ՀՅԴ-ն թիրախաւորւած է. ձերբակալել են ՀՅԴ Վայոց Ձորի կառոյցի ղեկավար կազմին
«ԱԼԻՔ» – Յունիսի 14-ի առաւօտեան իրաւապահները մտել են ՀՅԴ Վայոց Ձորի մարզային գրասենեակներ. բերման են ենթարկել եւ ձերբակալել մարզային կառոյցի շուրջ մէկ տասնեակի հասնող անդամների, ինչպէս նաեւ խուզարկութիւններ են իրականացւել գրասենեակներում։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը հրատապ ասուլիսով մանրամասներ է ներկայացրել իրավիճակից.
«Փորձում են ինչ-որ մեծ գործ կարեն եւ ինչ-որ մարդկանց փորձել տանել ձերբակալման»,- ասել է Իշխան Սաղաթէլեանը:
«Այդ ձայնագրութիւնները խուժանութեան մասին են, նախ այդ ձայնագրութեան հաւաստիութիւնը, ես չեմ հասկանում` ԱԱԾ-ն ու ոստիկանութիւնը «Սիւիկ»-ի մօտ են աշխատո՞ւմ, ուղարկում, ձայնագրում, յետոյ գո՞րծ են յարուցում: Ուզում եմ հասկանամ` ով է ում մօտ աշխատում, սա ուղղակի խուժանութիւն է, սրա նպատակն այն է, որ մեզ մի քանի ժամով շեղեն մեր բուն գործից»,-ասել է Իշխան Աաղաթէլեանը:
Նա նաեւ յաւելել է, որ ժողովրդավարութիւնից, Մարդու իրաւունքներից, խօսքի ազատութիւնից խօսող կառոյցները լռութիւն են պահպանում, ինչը, ըստ Իշխան Սաղաթէլեանի խօսում է նրանց երկդիմի լինելու մասին:
«Ընդամէնն արձանագրէք, որ սրանք երկդիմի, այդ արժէքների հետ առնչութիւն չունեցող երեսպաշտ ինչ-որ անհատներ ու կազմակերպութիւններ են, որոնք որեւէ կերպ չեն արձագանգել ո՛չ երկու օր առաջ տեղի ունեցած ոստիկանութեան բռնութիւններին, ո՛չ էլ դրանից առաջ»,- յստակեցրել է նա:
Իշխան Սաղաթէլեանի խօսքով՝ ՀՅԴ-ի դէմ իրականացող այս գործողութիւնները Բագրատ Սրբազանի գլխաւորած շարժման դէմ իրաւապահների գործողութիւնների մի օղակ է:
«Երէկ համացանցում տարածւել է ինչ-որ ձայնագրութիւն, պարզ չի ում կողմից, որի արդիւնքում քննչական մարմինները յարուցել են քրէական գործ եւ այսօր առաւօտից խուզարկութիւններ են սկսւել ՀՅԴ Վայքի եւ Եղեգնաձորի գրասենեակներում, եւ Վայոց Ձորի մեր անդամներին՝ շուրջ 10 հոգի, ձերբակալել են: Կարող եմ ասել՝ մարդկանց առեւանգել են, գտնւելու վայրերը շատ մեծ դժւարութեամբ ենք կարողանում իմանալ, փաստաբաններն էլ չեն կարողանում իմանալ, իրենց կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թէ ում հետ գործ ունեն: Նոյնիսկ մեզ տեղեկութիւն չեն տրամադրում, թէ առեւանգւած մեր ընկերները որ բաժիններում են գտնւում»,-ասաց Իշխան Սաղաթէլեանը՝ յաւելելով. «Մեր պատգամաւորները այս պահին գտնւում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, անընդհատ խոչընդոտներ են ստեղծում թէ՛ պատգամաւորների, թէ՛ փաստաբանների համար:
Ակնյայտ է, որ կուսակցութիւնն ամբողջութեամբ թիրախաւորւած է, եւ իրենց կարճ խելքով փորձում են այս նպատակով, կեղծ գործերով ճնշումներ գործադրել, թիրախաւորել, բայց Դաշնակցութեան պարագայում դա չի ազդում, սա ո՛չ վերջինն է, ո՛չ առաջինը»:
«Վստահ եմ, որ Բագրատ Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողութիւնը կանի, ու արդէն արել է, մնացել է քաղաքական թաղումը։ Շարժումը փաստել է, նախ՝ հայ ժողովուրդը երկիրը յանձնելու՝ Նիկոլի հերթական օրակարգին դէմ է եւ հաշտ չէ, երկրորդը՝ փաստել է, որ Նիկոլն այլեւս չունի լեգիտիմութիւն եւ մեր ժողովրդի հետ կապ չունի, եւ երրորդը՝ փաստել է, որ այս մարդն իր իշխանութիւնը պահելու համար պատրաստ է նոր արիւն թափել , նոր բռնութիւնների գնալ, բայց նաեւ արձանագրել է, որ ժողովուրդը, նոյնիսկ, կրակոցից ետ չի գնում»,- ասել է Իշխան Սաղաթէլեանը՝ պատասխանելով հարցին, ըստ որի՝ իշխանութիւնները համարում են, որ Բագրատ Սրբազանի գլխաւորած շարժումը հոգեվարքի մէջ է եւ մարում է։
«Մէկ ժամւայ մէջ 30 պայթուցիկ են օգտագործել, բայց ժողովուրդը միայն աւելացել է, սա ուղիղ ուղերձ է այս իշխանութիւններին»,-նշել է Իշխան Սաղաթէլեանը՝ յաւելելով. «Ինքը փրկութեան ճանապարհ չունի, որովհետեւ հակահայ է»։