Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սուրէն Մանուկեան. «Միրզոյեանը, աշխատելով Ցեղասպանութեան թանգարանում, այնքան էլ լաւ չի ըմբռնել ցեղասպանութիւն եզրոյթի էութիւնը»

«ԱԼԻՔ» – Ինչո՞ւ է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի երբեմնի գիտաշխատող, մասնագիտութեամբ պատմաբան արտգործնախարարը յայտարարում, թէ Հայոց Ցեղասպանութիւնն ուսումնասիրելը Արտգործնախարարութեան օրակարգը չէ, եւ որ Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը Հայաստանի թիւ մէկ առաջնահերթութիւնը չէ։

«Ցաւօք սրտի, աշխատելով թանգարանում, այդքան էլ լաւ չի ըմբռնել ցեղասպանութիւն եզրոյթի էութիւնը»,- «Ազատութեան» հետ զրոյցում ասել է ցեղասպանագէտ Սուրէն Մանուկեանը:

Այն, որ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումն այլեւս Հայաստանի թիւ մէկ առաջնահերթութիւններից չէ, արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յայտարարեց անցեալ շաբաթ խորհրդարանում:

«Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարց օրակարգի վրայ Արտգործնախարարութեան գոյութիւն ունի՞, թէ՞ ոչ»,- ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան դաշնակցական պատգամաւոր Արմէն Ռուստամեանի այս հարցին Արարատ Միրզոյեանը պատասխանեց. – «Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման շուրջ, ինչպէս կարող էք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթութիւնները թւարկելիս առանձին դրան չանդրադարձայ, դա մեր թիւ մէկ առաջնահերթութիւնը չի, եւ պատմութեան անցքերը ողբերգական, Հայոց Ցեղասպանութիւնը ուսումնասիրելը կամ այդ մասին, դա թիւ մէկ առաջնահերթութիւն դարձնելը անշուշտ Արտաքին գործերի նախարարութեան օրակարգը չի»:

Ցեղասպանագէտ Սուրէն Մանուկեանը զարմացել է արտգործնախարարի այս յայտարարութիւնից: Նա ընդգծում է՝ նախ երբեւէ Հայոց Ցեղասպանութիւնը նախարարութեան ուսումնասիրութեան հարցը չի եղել. նախարարութիւնները ոչ թէ գիտական ուսումնաիրութիւններ են անում, այլ օգտւում են արդէն իսկ առկայ հետազօտութիւններից եւ դրանք կիրառում Հայաստանի քաղաքականութիւնը տարբեր ոլորտներում առաջ տանելու համար:

«Իսկ Հայոց Ցեղասպանութեան միջագային ճանաչումը Հայաստանի առաջնահերթութիւններից մէկն է, ընդհանրապէս մեր պետութեան հիմնադիր փաստաթղթերի մէջ ամրագրւած երեւոյթ է, եղելութիւն է: Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագրով Հայաստանի Հանրապետութիւնը յանձն է առնում շարունակել եւ աջակցել, նպաստել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին։ Այն յայտարարութիւնը, որ անում է Արարատ Միրզոյեանը, հակասում է մեր Անվտանգութեան հայեցակարգին, եւ Կառավարութեան ծրագրին, որով ընտրւել է իրենց կուսակցութիւնը»,- ընդգծել է ցեղասպանագէտը:

Սուրէն Մանուկեանը հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ է այդ դէպքում արտգործնախարարը դէմ գնում Հայաստանի հիմնարար փաստաթղթերին. – «Ուրեմն պէտք է լինէր կա՛մ ուժեղ արտաքին ճնշում դրսից, կա՛մ Թուրքիայի կողմից ճնշում, խոստում, չգիտեմ… մի փոքրիկ զիջում է, որ դրա դիմաց ինչ-որ չափով գոնէ ճանապարհը բացւի, ես չեմ հաւատում, որ ամբողջութեամբ կը բացւի, բայց գոնէ Թուրքիան կատարի այն խոստումը, որ ժամանակին, սրանից երկու տարի առաջ յայտարարել է, չէ՞, գոնէ երրորդ երկրի քաղաքացիների համար մուտքը թոյլատրւի»։

