Քաղաքական

1920 թւականի գաղտնի փաստաթուղթը բացայայտում է Թուրքիայի ծրագրերը, ինչպէս այսօր, այնպէս էլ այն ժամանակ՝ վերացնել Հայաստանը

Վերջին ամիսներին բազմիցս յղումներ են արւում թուրքագէտ, դոկտոր Ռուբէն Սաֆրաստեանի 2019 թւականին Երեւանում հրատարակւած կարեւոր հայերէն գրքին։ Այն վերնագրւած է՝ «Մուսթաֆա Քեմալ․ պայքարը Հայաստանի Հանրապետութեան դէմ 1919-1921 թւականներին»։

Գիրքն այժմ արժանացել է առանձնայատուկ ուշադրութեան, քանի որ արժէքաւոր տեղեկութիւնների շարքում ներկայացւում է Թուրքիայի արտգործնախարարի պաշտօնակատար Ահմեդ Մուհթարի կողմից 1920 թւականի նոյեմբերի 8-ին Արեւելեան ռազմաճակատի (Հայաստանի սահման) բանակի գլխաւոր հրամանատար Քիազիմ Կարաբեքիրին ուղարկւած ծածկագրւած հեռագրի տեքստը։ Այս փաստաթուղթն առաջին անգամ հրապարակւել է Ստամբուլում 1960 թւականին, Կարաբեքիրի «Մեր անկախութեան պատերազմը» գրքում։

Դոկտոր Սաֆրաստեանի գնահատմամբ՝ այս փաստաթուղթն արտացոլում է Թուրքիայի նախագահ Մուսթաֆա Քեմալի (հետագայում յայտնի որպէս Աթաթուրք) դիրքորոշումը եւ չէր կարող գրւել առանց նրա յատուկ ցուցումների եւ հաստատման։ Մուհթարը նշել է, որ «այս գաղտնի հրամանը պարունակում է [թուրքական] կառավարութեան իրական նպատակը»։ Բացի այդ, Քեմալը 1920 թ․ փետրւարի 5-ին կոդաւորւած հեռագիր է ուղարկել Կարաբեքիրին՝ հրահանգելով նրան նախապատրաստւել Հայաստանի վրայ յարձակմանը։

Այս պատմական փաստաթղթի արժէքն այն է, որ 1920 թւականին թուրքական կառավարութեան թշնամական դիրքորոշումը զարմանալիօրէն նման է նրա ներկայիս դիրքորոշմանը Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ։ Ապշեցուցիչ զուգահեռներ են նկատւում այն հարցում, թէ ինչպէս էր Թուրքիան դիտարկում Հայաստանն անցեալում եւ ինչպէս է վերաբերւում այսօր։ Նման համեմատական վերլուծութիւնը կարեւոր է նաեւ Ադրբեջանի ղեկավարութեան մտածելակերպը հասկանալու համար, որը Թուրքիայի «կրտսեր գործընկերն» է։ Գաղտնի փաստաթուղթն անմիջականօրէն առնչւում է վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետեւողական ջանքերին՝ ստորագրելու «Խաղաղութեան պայմանագիր» նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ այն համոզմամբ, թէ նման թղթի կտորը կարող է կանխել Ադրբեջանի յարձակումը Հայաստանի վրայ։

Այնքան ահարկու զուգահեռներ են նկատւում 1920 թւականին գրածի եւ այսօր տեղի ունեցող իրադարձութիւնների միջեւ։ Յատուկ ընդգծել եմ թուրքական գաղտնի փաստաթղթի այն հատւածները, որոնք մեր օրերում եւս նոյնքան չարագուշակ են.

«Կասկած չկայ, որ Հայաստանի զինադադարի առաջարկն այս պահին, երբ նա մեկուսացւած է ե՛ւ արեւմտեան, ե՛ւ արեւելեան աշխարհներից, նպատակ ունի խուսափել վրայ հասնող աղէտից: Ուժեղանալուն պէս Հայաստանը, բնականաբար, կաշխատի իրականացնել Սեւրի պայմանագրով իր վրայ դրւած Արեւելքի հետ մեր կապը կտրելու պարտականութիւնը, ինչպէս նաեւ յոյների հետ համատեղ կը խաթարի մեր կեանքն ու զարգացումը: Անհնարին է, որ Հայաստանը, որը գտնւում է մեծ մահմեդական շրջանակի կենտրոնում, այդ դաժան ժանդարմի պարտականութիւնից սրտի համոզմունքով հրաժարւի եւ որոշի իր բախտը լիովին կապել Թուրքիայի եւ իսլամականութեան հետ: Այդ պատճառով, բացարձակ անհրաժեշտութիւն է, որ Հայաստանը քաղաքականապէս ու նիւթապէս մէջտեղից վերացւի: Դրա հետ մէկտեղ, քանի որ այդ նպատակի իրականացումը կախւած է մեր հզօրութեան ընձեռած հնարաւորութիւնից եւ ընդհանուր քաղաքական իրադրութեան բարենպաստութիւնից, ապա անհրաժեշտ է վերեւում նշւած կարեւոր նախապայմանների համաձայնեցւած նախապատրաստում: Դրանից բխում է, որ քննարկման առարկայ չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնութեան արդիւնքում մեր յետ քաշւելը: Հայերին փոխանցւող զինադադարի հիմնադրոյթները պիտի ուղղւած լինեն ոչ թէ Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն եւ Եւրոպայի նկատմամբ խաղաղասէր երեւալուն: Սակայն իրականում նրանց արդիւնքը պիտի լինի մեր նպատակի աստիճանաբար նախապատրաստման ու հասունացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումը»:

