեխանիզմների ստեղծման եւ առհասարակ աւելի անկախ Եւրոպա ունենալու համատեքստում։

Գալով մեր տարածաշրջանին։ Եւրոպական Միութեան արտաքին քաղաքականութեան աշխոյժացման այս պայմաններում, Հայաստանը, մի երկիր է, որ հանդէս է գալիս որպէս տարածաշրջանում Եւրոպական Միութեան կարեւոր գործընկեր, ում հետ յարաբերութիւններն առաջանցիկ զարգացում են ապրում։ Հայաստանը նաեւ մի երկիր է, որտեղ, ի դէմս Եւրոպական Միութեան քաղաքացիական դիտորդական առաքելութեան ԵՄ-ն նաեւ ֆիզիկական ներկայութիւն ունի։ Թերեւս ամենակարեւորը՝ Հայաստանը մի երկիր է, որի ժողովուրդը, քաղաքական ուժերը, առհասարակ քաղաքական մշակոյթը տրամադիր է Եւրոպական Միութեան հետ յարաբերութիւնների շարունակական զարգացմանը, եթէ ի հարկէ դրանք Հայաստանը չվերածեն աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի։

Այնուամենայնիւ, ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների կայուն զարգացման վրայ բացասական ազդեցութիւն կարող է ունենալ Հայաստանի առաջիկայ նախընտրական գործընթացներում ԵՄ միակողմանի դիրքաւորումը, ՀՀ գործող իշխանութիւններին անթաքոյց պաշտպանութիւնը, ինչպէս նաեւ վերջիններիս կողմից ՀՀ ներքաղաքական գործընթացներում Եւրոպական աջակցութեան ստացման փորձերը։

ՀՀ-ԵՄ յարաբերութիւնները վերջին շրջանի վերափոխումներին, այդ յարաբերութիւնների բնոյթին ու հնարաւոր զարգացումներին կանդրադառնանք արդէն սոյն յօդւածի երկրորդ մասում։

Հորիզոն

Related Articles

Back to top button