ԱԿՆԱՐԿ. ՃԳՆԱԺԱՄԻ ՍՏՒԵՐՈՒՄ՝ ՓՈՔՐ ԱՌԵՒՏՈՒՐԸ, ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՆԵՐՆ ՈՒ ՎՍՏԱՀՈՒԹԵԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ

ՀԱՏԻՍ
Երկրում արձանագրւած ճգնաժամային իրադարձութիւնները հերթական անգամ բացայայտեցին ամենախոցելի ոլորտը՝ փոքրածաւալ եւ առցանց առեւտուրը։ Սոցիալական ցանցերում գործող «խանութները», որոնք տարիներով գոյատեւել էին անհատական վստահութեան եւ անմիջական կապի վրայ, այսօր կանգնած են եկամտի կորստի եւ հանրային վստահութեան խաթարման վտանգի առաջ։
Անորոշութիւնը, ինտերնետ խափանումներով պայմանաւորւած մատակարարման ուշացումները եւ գների անկայունութիւնը ոչ միայն սահմանափակում են վաճառքը, այլեւ վտանգի տակ են դնում տարիներով ձեւաւորւած վստահութիւնը՝ գնորդի եւ վաճառողի միջեւ։ Իսկ վստահութեան խզումը փոքր առեւտրի պարագայում յաճախ ճակատագրական է։
Այս իրավիճակում առանձնակի խոցելի է իրանահայ փոքրածաւալ առեւտուրը, որն իր բնոյթով հեռու է մեծ շուկաների մրցակցային դաշտից եւ չի կարող մրցել խոշոր առցանց հարթակների հետ՝ ո՛չ գների, ո՛չ գովազդային ծաւալների, ո՛չ էլ տեխնիկական ենթակառուցւածքների առումով։ Փոքր առեւտրականը գոյատեւում է հիմնականում անհատական վստահութեան, անմիջական կապի եւ համայնքային շրջանակի շնորհիւ։
Ճգնաժամի հետեւանքները շօշափելի են, յատկապէս մեդիա-առցանց ոլորտում։ Թերթերի առցանց գովազդային հարթակները, որոնք կոչւած էին կամրջելու գործարարին եւ հանրութեանը, եւս յայտնւեցին աննախադէպ ճնշմանը: Որպէս թարմ օրինակ կարելի է նշել «ԱԼԻՔ»-ի առցանց գովազդային հարթակը, որը դեռ իր գործունէութեան սկզբնական փուլում ստիպւած եղաւ բախւել դեռ չձեւաւորւած «ճանաչւած լինելու եւ առցանց վստահութեան» կորստի վտանգին։ Գործարարները չտեսնելով փոխադարձ կապի ակնկալւող արդիւնքը եւ տեղադրւող գովազդի տեսանելի արձագանքը՝ բնական է, եթէ նախընտրելու կը լինեն նահանջել, ինչը լրացուցիչ հարւած է ամբողջ շղթային։
Միջազգային փորձը ցոյց է տալիս, որ նման ճգնաժամերը համատարած բնոյթ ունեն։ COVID-19-ի տարիներին Իտալիայում, Յունաստանում եւ Իսպանիայում հազարաւոր փոքր առցանց բիզնեսներ փակւեցին վստահութեան խաթարման եւ սպառողական վարքագծի կտրուկ փոփոխութեան հետեւանքով։ Միեւնոյն ժամանակ, Գերմանիայում, Ճապոնիայում եւ Հարաւային Կորէայում պետական եւ համայնքային աջակցութեան ծրագրերը՝ ուղղւած փոքր առեւտրի եւ տեղական հարթակների պահպանմանը, հնարաւորութիւն տւեցին մեղմել ճգնաժամի հետեւանքները։ Չնայած, տեղական իմաստով, երկրորդ տարբերակը հասկանալիօրէն բացառւած տարբերակ է:
Այս համեմատութիւնը պարզ եզրահանգման է տանում. ճգնաժամը միայն տնտեսական չէ, այն առաջին հերթին վստահութեան ճգնաժամ է։ Այսօր, աւելի քան երբեւէ, անհրաժեշտ է համատեղ մտածողութիւն եւ փոխադարձ աջակցութիւն՝ որպէսզի համայնքային կտրւածքով՝ ճգնաժամը չվերածւի ինքնաբաւութեան անդառնալի կորստի։



