Դաշնակցական Բեմ

ԵՒՐՈԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՏՔԵՐՈՎ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

1. Եւրոմիութեան կառկառո՜ւն դէմքերն գագաթնաժողով անցկացնելու համար օրերս գտնւում էին քրիստոնէութեան բնօրրան՝ Հայաստանում, որն դեռեւս ոչ լիիրաւ անդամ է նոյն Եւրոմիութեան ընտանիքի։ Ինքնին տւեալ այցելութիւնն ու բարձր կարգի ժողովի կայացումն Հայաստանում, բնութագրելի է որպէս քաղաքական ուշագրաւ իրադարձութիւն։ Նաեւ ու մանաւանդ քաղաքական վարկի ապահովում է՝ հիւրընկալ երկրի իշխանութեան համար, յատկապէս, երբ այս վերջինն ուղիղ մէկ ամիս անց ամէն ջանք ի գործ է դնելու կայանալիք պարլամենտական ընտրութիւններով վերարտադրւելու համար…։ Այս առումով էլ, ահա, իրաւա-քաղաքական որոշ փորձագէտներ Հայաստանում կայացած գագաթնաժողովը համարում են որպէս ցուցադրական աջակցութիւն՝ գործող իշխանութիւններին…։

2. Ուշագրաւ էր նաեւ ժողովում քննարկւած օրակարգային հիմնական նիւթերը՝ ռուս-ուկրաինական եւ ԱՄՆ-Իսրայէլ հակաիրան պատերազմների վերաբերեալ…։ Անկախ նրանից, թէ ինչե՜ր են քննարկել Եւրոմիութեան ներկայացուցիչները, պէտք է ասել,որ դա եւս բնութագրելի է որպէս ցուցադրական-քարոզչական քայլ, որովհետեւ նոյնինքն ԵՄ-ում տարակարծիք են Ուկրաինային զինական օգնութիւնների ծաւալի եւ մինչեւիսկ շարունակման հարցում, իսկ Իրանի դէպքում ԵՄ-ն ու եւրոպական առանձին երկրներ առհասարակ խաղից դուրս վիճակում են յայտնւել, չասելու համար հեղինակազուրկ՝ միջին ու մերձաւորարեւելեան երկրների ինչպէսեւ՝ միջազգային ուժային տարբեր կենտրոնների կողմից։

3. Գագաթնաժողովի մասնակիցների ֆորմատը անզէն աչքի առջեւ իսկ ուրւագծում է դրա այսպէս, թէ այնպէս հակառուսական բնոյթի եւ ուղղւածութեան պատկերը։ Անշուշտ, Կրեմլի տեսադաշտից չեն վրիպելու հայաստանեան գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի, Զելենսկիի եւ յատկապէս Մե՜ծ Բրիտանիայի ակտիւութիւնները, որոնք ըստ ամենայնի հակառուսական կեցւածքներով են բնորոշւում։

4. Ի դէպ՝ Զելենսկիից բացի, ներկայ էր նաեւ եւրոպական յանձնաժողովի ղեկավար տկն. ֆոնդերլայէնը, որն բուն դերակատարն է հանդիսանում Բաքւից դէպի Եւրոպա ձգւող նաւթագազային խողովակների գործարկմանը։ Իսկ տւեալ գործարքը սոյն տիկինը կնքեց հայատեաց Ալիեւի հետ Բաքւում, 2023-ի սեպտեմբերին, Արցախի դէմ ցեղասպանական, էթնիկ զտման եւ բռնագաղթի գործողութիւններից անմիջապէս յետոյ, նոյն խաղաղասէ՜ր ու ժողովրդավա՜ր Եւրոմիութեան սառն ու անտարբեր հայեացքների ներքոյ։ Պարոն Զելենսկին, սակայն, հանդիսացաւ առաջինը, ով անզուսպ հրճւանքով շնորհաւորեց հայասպան Ալիեւին, արցախեան պատերազմում մեծ յաղթանակ արձանագրելու համար. իսկ մինչայդ, նոյն Ուկրաինան իր բարեկամ Ադրբեջանին մատակարարում էր տարատեսակ անօդաչուներով՝ ընդդէմ հայ զինւորների…։

5. Ինչեւէ, գագաթնաժողովի օրերին Երեւանում տեղի ունեցան բողոքի տարբեր ակցիաներ, թէ՛ երեւանաբնակ արցախցիների, եւ թէ՛ հասարակա-քաղաքական տարբեր խաւերի ներկայացուցիչների մասնակցութեամբ։ Նրանք Եւրոմիութեան ղեկավարներից պահանջում էին գործնական քայլեր՝ ինչպէս Բաքւում անօրինաբար բանտարկւած Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարութեան ազատ արձակման, այնպէս էլ՝ Հայաստանի ներկայ իշխանութիւնների հակաժողովրդավարական ահագնացող քայլերն աչքաթող չանելու ուղղութեամբ։

6. Թէ ինչքանո՜վ կընդառաջւեն վերոգրեալ պահանջները քաղաքակի՜րթ ու ժողովրդավա՜ր եւրոպացիների կողմից, ցոյց կը տայ դարձեալ ժամանակը, որն բազմիցս է ապացուցել պատմական հին թէ՛ ժամանակակից հանգրւաններում, երբ բախտորոշ պահերի դէմ-յանդիման են կանգնել նոյ՛նինքն քրիստոնէութեան օրրան՝ Հայաստան երկիրն ու Հայոց հինաւուրց ժողովուրդը…։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button