ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՋՆՋԵԼ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Այսօր Արցախի Անկախութեան օրն է

ՀԱՏԻՍ

 

35 տարի առաջ՝ 1991 թւականի սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց իր անկախութիւնը Խորհրդային Միութիւնից: 1991 թւականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի էր ունեցել պատգամաւորների մարզային եւ Շահումեանի շրջանային խորհրդի համատեղ նիստ, ուր ընդունւել էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին»։ Նոյն թւականի դեկտեմբերի 10-ին անցկացւած հանրաքւէն հաստատեց Արցախի ժողովրդի՝ անկախ ապրելու կամքը։

Այս 35 տարիները միայն քաղաքական փաստաթղթերի պատմութիւն չեն։ Դրանք մի ամբողջ ժողովրդի ապրած կեանքն են՝ պատերազմներով ու խաղաղութեամբ, զոհերով ու յաղթանակներով, կառուցւած վանքերով, ընտանիքներով, կորուստների համար սգած օրերով ու յիշողութիւններով։

Իսկ այսօր, 35 տարի անց, պատմութեան մէջ առաջին անգամ՝ հայաթափւած է Արցախը։ Տասնեակ հազարաւոր արցախահայեր զրկւել են իրենց պապենական հողում ապրելու իրաւունքից, վտանգւած է նաեւ հայկական մշակութային ու պատմական ժառանգութիւնը։ Արցախը փորձում են ջնջել ոչ միայն քարտէզի երեսից, այլեւ այն հարուստ յիշողութիւնից, որտեղ սերունդներ ապրել են, սիրել, ստեղծագործել, տօնել ու յաղթանակների առիթով բաժակ բարձրացրել։

Մշակոյթով, պատմութեամբ, հաւատքով ու հազարամեակների ընթացքում նոյն հողի վրայ միասին կտրած ճանապարհով է ձեւաւորւում ժողովրդի ազգային նկարագիրն ու յիշողութիւնը։

Երբ այդ ճանապարհի հետքերը ջնջում են, պատմութիւնը վերաշարադրում եւ կասկածի տակ դնում ժողովրդի կապը հայրենի հողի հետ, միայն անցեալը չէ, որ փորձում են վերացնել։ Ֆիզիկական բռնութեանը յաջորդում է յիշողութիւնը վերացնելու փորձը՝ նոյն նպատակի մի նոր դրսեւորում։

Բայց այսօր մէկ այլ վտանգաւոր երեւոյթ էլ ունենք։ Սեփական պատմութիւնը յիշելն ու դրա մասին խօսելը երբեմն ներկայացւում է որպէս ազգային անվտանգութեան սպառնալիք։ Հակառակորդի հետ ձեւականօրէն «խօսքը մէկ չանելու» համար սկսում ենք լռեցնել մեր պատմութեան այն հատւածները, որոնք նրան կարող են դուր չգալ կամ այլ կերպ մեկնաբանւել։

Անվտանգութիւնը, սակայն, չի կառուցւում սեփական պատմութիւնը լռեցնելու վրայ։ Երբ սկսում ենք մեր պատմութիւնը զսպել՝ մտածելով, թէ հակառակորդն ինչպէս կը մեկնաբանի այն, պարտութիւնը տարածքից անցնում է յիշողութեան մէջ։

Պարտութիւնը չի ջնջում դրանից առաջւայ յաղթանակները։ Իսկ հազարաւոր զոհերն ու տաս հազարից աւելի զինհաշմւած տղաներն այդ պատմութեան ֆիզիկական հետքն են: Այն գինը, որ ժողովուրդը վճարել է արդէն։ Այդ վէրքը պատմութիւնը վերաշարադրելով չես սփոփի։

Պատերազմական լուսանկարիչ Արեգ Բալայեանը մի առիթով ասել էր՝ պարտութեան դէպքում զոհերի մահը կարող է անիմաստ թւալ, իսկ յաղթանակի դէպքում նրանց զոհողութիւնը ստանում է այլ իմաստ, կորուստն էլ աւելի տանելի է դառնում։

Այսօր հարցը միայն այն չէ, թէ ինչ է կորցրել Արցախը։ Հարցն այն է՝ նրա հետ ի՞նչ ենք կորցնում մենք։

Սեպտեմբերի 2-ը, հետեւաբար, միայն անցեալը յիշելու օր չէ։ Այն նաեւ հարց է ապագային ուղղւած. ի՞նչ ենք փոխանցելու յաջորդ սերունդներին՝ մի ժողովրդի պատմութի՞ւն, որը պարտւեց ու ուրացաւ իր պատմութիւնը, թէ՞ մի պատմութիւն, որտեղ ժողովուրդը պարտութիւն կրեց, բայց չթողեց, որ իրենից խլեն յիշողութիւնը։

Պարտութեամբ կարող ես կորցնել տարածք… բայց չես ջնջի պատմութիւնը։

 

Ակնարկի շուրջ

Այս համարի երկրորդ էջում հրապարակւած ակնարկը նւիրւած է Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախութեան օրւան։ Այն փորձում է հարց բարձրացնել ոչ միայն այն մասին, թէ ինչ կորցրինք, այլեւ՝ ի՞նչ ենք կորցնում, երբ պարտութիւնը սկսում է վերաշարադրել մեր անցեալն ու լռեցնել մեր յիշողութիւնը։

Սակայն այս հարցադրումները բանավէճի տեղ են թողնում։ Հետեւաբար, առաջիկայ համարներում կը փորձենք դրանց անդրադառնալ նաեւ հակառակ տեսակէտից՝ քննարկելով այն թէզերը, որոնք այսօր առաջ են քաշւում Հայաստանի իշխանութիւնների կողմից։

«Ո՞ր պատմութիւնն ենք ուզում պահպանել՝ յիշողութի՞ւնը, թէ՞ նրա մասին մեր պատկերացումը»։

«Որտե՞ղ է անցնում պատմական յիշողութեան եւ այսօրւայ ազգային անվտանգութեան սահմանը»։

«Հնարաւո՞ր է յարգել զոհերի ու անցած ճանապարհի յիշատակը՝ միաժամանակ վերանայելով այն քաղաքական ճանապարհը, որը մեզ հասցրեց պարտութեան»։

Այս հարցերին առաջիկայ համարներում կը փորձենք պատասխանել՝ բանավէճի մէջ մտնելով ոչ միայն մեր սեփական տեսակէտների, այլեւ այսօրւայ իշխանական հիմնական թէզերի հետ։

Related Articles

Back to top button