Ատրպատական

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը այաթ. Խամենէի հանդիպմանը ներկայ գտնւեց Թաւրիզի պետական ղեկավարութեան հետ միասին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, փետրւարի 18-ի վաղ առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ` Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը միանալով Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետ այաթ. Ալէ Հաշեմին, Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ Մալեքէ Ռահմաթիին, Թաւրիզի քաղաքապետ Հուշեարին, կուսակալ Ֆաթեհին, մուսուլման բազմաթիւ կրօնականների, նահատակների ընտանիքների եւ վերապրողների, պետութեան կողմից տրամադրւած ինքնաթիռով մեկնեց մայրաքաղաք Թեհրան, մասնակցելու Իրանի իսլամական Յեղափոխութեան կրօնական առաջնորդ` Այաթ. Ալի Խամենէի ելոյթին: Սրբազան Հօրն ընկերակցեց Թեմական խորհրդի փոխատենապետ Ալէն Սայեադեանը:

Յեղափոխութեան 45-ամեակի ծիրում տեղի ունեցող սոյն հանդիպումը յիշատակելու համար էր յատկապէս 29 Բահմանի 1356 թւականը (18 փետրւարի 1977), երբ յեղափոխութեան նախապատրաստական խմորումներ էին տեղի ունեցել Թաւրիզում, որը հիմք էր ծառայել Իրանի Իսլամական Յեղափոխութեան:

Կրօնական առաջնորդի նստավայրում վաղ առաւօտեան սկսեց ծրագիրը, որի ընթացքում կուռ ճառով ելոյթ ունեցաւ Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետ այաթ. Ալէ Հաշեմը, Իսլամական հանրապետութեան հանդէպ հաւաքական հաւատարմութիւն յայտնելով ներկաների անունից:

Այաթ. Խամենէին ողջունելով բոլոր ներկաներին, առաջին հերթին արտայայտւեց թաւրիզեան շարժումի մասին, որը առաջինն էր եղել իբրեւ նախապատրաստութիւն մեծ յեղափոխութեան: Կրօնապետը այնուհետեւ թւեց յեղափոխութեան բերած բարիքները Իրանին ե՛ւ բժշկական, ե՛ւ արհեստների, ե՛ւ զինամթերքի բնագաւառում, որոնք երկրի անկախ լինելու երաշխիքն են: Նա իր պատգամում կարեւորութեամբ նշեց, որ իրանցի ժողովուրդը նախ ինքն իրեն լաւ պիտի ճանաչի, եւ երկրորդ՝ թշնամուն, որպէսզի երկիրը լինի խաղաղ, իսկ ժողովուրդը ապրի ազատ: Վերջապէս, նա անդրադառնալով մօտ ապագային խորհրդարանական ընտրութիւններին, շեշտեց, որ երկրի առաջադիմութեան կարեւոր գործօն է ընտրութիւններին ամբողջական մասնակցութիւն բերելը, որովհետեւ մասնակցութիւնը ինչքան հզօր լինի, այնքան աւելի կը տկարանայ թշնամին:

Ներկայ բազմութեան մէջ միակ քրիստոնեան լինելով, սոյն հանդիպման աւարտին Սրբազան Հայրը պատասխանեց թղթակիցների հարցերին: Խորհրդարանական ընտրութիւնների մասին նրանց տւած հարցերին պատասխանելով, Սրբազան Հայրը թուրքերէն լեզւով ասաց, որ Իսլամական խորհրդարանում իրանահայութիւնը ունի երկու պատգամաւորական աթոռներ՝ Թեհրանի եւ Հիւսիսային Իրանի, ինչպէս նաեւ Հարաւային Իրանի համար, իսկ ընտրութիւններին մասնակցութիւնը խիստ կարեւոր համարեց նա, շեշտելու համար Իրանում ապրող բոլոր կրօնների հետեւորդների եւ տարբեր ազգութիւնների պատկանող հաւաքականութեանց միասնականութիւնը: Առաջնորդ Սրբազանը իրանահայ համայնքի անունից երախտագիտութիւն յայտնեց այաթ. Խամենէին այն կրօնական ազատութեան համար, որը վայելում են հայ ժողովրդի զաւակները Իրանում: Եկեղեցական կեանքի բնականոն ընթացքը, մարդկային իրաւունքների համահաւասար պահպանումը եւ լիիրաւ քաղաքացու հանգամանքը իւրայատուկ համարեց Սրբազան Հայրը:

Յայտնենք, որ կրօնապետի ելոյթից յետոյ, նրա նստավայրում կէսօրւայ ճաշով հիւրասիրւեցին բոլոր ներկաները, գետնի գորգի վրայ սփռոցների առջեւ ծալլապատիկ նստած:

Նոյն գիշեր առաջնորդ Սրբազան Հայրը եւ Ալէն Սայեադեանը միեւնոյն ինքնաթիռով վերադարձան Թաւրիզ, եւ օդանաւակայանում ջերմօրէն դիմաւորւեցին Թեմական խորհրդի անդամներ, ատենապետ Գագիկ Ջորջեանի եւ Հենրիկ Աբրահամեանի, ինչպէս նաեւ ազգային առաջնորդարանի պաշտօնէութեան կողմից:

Related Articles

Back to top button