«Ի վերջոյ, այս իշխանութիւնները պատրաստւում են ընտրութիւնների: Յաջորդ ընտրութիւններից առաջ իրենց ընտրողներին պէտք է գոնէ որոշակի ինչ-որ արտաքին քաղաքական յաջողութիւններ, չէ՞, ցոյց տան: Վերջին հաշւով, որ նայում եմ, բոլոր նախանշած կէտերում տանուլ են տւել՝ Արցախի հարցը տապալել են, Արցախը հայաթափւել է, Թուրքիայի հետ սահմանը չեն բացել, թէեւ խոստացել են, ու դա էլ նախընտրական խոստումներում եղել է: Ի վերջոյ, իրենց, ըստ երեւոյթին, պէտք է ինչ-որ գոնէ մի փոքրիկ արտաքին քաղաքական յաջողութիւն, որը յետոյ կարողանան ցոյց տան իրենց ընտրողներին»,- ասել է ցեղասպանագէտը:

Թէ ինչ նպատակով է արտգործնախարար Արարատ Միրզոյեանը շեշտում, որ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը Հայաստանի թիւ մէկ առաջնահերթութիւնը չէ, հարցի մի կողմն է։ Ցեղասպանագէտին մտահոգում է մէկ այլ հանգամանք՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, ըստ նրա՝ երկար տարիներ զսպել է Թուրքիայի ագրեսիւ գործողութիւնները Հայաստանի նկատմամբ.  «Հայաստանի համար մի տեսակ, այսպէս, անվտանգութեան բարձիկ էր ապահովում Թուրքիայի հետ յարաբերութիւններում: Եթէ մենք դա հանում ենք ընդհանրապէս այս քննարկումներից, ապա Թուրքիան ընդհանրապէս, այլ, այսպէս, զսպող միջոցներ Թուրքիայի նկատմամբ մենք չունենք: Եւ այդ պարագայում է, որ Թուրքիան միշտ կարեւոր է համարել այդ թեման միջազգային քննարկումներից հանելը»:

Մանուկեանը շեշտել է՝ ցեղասպանութիւնը պարզապէս պատմական դէպք չէ, քաղաքական յանցագործութիւն է եւ պահանջում է նաեւ քաղաքական գնահատական ու իրաւական հետեւանք։ Եւ այս առումով պատահական չէ, որ Թուրքիան փորձում է հարցը տանել պատմաբանների տիրոյթ՝ պնդելով, թէ այն չպէտք է խառնել քաղաքականութեան հետ։

«Մենք տեսնում ենք, որ Թուրքիան տարիներ շարունակ միշտ փորձել է այդ դաշտը տեղափոխել այն դաշտ, որը, ցաւօք սրտի, մենք այսօր լսում ենք մեր պաշտօնեաների շուրթերից»,- նշել է ցեղասպանագէտը:

Եթէ Հայաստանը հրաժարւի Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից, միեւնոյն է, ըստ գիտնականի՝ թեման միջազգային քաղաքականութեան մէջ մնալու է, քանի որ այն միայն հայերին չի վերաբերում՝ 1.5 միլիոն հայերի ցեղասպանութիւնը մարդկութեա՛ն դէմ կատարւած յանցագործութիւն է:

Հայոց Ցեղասպանութիւնը նաեւ կը մնայ գիտնականների ուշադրութեան կենտրոնում՝ անկախ նրանից՝ Հայաստանի իշխանութիւնը դրա միջազգային ճանաչումից կը հրաժարւի, թէ՝ ոչ։

«Ես գոնէ յոյս ունեմ, որ այդ թեման ուղղակի չի արգելւի Հայաստանում, ինչպէս դա Խորհրդային Միութեան ժամանակ էր: Խորհրդային Միութեան ժամանակ մինչեւ 1965 թիւը թեման ուղղակի արգելւած էր, դու չէիր կարող դրանով զբաղւել: Ես յոյս ունեմ, որ մենք գոնէ դրան չենք հասնի, որ այդ թեման արգելւի Հայաստանում, եւ, յամենայն դէպս, մենք կը շարունակենք այդ թեմայով զբաղւել»,- ասել է Սուրէն Մանուկեանը:

Related Articles

Back to top button