ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆԸ

Երբ կորուստն սկսում են թարգմանել որպէս ձեռքբերում

ՀԱՏԻՍ

 

Հայաստանի պետականութեան պատմութեան մէջ կար մի փուլ, երբ ամէն նոր հանգրւան ընկալւում էր որպէս ձեռքբերում կամ նախորդ ձեռքբերումների շարունակութիւն։ 1918-ին վերականգնւեց հայկական պետականութիւնը՝ Առաջին Հանրապետութեան ստեղծմամբ։ 1990-ի Անկախութեան Հռչակագիրն այդ պետականութեան վերականգնման գաղափարը վերածեց քաղաքական ու իրաւական հիմքի։ Իսկ Արցախի շարժումը, անկախ դրա տարբեր փուլերի գնահատականներից, նոյն պետական մտածողութեան շարունակութիւնն էր՝ անվտանգութիւն, ինքնիշխանութիւն եւ ազգային իրաւունքներ։

Սակայն 2018-ից յետոյ փոխւեց ոչ միայն իշխանութիւնը, այլեւ պետականութեան մասին պատմելու լեզուն։ Քաղաքական հակակշռի թուլացումից մինչեւ Արցախի կորուստը՝ տեղի ունեցածը սկսեց ներկայացւել ոչ միայն որպէս պարտութիւնների հետեւանք, այլեւ որպէս նոր իրականութեան ընդունման անհրաժեշտութիւն։

Նոյն փոփոխութիւնը երեւաց նաեւ Հայաստանի տարածքի մասին պատկերացման մէջ։ Տարիներ շարունակ Փաշինեանն ինքն էր խօսում 29,800 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին՝ այն անւանելով «կարմիր գիծ»։ Հետագայում իշխանութիւնը Հայաստանի տարածքը ներկայացրեց 29,743 քառակուսի կիլոմետր՝ այն կապելով Ալմա-Աթայի հռչակագրի եւ տոպոգրաֆիկ քարտէզների հետ։

Այսօր այդ փոփոխութեան կողքին կանգնած է Տիգրանաշէնի հարցը եւ, աւելի խորքում, «Անկախութեան հռչակագրի» ճակատագիրը։ Փաշինեանն այն արդէն բնորոշել է ոչ թէ որպէս անկախութեան, այլ «կոնֆլիկտի եւ կախւածութեան հռչակագիր»՝ միաժամանակ առաջ մղելով «նոր Սահմանադրութեան» գաղափարը, որում Հռչակագրին յղում չի լինի։

Այստեղ հարցն այլեւս միայն Հռչակագրի կամ Սահմանադրութեան մասին չէ։ Հարցն այն է, թէ ինչ է տեղի ունենում պետութեան հետ, երբ նա ոչ միայն կորցնում է իր նախկին ձեռքբերումները, այլեւ սկսում է փոխել այն չափանիշերը, որոնցով կորուստն ու ձեռքբերումը տարբերակւում են։

Եւ մեր ժամանակների ամենադժւար հարցն այս է՝ երբ արտաքին ուժերի պահանջներն սկսում են վերաձեւել պետութեան սահմանների, նպատակների ու հիմնարար փաստաթղթերի մասին պատկերացումները, ո՞վ եւ ի՞նչ չափանիշով է որոշում՝ սա նահանջ էր, թէ՞ առաջընթաց։

Որ չմոռանանք ամենապարզը՝ պետական ու հայրենիքի սահմանները ո՛չ հանրաքւէով են տրւում, ո՛չ էլ ընտրութեան արդիւնքով ձեւաւորւած կառավարութեան որոշմամբ։ Դրանց համար գոյութիւն ունի գուցէ չգրւած, բայց հազարամեակների փորձով հաստատւած ամենամարդկային օրէնքը՝ չես կարող՝  կողմ քաշւի՛ր։

Related Articles

Back to top button