«Ներկայումս բացարձակ անհրաժեշտութիւն է զօրացրել հայկական բանակը եւ բռնագրաւել նրա զէնքը` այդպիսով հնարաւորութիւն չտալով, որ վերականգնւի նրա ռազմական կառոյցը: Երկաթուղիները հսկողութեան տակ պահելու եւ մահմեդական ազգաբնակչութեան իրաւունքները պաշտպանելու պատրւակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողութիւնը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրայ եւ այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները: Վերը նշւած այդ նպատակը պիտի իրականացնել քօղարկւած ու փափուկ ձեւով՝ ինչպէս խաղաղութեան պայմանագրի տեքստում, այնպէս էլ նրանից բխող գործողութիւններում` հայերի աչքերում մշտապէս խաղաղասէր երեւալու պայմանով»:

«Այսօր Ձեզ ուղարկւած զինադադարի պայմանների առաջին կէտով սահմանի վերաբերեալ հանրաքւէի սկզբունքի ընդունումը բխում է Հայաստանի հետ սահմանների վերջնական որոշմանը խոչընդոտելու ձգտումից: Կարող էք ժամանակաւորապէս ընդունել Բրեստ Լիտովսկի սահմանի գիծը, քանի որ նպատակ է դրւած այդ հարցում հայերի ձեռքից նախ եւ առաջ սահմանի վերաբերեալ գրաւոր առաջարկ ստանալ եւ այդպիսով խոչընդոտել բանակցութիւնների փակուղի մտնելուն: Սակայն անհրաժեշտ է յարատեւ միջամտութեան համար հող նախապատրաստել` սահմանի միւս կողմում մնացող մահմեդական փոքրամասնութեան իրաւունքները պաշտպանելու պատրւակով: Պիտի պայմանագրի մէջ մտցնել կէտեր, որոնք կապահովեն հնարաւորինս արագ թշնամու ձեռքից զէնքի բռնագրաւումը եւ նրա բանակի զօրացրումը: Անհրաժեշտ է յատուկ ջանքեր գործադրել քայլ առ քայլ տարածաշրջանի թուրքերին զինելու եւ ազգային զինւած ուժեր ստեղծելու ուղղութեամբ: Նրանք պիտի կապեն միմեանց հետ Արեւելքն ու Արեւմուտքը եւ դարձնեն Ադրբեջանը ինքնուրոյն թուրքական պետութիւն»:

Կան մի շարք մտահոգիչ նմանութիւններ 1920 թ․ թուրքական փաստաթղթում արտայայտւած թշնամական մտադրութիւնների եւ այսօրւայ իրավիճակի միջեւ․

1․ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրւելիք «Խաղաղութեան պայմանագիրը» չի խանգարի նախագահ Ալիեւին իր բազմիցս յայտարարած մտադրութիւնն իրականացնելուց՝ ներխուժելու եւ գրաւելու ամբողջ Հայաստանի Հանրապետութիւնը, որը նա կոչում է «Արեւմտեան Ադրբեջան»։ Ալիեւի չարամիտ մտադրութեան լաւագոյն ապացոյցը նրա մշտական սպառնալիքներն են, որոնք պահանջում են Հայաստանից անվերջ զիջումներ։ Որքան Նիկոլ Փաշինեանը բաւարարում է Ալիեւի ցանկութիւնները, այնքան Ալիեւի պահանջներն աւելանալու են։

2․ Եթէ Փաշինեանն ընդունի Ալիեւի պահանջը՝ վերաբնակեցնել 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում, դա հաւանաբար կը նշանակի Հայաստանի Հանրապետութեան վերջը։ Ալիեւը կարող է ամենափոքր պատրւակն օգտագործել իր զօրքերը Հայաստան ուղարկելու համար՝ իբր իր հայրենակից ադրբեջանցիներին պաշտպանելու նպատակով։

3․ 1920 թւականի փաստաթղթում նշւած՝ «մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանի հետ կապող բոլոր ճանապարհները» յղումը նման է «միջանցքի» ներկայիս պահանջին, որն արտացոլում է Թուրքիայի դարաւոր ձգտումը դէպի «Թուրանի ճանապարհ»՝ կապելու Կենտրոնական Ասիայի թուրքական հանրապետութիւնները Թուրքիայի հետ։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button