Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տւել եւ փախել երկրից
«ԱԼԻՔ» – Բանգլադեշում ընթացող բողոքի զանգւածային ցոյցերի ֆոնին, վարչապետ Շէյխ Հասինան հրաժարական է տւել եւ լքել երկիրը։
Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ նա երկրից ռազմական ինքնաթիռով մեկնել է Հնդկաստան։ Նա հրաժարական է ներկայացրել եւ երկրից մեկնել այն բանից յետոյ, երբ Բանակի հրամանատարութիւնը նրան վերջնագիր է ներկայացրել պաշտօնից հրաժարւելու մասին:
Բանակի գլխաւոր հրամանատարը յայտարարել է երկրում ժամանակաւոր կառավարութեան ձեւաւորման մասին:
Բանգլադեշում բողոքի զանգւածային ցոյցերը սկսւել են յուլիսից: Սկզբում ցուցարարները պահանջում էին վերացնել պետական աշխատատեղերի քւոտաների համակարգի մասին վիճահարոյց օրէնքը: Այնուհետեւ ցոյցերն ընդլայնւեցին եւ վերածւեցին աւելի մասշտաբային հակակառավարական շարժման։ Ուսանողները յայտարարեցին քաղաքացիական անհնազանդութեան ակցիաներ՝ պահանջելով երկրի վարչապետ Շէյխ Հասինայի հրաժարականը։
Ցոյցերն իրենց գագաթնակէտին հասան օգոստոսի 5-ին, երբ պարզ դարձաւ, որ ցուցարարները չեն պատրաստւում հրաժարւել իրենց պահանջներից, իսկ ոստիկանական ուժերն այլեւս անկարող են տիրապետել իրավիճակին:
Ընդհանուր առմամբ, շուրջ մէկ ամիս տեւած ցոյցերի ժամանակ առնւազն 300 մարդ է զոհւել եւ ձերբակալւել է առնւազն 10 հազար մարդ։
Աւելի ուշ յայտնի է դարձել, որ Շէյխ Հասինան եւ նրա քոյրը ապաստան են խնդրել Մեծ Բրիտանիայից:
Յիշեցնենք, որ 76-ամեայ Շէյխ Հասինան երկիրը ղեկավարում էր 2009 թւականից: Սա նրա պաշտօնավարման երկրոդ շրջանն էր: Առաջին անգամ նա Բանգլադեշի վարչապետի պաշտօնը զբաղեցրել է 1996-2001թթ.:
Շէյխ Հասինան սերում է երկրի ամենայայտնի քաղաքական դինաստիաներից մէկից: Նրա հայրը՝ Մուջիբուր Ռահմանը Բանգլադեշի անկախութեան հայրն է եւ երկրի առաջին նախագահը:
Ռահմանը սպանւել է 1975 թւականի օգոստոսի 15-ին, Դաքքայի իր կեցավայրում, կնոջ, որդիների հետ միասին՝ զինւորական յեղաշրջման արդիւնքում: Շէյխ Հասինան ու նրա քոյրը փրկւել են քանի, որ յեղաշրջման ժամանակ եղել են Լոնդոնում: