ՄիջազգայինՔաղաքական

Զանգւածային անկարգութիւններ՝ Մեծ Բրիտանիայում

«ԱԼԻՔ» – Մեծ Բրիտանիայում չեն դադարում Սաութպորտ քաղաքում երեք փոքրիկ աղջիկների սպանութեան ֆոնին հակամիգրանտային ցոյցերը: Հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները:

Ցոյցերի էպիկենտրոն Ռոթերեմում, ցուցարարները փորձել են հրկիզել հիւրանոցը, որտեղ բնակւում էին ապաստան հայցողները: Մօտ 700 մարդ հաւաքւել էր Holiday Inn Express հիւրանոցի մօտ։ Ցուցարարները կոտրել են շէնքի պատուհանները եւ այրել աստիճանավանդակը։ Ոստիկանութիւնը փորձել է հանդարտեցնել ցուցարարներին, ինչից յետոյ նրանք սկսել են շշեր, աթոռներ, ծառերի կտորներ նետել իրաւապահների վրայ եւ կրակմարիչներ ցողել: Արդիւնքում առնւազն 10 ոստիկան վիրաւորւել է։

Անկարգութիւնների առիթով, Մեծ Բրիտանիայի կառավարութիւնն արտահերթ նիստ է հրաւիրել: Երկրի վարչապետը Քէյր Սթարմերն խոստացել է խստագոյնս պատժել անկարգութեան մասնակիցներին եւ հահրողներին: Նա յայտարարել է, որ անկարգութիւններ կազմակերպած աջ ծայրայեղականների գործողութիւնները ոչ մի արդարացում չունեն։ Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում արդէն աւելի քան 150 ցուցարար է ձերբակալւել:

Չնայած կառավարութեան կոշտ դիրքորոշմանը, անկարգութիւնները տարածւել են երկրով մէկ, մասնաւորապէս Հալլում, Մանչեսթերում, Լիւերպուլում, Բլեքփուլում, Սանդերլենդում եւ Բոլթոնում:

Յիշեցենք, որ յուլիսի 29-ին անգլիական Սաութպորտ քաղաքում 17-ամեայ երիտասարդը դանակով յարձակւել է ստուդիայի վրայ, որտեղ երեխաների համար պարի եւ եոգայի թեմատիկ դաս էր անցկացւում փոփ երգչուհի Թէյլոր Սւիֆթի ոճով: Յարձակման հետեւանքով 6, 7 եւ 9 տարեկան երեք աղջիկներ մահացել են։ Եւս 11 երեխայ եւ երկու մեծահասակ դանակի հարւածներ են ստացել, նրանց մեծ մասը ծանր վիճակում է:

Յարձակւողի դրդապատճառներն անյայտ են մնում։ Ոստիկանութիւնը բացայայտել է, որ յարձակւողը Ակսէլ Ռուդակուբանան է, որը ծնունդով Քարդիֆից է (Ուելս), Ռուանդայի քրիստոնեաների ընտանիքից։  Սակայն սոցցանցերում կեղծ յայտարարութիւններ են տարածւել այն մասին, որ կասկածւալը մուսուլման է կամ ապաստան հայցող, որը Մեծ Բրիտանիա է ժամանել նաւով:

Այս հաղորդագրութիւններից յետոյ ծայրայեղ աջ ցուցարարները սոցիալական ցանցերի միջոցով ցոյցեր են կազմակերպում երկրի քաղաքներում: Իրաւապահները կոչ են արել զերծ մնալ բռնութիւններից եւ նախազգուշացրել պատասխանատւութեան մասին:

Related Articles

Back to top button