ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը Չինաստան-Արեւմուտք մրցակցութեան եւ անվտանգութեան էսկալացիայի ստւերի տակ. հետեւանքները Հարաւային Կովկասի համար

ԱՐՏՈՅՏ ԶՈՀՐԱԲԵԱՆ

Միջազգային իրաւունքի ասպիրանտ, համալսարանի դասախօս

 

Գլոբալ հաղորդակցական նախագծերը վաղուց դադարել են լինել զուտ տնտեսական նախաձեռնութիւններ։ Չինաստանի «Մէկ գօտի-մէկ ճանապարհ» ծրագիրը եւ Արեւմուտքի առաջ մղած IMEC նախագիծը վերածւել են ռազմավարական մրցակցութեան գործիքների, որտեղ ենթակառոյցները, էներգետիկան եւ անվտանգութիւնը միահիւսւած են։ Այս հակադրութեան կենտրոնում Իրանը հանդէս է գալիս ոչ միայն որպէս տարանցիկ հանգոյց, այլ որպէս անվտանգութեան ռիսկի հնարաւոր աղբիւր՝ յատկապէս Արեւմուտքի հետ աճող լարւածութեան եւ պատերազմի ստւերի պայմաններում։

Չինաստանը «Մէկ գօտի-մէկ ճանապարհ» նախաձեռնութեամբ ձգտում է ամրապնդել իր աշխարհատնտեսական եւ ռազմավարական ներկայութիւնը Եւրասիայում՝ ստեղծելով ճանապարհների, նաւահանգիստների եւ էներգետիկ միջանցքների ցանց։ Իրանը այս սխեմայում առանցքային դիրք ունի՝ կապելով Կենտրոնական Ասիան Պարսից ծոցին եւ Հարաւային Կովկասը՝ գլոբալ շուկաներին։ Սակայն հէնց այս դիրքն է, որ Իրանը դարձնում է Արեւմուտքի զսպման քաղաքականութեան թիրախ։ IMEC-ի արեւմտեան նախագիծը, որը միտումնաւոր շրջանցում է Իրանը եւ անցնում Հնդկաստան-Արաբական թերակղզի-Իսրայէլ երթուղով, ունի ոչ միայն տնտեսական, այլեւ յստակ ռազմաքաղաքական ենթատեքստ՝ նւազեցնել Թեհրանի ազդեցութիւնը տարածաշրջանային նոր ճարտարապետութեան մէջ։

Վերջին տարիներին Իրանի եւ Արեւմուտքի միջեւ լարւածութեան կտրուկ աճը, ռազմական բախման հաւանականութեան բարձրացումը եւ Մերձաւոր Արեւելքում ուժի կիրառման մշտական սպառնալիքը այս մրցակցութեանը տւել է անվտանգութեան վտանգաւոր չափում։ Ցանկացած սահմանափակ կամ լայնածաւալ ռազմական սցենար կարող է խաթարել էներգետիկ եւ տարանցիկ ամբողջ համակարգը, որի ալիքային ազդեցութիւնները անմիջապէս կը զգացւեն Հարաւային Կովկասում։ Այս համատեքստում Հայաստանը յայտնւում է անուղղակի, բայց զգայուն ազդեցութեան գօտում։

Հարաւային Կովկասի արդէն իսկ փխրուն անվտանգային միջավայրը՝ Ղարաբաղեան հակամարտութեան չլուծւած հետեւանքները, տարածաշրջանային ուժային հաւասարակշռութեան փոփոխութիւնը եւ արտաքին դերակատարների ակտիւացումը, սերտօրէն կապւած են Իրանի շուրջ ձեւաւորւող ճգնաժամային դինամիկայի հետ։ Իրանի հնարաւոր թուլացումը կամ ռազմական էսկալացիայի մէջ ներգրաւումը կարող է արագացնել հաղորդակցական նախագծերի ռազմականացումն ու վերահսկման տրամաբանութիւնը՝ տարածաշրջանի փոքր պետութիւնների համար ստեղծելով նոր ռիսկեր։

Այս պայմաններում Իրանի կողմից Չինաստան էժան նաւթի արտահանումը վերածւում է ոչ միայն տնտեսական, այլեւ անվտանգութեան գործօնի։ Այն Չինաստանի համար ապահովում է էներգետիկ կայունութիւն, իսկ Իրանի համար՝ պատժամիջոցների պայմաններում կենսական շնչառութիւն։ Սակայն այս կախւածութիւնը խորացնում է անհամաչափ յարաբերութիւնները եւ սահմանափակում Իրանի ռազմավարական մանեւրելու հնարաւորութիւնները անվտանգութեան աճող սպառնալիքների ֆոնին։

Ի վերջոյ, Իրանի շուրջ ձեւաւորւող լարւածութիւնը չի սահմանափակւում նրա սահմաններով։ Չինաստան–Արեւմուտք հակադրութեան սրացումը եւ պատերազմի մշտական ռիսկը ուղղակիօրէն ազդում են Հարաւային Կովկասի եւ Հայաստանի անվտանգային միջավայրի վրայ։ Նոր աշխարհաքաղաքական փուլում տարածաշրջանի հիմնական հարցը ոչ թէ այն է, թէ որ հաղորդակցական նախագիծն է յաղթելու, այլ այն, թէ արդեօք փոքր պետութիւնները կը կարողանան խուսափել մեծ տէրութիւնների մրցակցութեան եւ անվտանգութեան էսկալացիայի կողմնակի զոհը դառնալուց թէ՝ դէմ յանդիման են գալու լուրջ մարտահրաւէրների։

Related Articles

Back to top button