
«Թեհրան»-ի պետական համալսարանի մշակութային ու հասարակական հարցերի վարչութիւնը, «بنیاد حامیان» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էին՝ «Մէկ օր Թեհրանի համալսարանում» ծրագիրը, որի նպատակն էր, հնարաւորութիւն ընձեռնել Թեհրանի դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտներին ծանօթանալու համալսարանի կառոյցին, ֆակուլտետներին, հետազօտական կենտրոններին եւ այլնին։
Ուրբաթ, սեպտեմբերի 4-ին, Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհուրդը՝ հետեւելով վերոնշեալ ծրագրի յայտարարութեանը, կազմակերպեց թւով 14 աշակերտների այցելութիւնը համալսարան:
Կրթական խորհրդի կողմից այցելութեանը ներկայ էին՝ ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, ատենադպիր՝ Մելինդա Քարիմ Մասիհին եւ ԿԽ անդամ՝ Սերժ Եղիազարեանը, իսկ Թեհրանի հայկական «Թունեան-Թովմասեան», «Մարի Մանուկեան» եւ «Մարիամեան» դպրոցներից մասնակցեցին հետեւեալ աշակերտները՝ Փարելի Սիրիկեանը, Ադոնիս Մարկոսեանը, Մինելի Դանիէլեանը, Արքայազ Միկոյեանը, Փարելի Բախշին, Ռոմէլ Ներսիսեանը, Արփա Իսախանեանը, Ադրին Մարկոսեանը, Մինէ Քեշիշ Բանոսին, Նազելի Կարապետեանը, Անայիս Մարկոսեանը, Սէրլի Միրզախանեանը, Մելանի Բարխուրդարեանը եւ Էռլին Մալէքեանը:
Մէկ օր «Թեհրան»-ի պետական համալսարանում միջոցառումը տեղի ունեցաւ, երկու փուլով՝ առաջին փուլը նախատեսւած էր մաթեմատիկայի եւ արւեստի մասնագիտական ոլորտների դիմորդների համար, երկրորդ փուլը՝ անցկացւեց հումանիտար, փորձարարական գիտութիւնների եւ օտար լեզուների խմբերի համար։
«Թեհրան»-ի պետական համալսարանի մշակութային եւ հասարակական հարցերի փոխնախագահ՝ դոկտոր Ռուհոլլա Նոսրաթին, իր ողջոյնի խօսքում ողջունեց միջոցառման բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ այս նախաձեռնութիւնը իրականացւում է իններորդ շրջանի շրջանակում։ Նա շեշտեց նման հանդիպումների կարեւորութիւնը գիտական եւ մշակութային համագործակցութեան խթանման գործում։
Նա ներկայացրեց «Թեհրան»-ի պետական համալսարանը, որպէս Իրանի մայր համալսարան եւ բարձրագոյն կրթութեան խորհրդանիշ, կարեւորեց համալսարանի գիտահետազօտական, մշակութային եւ սոցիալական ներուժը։
Միջոցառման ընթացքում, մի խումբ անւանի դասախօսներ եւ համալսարանի շրջանաւարտներ հանդէս եկան ելոյթներով՝ կիսւելով իրենց փորձով ու ձեռքբերումներով։
Մասնակից աշակերտները, ուղեկցորդների հետ շրջեցին համալսարանի ֆակուլտետներում, հետազօտական կենտրոններում եւ մշակութային տարածքներում։ Այս այցելութիւնը աշակերտներին հնարաւորութիւն տւեց ծանօթանալու կրթական, լաբորատոր եւ համալսարանական միջավայրին ու աւելի պարզ պատկեր ստանալու իրենց ապագայ ուսման մասին։ Նման միջոցառումները, յատկապէս մասնագիտութեան ընտրութեան փուլում, կարեւոր դեր են խաղում աշակերտների գիտակցւած ուղղորդման եւ համալսարան ընդունւելու դրդապատճառ են հանդիսանում։
«Թեհրան»-ի պետական համալսարանը հիմնադրւել է 1934 թւականին։ Այն ձեւաւորւել է մի քանի ուսումնական հաստատութիւնների՝ «Դարուլֆոնուն»-ի, Քաղաքական գիտութիւնների դպրոցի եւ Բժշկական դպրոցի միաձուլման արդիւնքում։ Հեռանկարային գաղափարը ծագել էր դեռեւս Ղաջարների ժամանակաշրջանում՝ շնորհիւ Միրզա Թաղի Խան Ամիրքաբիրի ջանքերի, սակայն իրականութիւն դարձաւ միայն 1934 թւականին։ Սկսած հիմնադրումից՝ համալսարանը դարձել է Իրանի բարձրագոյն կրթութեան, գիտահետազօտութեան եւ նորարարութեան հիմնական կենտրոնը՝ կարեւոր դեր ունենալով երկրի գիտական եւ քաղաքական վերնախաւի ձեւաւորման մէջ։ Այսօր Թեհրանի համալսարանը, ունենալով աւելի քան 50.000 ուսանող տարբեր ոլորտներում եւ բազմաթիւ կրթական համալիրներ, համարւում է Մերձաւոր Արեւելքի ամենամեծ ուսումնական կենտրոններից մէկը։ Համալսարանը գործում է տարբեր ոլորտներում՝ հումանիտար գիտութիւններից մինչեւ ճշգրիտ գիտութիւններ ու ճարտարագիտութիւն։
Թեհրանի հայոց դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտները այցելեցին համալսարանի Կենտրոնական գրադարան եւ Արխիւային կենտրոն, Ճարտարագիտութեան (որպէս Իրանի ինժեներական կրթութեան հիմք), Բժշկական եւ Դեղագործական, Իրաւագիտութեան եւ Քաղաքական գիտութիւնների, ինչպէս նաեւ Արւեստի եւ Գրականութեան ֆակուլտետները։
Աշակերտները մեծ ոգեւորութեամբ եւ տպաւորութեամբ հեռացան համալսարանից իւրաքանչիւրն իր հետ տանելով համալսարանում ստացած տեղեկութիւնների, նոր հետաքրքրութիւնների եւ ներշնչման մի պատառիկ՝ ապագայ մասնագիտական ուղու ընտրութեան հարցում աւելի յստակ պատկերացում կազմելու համար:
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