ԱԿՆԱՐԿ. ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՅԵՏՈՅ՝ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹԵԱՆ «ԵՐԿՐՈՐԴ ԱՂԷՏԸ»

ՀԱՏԻՍ
Պատերազմի հետեւանքները շարունակում են զգացւել ոչ միայն անվտանգային, այլեւ տնտեսական դաշտում։ Վերջին շաբաթներին տարբեր մարդկանց հետ զրոյցի ընթացքում տեղեկացել ենք, որ իրանական նոր տարեշրջանի մեկնարկից յետոյ բազմաթիւ քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը։ Որոշների պարագայում գործատուներն շտապել են տեղեկացնել, որ պայմանագրերը չեն երկարաձգւելու։
Մեր զրուցակիցները իրանահայեր են, եւ նրանց պատմութիւնները պատկերաւոր կերպով արտացոլում են ստեղծւած իրավիճակը։
Մայրաքաղաքի ամենահեղինակաւոր համալսարաններից մէկի դոկտորականի ուսանողը, ով միաժամանակ դասաւանդում էր ազատ ժամերին, նոր տարւայ մեկնարկին տեղեկացել է, որ իր աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգւում։ Սակայն դժւարութիւնը միայն անձնական չէր գրեթէ միաժամանակ աշխատանքից զրկւել են նաեւ ընտանիքի երկու այլ անդամները՝ մայրը եւ հայրը։ Ընտանիքում կայ նաեւ դպրոցական աշակերտ։ Մի ընտանիք՝ երեք գործազուրկ, մէկ դպրոցական, եւ մէկ ուսանող՝ ապագայի անորոշութեան մէջ։
Միւս զրուցակիցը սեփական խանութ ունեցող արհեստաւոր է։ Նա ստիպւած է եղել կրճատել իր աշխատուժի կէսից աւելին։ Նրա խօսքով՝ աշխատավարձերի բարձրացումը մէկ կողմից, պատւէրների ու պահանջարկի նւազումը՝ միւս կողմից, գործը շարունակելը գրեթէ անհնար են դարձրել:
Նա առանձնայատուկ ընդգծում է մի հակասութիւն․ պետական կառոյցները յորդորում են մասնաւոր հատւածին դիմանալ եւ չշտապել կրճատումների հարցում, սակայն միւս կողմից պատրաստ չէ յետաձգել կամ մեղմել իր պահանջները։ Էներգակիրների սակագները, հարկային եւ ապահովագրական մուծումները ոչ միայն չեն սառեցւում, այլեւ որոշ դէպքերում աճում են՝ այն էլ սեղմ ժամկէտներով։ «Երբ պետութիւնը ինքն է նստած մասնաւոր հատւածի շնչափողին, ինչպէ՞ս կարելի է համբերութիւն պահանջել»,- ասում է նա։
Այս ընթացքում մեզ հետ կապ են հաստատել նաեւ մշակոյթի եւ արւեստի ոլորտում գործող իրանահայեր, որոնք նոյնպէս կրել են զգալի նիւթական վնասներ։ Սա յատկապէս մտահոգիչ է՝ հաշւի առնելով, որ արւեստի ոլորտում յաճախ բացակայում են գործազրկութեան համար նախատեսւած թոշակները կամ պետական աջակցութեան մեխանիզմները։
Տնտեսական ճնշումների այս համադրութիւնը՝ պահանջարկի անկում եւ ծախսերի աճ, առաջին հերթին հարւածում է փոքր եւ միջին ձեռնարկութիւններին, որոնք նաեւ աշխատատեղերի հիմնական ստեղծողներն են։ Արդիւնքում՝ գործազրկութեան ալիքը տարածւում է շերտ առ շերտ։
Այսպիսով, շատերի համար պատերազմին յաջորդած տնտեսական զարգացումները վերածւում են «երկրորդ աղէտի»։ Սոցիալական հետեւանքներն արդէն զգալի են, իսկ ապագայի հանդէպ անորոշութիւնը՝ խորացող։
Հարցը մնում է բաց՝ արդեօ՞ք կը գտնւի համաչափ լուծում, որը միաժամանակ կը թեթեւացնի բիզնեսի բեռը եւ կը կանխի գործազրկութեան նոր ալիքները։



