Արա Շահվերդեանը, Թեմակալ առաջնորդը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները մասնակցել են Թաւրիզում կազմակերպւած Բահմանի 22-ի երթին
![](/wp-content/uploads/2025/02/650-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Ատրպատական այցելած Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 46-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում մասնակցել է Ուրմիայում եւ Թաւրիզում կազմակերպւած ծրագրերին եւ Բահմանի 22-ի համաժողովրդական երթին:
Փետրւարի 8-ի երեկոյեան՝ Ուրմիայում, պատգամաւորը, Իսլ. խորհրարանում ասորիների եւ քաղդէական համայնքի պատգամաւոր Շարլի Էնւիէ Թեքիէն, Ուրմիայի կուսակալը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթչեանը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները մասնակցել են Յեղափոխութեան յաղթանակի առիթով կազմակերպւած միջոցառմանը, որին ելոյթով հանդէս են եկել «Մասիհա» դպրոցի եւ «Նայիրի» մանկապարտէզի աշակերտները: Միջոցառման կազմակերպմանը մասնակցել են նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ»-ի մասնաճիւղի ներկայացուցիչները:
Կիրակի՝ փետրւարի 9-ին, Թաւրիզում, թեմի առաջնորդի եւ Թաւրիզի կուսակալի, նահանգապետի քաղաքական հարցերով տեղակալի եւ պետական այլ պաշտօնատարների ներկայութեամբ կայացել է միջոցառում, նախաձեռնութեամբ Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի: Կիրակի առաւօտեան՝ Արա Շահվերդեանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները մասնակցել են Բահմանի 22-ի երթին:
Նշենք նաեւ որ Թաւրիզում եւ Ուրմիայում պատգամաւորը հանդիպումներ է ունեցել տեղի ազգային իշխանութեան ու մարմինների ներկայացուցիչների հետ: