Քոչարեանին նոյնիսկ չսիրողները ենթագիտակցաբար յարգում են եւ ընդունում որպէս ուժեղ ու կամային առաջնորդ
Յոխիկեանը խօսել է ընդդիմադիր առաջատար եռեակի մասին

Հասարակական–քաղաքական գործիչ Նայիրի Յոխիկեանը գրում է.
«Նախընտրական քարոզարշաւը պաշտօնապէս մեկնարկել է, եւ յունիսի 7-ին ընդառաջ 19 քաղաքական ուժեր փորձում են ստանալ ընտրողների վստահութիւնը։
Իմ կարծիքով, խորհրդարան մտնելու իրական հնարաւորութիւն ունի 4-5-ը, իսկ մնացած 14-15-ը ձայներ անիմաստ փոշիացնող են։
Ընդդիմադիր հիմնական ուժերից Գագիկ Ծառուկեանը դրական կերպար է։ Մարդիկ լաւ են տրամադրւած նրա նկատմամբ։ Տարիներ առաջ մի քանի անգամ շփւել եմ Ծառուկեանի հետ, գիտեմ նրա թիմակիցներից շատերին։ Գագիկ Ծառուկեանի ամենամեծ առաւելութիւնը, իմ կարծիքով, աւանդական արժէքների նկատմամբ նրա հաւատարմութիւնն է։ Կարծում եմ, Ծառուկեանի «Բարգաւաճ Հայաստանը» կը լինի ընդդիմադիր լաւագոյն եռեակում։
Սամուէլ Կարապետեանը եւս բարի համբաւ ունի։ Բայց ի տարբերութիւն Ծառուկեանի, Կարապետեանը չունի քաղաքական փորձառութիւն։ Չնայած դրան, թերեւս, հէնց Սամուէլ Կարապետեանն է ժողովրդի կողմից ամենաշատ սիրւած գործիչը։ Կարապետեանի հետ ծանօթ չեմ, բայց կարծում եմ, որ նրա քաղաքական ստաժի բացակայութեան շնորհիւ է, որ մարդիկ ընդունում ու վստահում են, գումարած նրա տարիների լուռ բարեգործութիւնները եւ եկեղեցու աջակցութիւնը։ Գրեթէ չեմ կասկածում, որ Սամուէլ Կարապետեանն ամենաշատ ձայները կը ստանայ ընդդիմութեան մէջ։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարեանին, ապա նա ստեղծել է գաղափարական ուժեղ եւ ամուր թիմ, որի առանցքում Դաշնակցութիւնն է։ Քոչարեանին գուցէ շատերը չեն սիրում տարիների հակաքարոզչութեան հետեւանքով, բայց նոյնիսկ չսիրողները ենթագիտակցաբար յարգում են եւ ընդունում որպէս ուժեղ ու կամային առաջնորդ։ Գիտեմ, որ Քոչարեանից շատերը նաեւ վախենում են։ Դա երբեմն վատ է, բայց երբեմն նաեւ լաւ։ Մի քանի անգամ զրուցել եմ Քոչարեանի հետ եւ դրականօրէն տպաւորւած եմ նրա համեստութիւնից ու մարդկային արժէհամակարգից, ինչը հեռուստաէկրանից տեսնել հնարաւոր չէ։ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դաշինքի կողմնակիցները թէպէտ ամենաշատը չեն ընտրողների մէջ, բայց ամենահաւատարիմն են եւ Քոչարեանի յետեւից գնում են ոչ թէ յոյզերի, զգացմունքների, այլ երկրի լաւ կառավարման սառը հաշւարկների, վերլուծութեան շնորհիւ։
Բոլոր դէպքերում այս երեք ուժերը ստիպւած են լինելու որեւէ պահի միաւորել հնարաւորութիւնները՝ Նիկոլի հրէշին յաղթելու համար։
Քարոզարշաւի լարւած մէկամսեակը սկսւած է»։



