«Կազատենք երկիրը Ալիեւի փչած փուչիկից»
Սամուէլ Կարապետեանը՝ իր աջակիցներին

Հայ ժողովուրդն իր էութեամբ պարտւած չէ, իսկ նրան պարտադրւած պարտութիւնն անձանց մի նեղ խմբակի գործողութիւնների արդիւնքն է, որոնք պէտք է պատասխան տան օրէնքի եւ ազգի առջեւ։ Այդ մասին յայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան վարչապետի թեկնածու Սամուէլ Կարապետեանը՝ դիմելով կուսակցութեան այն կողմնակիցներին, որոնք Երեւանի Յաղթանակի զբօսայգուց երթով եկել էին նրա առանձնատան մօտ։
Նա ընդգծել է, որ առաջիկայ ընտրութիւնները կը դառնան ճշմարտութեան պահը, երբ քաղաքացիները կը կարողանան վերջնականապէս թօթափել վախի շղթաները եւ երկրին վերադարձնել վերջին ութ տարիների ընթացքում կորսւած արժանապատւութիւնը։
Իր ելոյթում քաղաքական գործիչը ծայրայեղ խիստ քննադատութեան է ենթարկել գործող ղեկավարութեանը՝ կառավարութեան ղեկավարին անւանելով «Ալիեւի նահանգապետ», որը հետեւողականօրէն յանձնել է հողերը եւ խայտառակել Հայաստանը համաշխարհային հանրութեան առջեւ։ Կարապետեանը նշել է, որ իր կառավարման ընթացքում ներկայ իշխանութիւնը միայն «կերակրել է ժողովրդին խոստումներով ու ստով»՝ արտաքին թշնամիների ձեռքում վերածւելով գործիքի։
«Միայն մեր ուժն է ի վիճակի այդ «նահանգապետին» ծնկի բերել հայ ժողովրդի առջեւ եւ պայթեցնել այն փուչիկը, որը փչել է Ալիեւը»,- հաւաքւածների ծափահարութիւնների ներքոյ յայտարարել է վարչապետի թեկնածուն։
Սամուէլ Կարապետեանը հասարակութեան, Արցախի եւ Սփիւռքի լայնածաւալ մոբիլիզացիայի կոչ է արել՝ յանուն ազգային ինքնութեան փրկութեան եւ հոգեւոր արժէքների պաշտպանութեան։ Նա շեշտել է, որ իր թիմի առանցքային խնդիրներից մէկը լինելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանութիւնը իշխանութիւնների նախաձեռնած յարձակումներից եւ վարկաբեկումից։
«Այս պայքարում խնդրում եմ ձեզ ինձ մենակ չթողնել. մենք միասին պարտաւոր ենք յաղթահարել աղքատութիւնը, բարեկեցութիւն բերել իւրաքանչիւր ընտանիքի եւ ամբողջ աշխարհին ցոյց տալ, որ հայ ժողովուրդը կոտրւած ու վախեցած չէ»,- նշել է նա՝ կողմնակիցներին կոչ անելով օգտագործել մնացած մէկ ամիսը՝ «արթնացնելու» իւրաքանչիւր հայրենակցի։
Եզրափակելով իր խօսքը՝ քաղաքական գործիչը վստահութիւն է յայտնել քւէաթերթիկում երրորդ համարի ներքոյ հանդէս եկող «Ուժեղ Հայաստանի» անխուսափելի յաղթանակի վերաբերեալ։ Նա ընդգծել է, որ փոփոխութիւնների ժամանակն արդէն եկել է, եւ գալիք քւէարկութիւնը կը նշանաւորի պարտութիւնների դարաշրջանի աւարտը։
«Մենք միասին գնում ենք դէպի մեր յաղթական քայլերթը. մենք այլեւս երբեք թոյլ չենք լինի, եւ միասին կը կառուցենք այն Հայաստանը, որով հպարտանալու ենք»,- ամփոփել է Սամուէլ Կարապետեանը՝ կողմնակիցներին կոչ անելով վճռական գործողութիւնների դիմել առաջիկայ շաբաթների ընթացքում։



