Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանութիւնների կոկորդում

Առնւազն 1967 թւականից այս կողմ, երբ Խորհրդային Հայաստանի ղեկավարները մասնակցեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի բացմանը, առաւել եւս՝ ՀՀ անկախ պետականութեան վերականգնումից ի վեր, միշտ սպասել ենք, թէ որ երկիրը կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, թէ որ երկրի ղեկավարը կարտաբերի Ցեղասպանութիւն բառը:

Բայց երբեք ոչ մի նորմալ հայ մարդու մտքով չէր անցնի, որ մի օր կը գայ, երբ սպասելու ենք, թէ Հայաստանի ղեկավար համարւողն Ապրիլի 24-ի իր ուղերձում կասի՞ Ցեղասպանութիւն բառը… Ասաց: Նոյնիսկ գնաց Ծիծեռնակաբերդ, բայց աննախադէպ ձեւով՝ «Ժողովրդից խռովի» վիճակում, առաւօտ կանուխ, զուտ իր ՔՊ-ականներով, մեծաքանակ ոստիկաններով «ապահովագրւած»: Հա, նոյնիսկ «ուղերձ» յղեց:

Բայց խնդիրը այդ «հերթապահ» գործողութիւնները չեն անգամ: Խնդիրն այն է, որ սպասելի էր համարւում չասելը, չգնալը: Խնդիրն այն է, թէ Փաշինեանն ու նրա ՔՊ-ականները ինչքան էին վախեցած, ինչքան էին իրար խառնւել, ինչ կարգի էին շփոթահար ու սարսափած, օրինակ՝ «Ջահերով երթից», որին մասնակցել է մօտ 20 հազար մարդ, որոնք անմեղ զոհերի յիշատակը յարգելուց զատ իրենց բողոքն ու անհամաձայնութիւնն էին արտայայտում Ցեղասպանութիւնն ուրանալու, մոռացութեան մատնելու դիրքորոշման առնչութեամբ: Աւելին, որքան էին նեղւած թուրքական եւ ադրբեջանական դրօշներն այրելուց…

Ընդհանրապէս, Ջահերով երթն անցկացւում է արդէն 26-րդ տարին անընդմէջ. այն կազմակերպւում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից, մասնակցում են նաեւ այլ քաղաքական ուժեր՝ իրենց համերաշխութիւնը յայտնելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին, յարգելով Օսմանեան կայսրութիւնում 1.5 միլիոն ցեղասպանւած հայերի յիշատակը։

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանութիւններն աջակցել են երթին, հազարաւոր մարդիկ մասնակցել են Ջահերով երթին, այրել Թուրքիայի եւ Ադրբեջանի դրօշը, եւ այդ ամէնը դարձել է ոգեկոչման կարեւորագոյն մի արարողութիւն, որն այլեւս աւանդոյթ է, ընդորում՝ չափազանց գեղեցիկ աւանդոյթ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը, թշնամիներով շրջապատւած լինելով՝ արարելու, ստեղծելու իրաւունքը։

Մի քանի տարի շարունակ արդէն Հայաստանի գործող իշխանութիւնները՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, իշխանական քարոզչամեքենայի եւ յարակից սատելիտ- «փորձագէտների» ծառայութիւններից օգտւելով, փորձում են արժէզրկել Ջահերով երթը, ներկայացնել այն՝ որպէս ինչ-որ հակաքաղաքակրթական գործողութիւն։ Իսկ այս տարի փաշինեանական իշխանութիւնը այնքան է չափերն անցել, որ Նիկոլ Փաշինեանը նոյնիսկ դատապարտել է Ջահերով երթն ու Թուրքիայի եւ Ադրբեջանի դրօշների այրումը: Այս տարի մէկ այլ խորհրդանիշ էլ էր ընտրւած՝ Արարատի պատմական խորհրդանիշը։ Ցեղասպանութեան ճանաչումն ու Արարատի պատմական խորհրդանիշի պահպանումը այսօր Հայաստանում վտանգւած են, գործող իշխանութիւնները, կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, փորձում են մոռացութեան մատնել Ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ Սուրբ Լեռը, եւ հէնց դրա դէմ էլ ուղղւած էր Ջահերով երթը։

Վերադառնալով Ջահերով երթի հանդէպ իշխանութիւնների վերաբերմունքին՝ կրկնենք, փաշինեանական ողջ իշխանութեան ու նրանց սատելիտների արձագանգը ապացուցեց իրենց բոլոր վախերը։ Հնարաւոր ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու, ինչպէս նաեւ իրենց աւելի անվտանգ զգալու համար փաշինեանական իշխանութիւնը գրեթէ հազարից աւելի ոստիկանների էր կենտրոնացրել ամբողջ ճանապարհին՝ վերահսկելու երթը, թոյլ չտալու այն քաղաքական ակցիայի վերածելու հնարաւորութիւնը։ Ոստիկանապետ Արամ Յովհաննիսեանն անձամբ էր վերահսկում Ջահերով երթը, եւ լրագրողների հետ զրոյցում պատասխանելով հարցին, թէ ինչու է եկել, ասել էր. «Կազմակերպում ենք հասարակական կարգի պահպանութիւն, յուսով ենք՝ ոչ մի արտառոց բան չի լինի»։ Հարցին, թէ որպէս «քաղաքացի» մասնակցելո՞ւ է պահանջատիրական երթին, Յովհաննիսեանը տիպիկ «նիկոլական» պատասխան էր տւել. «Խնդրում եմ՝ նման հարցեր մի տւէք ինձ։ Իհարկէ, քաղաքացի եմ, պատւաւոր քաղաքացի են բոլոր ոստիկանները»։ Բայց այդպէս էլ չէր նշել, թէ արդեօ՞ք որպէս քաղաքացի եւ պահանջատէր է մասնակցելու Ջահերով երթին։ Երթի մասնակիցներին մի պահ թւացել էր, որ ոստիկաններն աւելի շատ են, քան բուն երթին մասնակցողները։ Նման քայլերով գործող իշխանութիւնը մէկ անգամ եւս ցուցադրեց սեփական վախերը սեփական հանրութիւնից. հայ ժողովուրդը, ի տարբերութիւն Փաշինեանի եւ նրա թիմի, ինչպէս նաեւ Ցեղասպանութիւնը ուրանալու հարցում Փաշինեանին աջակցող հանրային որոշակի զանգւածի, թէ՛ Հայաստանում եւ թէ՛ Սփիւռքում հրաշալի գիտի, թէ ով ով է եւ ով ինչպէս է ուրանում Ցեղասպանութիւնը։ Դրա մասին է վկայում նաեւ այն, որ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում։ Օրինակ՝ Իրանում ՀՀ դեսպանութեան աշխատակազմին թոյլ չեն տւել մօտենալ Ցեղասպանութեան զոհերի յիշատակի յուշահամալիրին, վանկարկել են «Նիկոլ դաւաճան»։

Փաշինեանը, թերեւս, դէմ չէ, որ իրեն դաւաճան ասեն, միայն թէ կարողանայ պահպանել իշխանութիւնը, բայց նրա վախէրն արդէն իսկ մատնում են, որ գործող իշխանութիւնը զգում է իր վերջը։

«Փաստ»

Related Articles

Back to top button