ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին՝ Գուտերէշի հետ հեռախօսազրոյցում. «Ամերիկացիների պահւածքն անվստահութիւն է առաջացնում դիւանագիտութեան ուղին առաջ տանելու նրանց լրջութեան նկատմամբ»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ մայիսի 2-ին, հեռախօսազրոյց է ունեցել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշի հետ, որի ընթացքում իր զրուցակցին տեղեկացրել է Իրան-ԱՄՆ միջնորդաւորւած բանակցութիւնների յաջորդ փուլը ծրագրաւորելու Օմանի նախապատրաստութեան մասին:

Ընդգծելով դիւանագիտական միջոցներով Իրանի խաղաղասիրական բնոյթի միջուկային ծրագրի շուրջ ստեղծւած արհեստածին խնդրի կարգաւորման ուղղւած Իրանի պատասխանատու մօտեցումը, Արաղչին շեշտել է, որ դիւանագիտական միջոցներով խնդրի կարգաւորումը ենթադրում է միւս կողմի վճռակամ եւ իրատեսական մօտեցում:

«Որպէս Միջուկային զէնքի չտարածման պայամանգրի անդամ, Իրանը հաւատարիմ մնալով իր ստանձնած պարտաւորութիւններին, պնդում է, որ Իրանի ժողովուրդը պէտք է օգտւի խաղաղասիրական նպատակներով միջուկային էներգիայից, ինչ պահանջում է ուրանի հարստացում»,- ասել է նա:

Անդրադառնալով անցեալի դառը փորձին եւ միւս կողմերի՝ իրենց պարտաւորութիւնները չկատարելուն, ԱԳ նախարարը նշել է, որ հաւասարակշռւած, արդար եւ կայուն փոխըմբռնման հասնելու համար կողմերից պահանջւում է զերծ մնալ անօրինական եւ բանակցային օրակարգին հակասող հարցեր բարձրացնելուց, ինչպէս նաեւ երաշխիքների ներկայացումը՝ Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցների արդինաւէտ չեղարկման պարտաւորութիւնների կատարման եւ տնտեսական օգուտների ապահովման վերաբերեալ:

«Իրանի ժողովրդի դէմ շարունակւող պատժամիջոցների եւ սպառնալիքների ֆոնին, ամերիկացի պաշտօնեաների հակասական վարքագիծն ու յայտարարութիւնները, ուժեղացրել են անվստահութիւնն ու կասկածը դիւանագիտութեան ուղին առաջ տանելու ԱՄՆ լրջութեան նկատմամբ»,- յստակեցրել է Արաղչին:

Նա նաեւ մատնանշել է անցած տարւայ ընթացքում եւրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ բանակցութիւնների մի քանի փուլի անցկացումը՝ ընդգծելով եւրոպական կողմերի հետ բանակցութիւնները շարունակելու Իրանի պատրաստակամութիւնը, եւ յոյս է յայտնել, որ այս երեք երկրները կառուցողական մօտեցում կորդեգրեն առկայ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար։

Անտոնիօ Գուտերէշն էլ իր հերթին բարձր է գնահատել Իրանի ԱԳ նախարարի նորարար մօտեցումը Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցութիւնների հետ կապւած զարգացումների ներկայացման հարցում՝ ընդգծելով այս գործընթացի շարունակականութեան կարեւորութիւնը՝ մինչեւ արդիւնքի հասնելը:

Related Articles

Back to top button