Քաղաքական

ԱՄՆ կառավարութիւնն աւելի արցախամէտ է, քան Հայաստանի վարչապետը

Երբ ամբողջովին կորցրել էինք յոյսը, որ ԱՄՆ կառավարութիւնը կարող է երբեւէ որեւէ բան ասել կամ անել ի աջակցութիւն Արցախի, հաճելիօրէն զարմացանք՝ տեսնելով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտօնեայի նամակը, որտեղ արտայայտած էր Արցախի պաշտպանութեան համար շատ ճիշտ դիրքորոշումներ։

2025 թւականի սեպտեմբերի 25-ին թւագրւած այդ նամակը գրել էր Միացեալ Նահանգների Պետդեպարտամենտի օրէնսդրական հարցերով բիւրոյի բարձրաստիճան պաշտօնեայ Փօլ Դ. Գուալիանոնէն։ Իհարկէ, խօսքերը չպէտք է շփոթել գործողութիւնների հետ, սակայն սա հիանալի սկիզբ է։ Պէտք է շարունակել աշխատանքը Կոնգրեսի մեր բարեկամների հետ՝ ապահովելու համար, որ ԱՄՆ կառավարութիւնը կատարի իր խոստումներն Արցախի վերաբերեալ։

Իր նամակում Պետդեպարտամենտը ստանձնել է երեք կարեւոր յանձնառութիւն.

1) «Թրամփի վարչակազմը յանձնառու է խրախուսել երկու [Հայաստան եւ Ադրբեջան] կառավարութիւններին՝ ապահովելու էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ կայուն խաղաղութեան համատեքստում»։

2) «Մենք ուշադիր հետեւում ենք Ադրբեջանում կալանաւորւած էթնիկ հայերի դատավարութիւններին, եւ Բաքւում ԱՄՆ դեսպանատան պաշտօնեաները հնարաւորութեան դէպքում մասնակցում են դատական նիստերին»։

3) «Վերջապէս, մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարութեանը՝ պաշտպանել հայկական ժառանգութեան յուշարձանները Լեռնային Ղարաբաղում»։

Այս երեք նախադասութիւններն ընդգրկում են հայ ժողովրդի հիմնական պահանջները Արցախի վերաբերեալ։ ԱՄՆ կառավարութիւնը նախկինում երբեք նման խոստումներ չէր տւել։ Յուսանք՝ դրանք կիրագործւեն եւ չեն մնայ թղթի վրայ որպէս լոկ խօսքեր։

Պէտք է գիտակցենք, որ Պետդեպարտամենտի նամակը պատահականօրէն չի յայտնւել։ Այն արդիւնք է ամերիկահայ համայնքի շարունակական ջանքերի եւ լաբբիստական գործունէութեան։ Վերջին ամիսներին,  ամերիկահայ պաշտպաններն ու աջակիցները աւելի քան 100 հազար էլեկտրոնային նամակներ եւ հեռախօսազանգեր էին ուղարկել Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի (ANCA) պետական, նահանգային եւ տեղական հարթակների միջոցով՝ կոչ անելով Կոնգրեսի անդամներին ստորագրել պետքարտուղար Մարկօ Ռուբիոյին ուղղւած նամակը։ 87 կոնգրեսականներ ստորագրել են այդ նամակը 2025 թւականի յուլիսի 23-ին, որը կոչ էր անում ԱՄՆ կառավարութեանը՝ աջակցել բռնի տեղահանւած հայերի վերադարձին Արցախ, ապահովել Բաքւում ապօրինաբար պահւող հայ կալանաւորների ազատումը եւ պաշտպանել Արցախի հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութիւնը։

Կոնգրեսի նամակում պետքարտուղարին յիշեցրել էին նաեւ Միջազգային դատարանի 2023 թւականի դեկտեմբերին ընդունւած ժամանակաւոր որոշման մասին, որով Ադրբեջանին պարտադրւում էր թոյլ տալ հայերի վերադարձը Արցախ։

Ինչպէ՞ս կարող է պատահել, որ ԱՄՆ կառավարութիւնն աւելի շատ է հոգում Արցախի հայերի իրաւունքների մասին, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը։ 2019 թւականին խրոխտ կերպով յայտարարելուց յետոյ, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», Փաշինեանն արեց ճիշտ հակառակը՝ ընդունելով, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Իրավիճակն աւելի սրելով՝ Փաշինեանն անցած շաբաթ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում յայտարարեց. «Փախստականների [Արցախի] վերադարձի թեման այս համատեքստում վտանգաւոր եմ համարում խաղաղութեան գործընթացի համար»։ Փոխարէնը, նա կոչ արեց արցախահայերին՝ «տնաւորւել Հայաստանի Հանրապետութիւնում»։ Այնուհետեւ յաւելեց. «Հայաստանն ու Ադրբեջանը պէտք է միմեանց հանգիստ թողնեն, կենտրոնանան տնտեսական համագործակցութեան վրայ եւ աստիճանաբար երկխօսութիւն կառուցեն»։

Փաշինեանը ոչ միայն հրաժարւել է Արցախի հայերի վերադարձի իրաւունքից, այլեւ անտեսել է Բաքւում կալանաւորւած հայերի ծանր վիճակը՝ վախենալով, որ նրանք ազատ արձակւելով եւ վերադառնալով Երեւան, կարող են սպառանալիք հանդիսանալ իր իշխանութեան համար։

Փաշինեանի անգործութեան վերջին վկայութիւնը՝ կապւած հայ կալանաւորների ազատ արձակումն ապահովելու հարցում, նրա անճարակ շփումն էր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը, օգոստոսի 8-ին։ Երբ Թրամփը հարցրեց, թէ արդեօք «Ցանկանո՞ւմ էք, որ այդ քրիստոնեաներն ազատ արձակւեն», Փաշինեանը ամօթալի կերպով խնդրեց Թրամփին՝ չներառել Արցախի կալանաւորների մասին յղումը այն յուշագրում, որը պէտք է ստորագրէին ինքը, նախագահ Ալիեւը եւ նախագահ Թրամփը։ Զարմանալիօրէն, Թրամփն այնուհետեւ ինքնակամ առաջարկեց աջակցել կալանաւորների ազատմանը՝ ասելով Փաշինեանին. «Ես կը զանգեմ Ալիեւին։ Նա դա կանի՝ որպէս բարեհաճութիւն ինձ համար»։ Եւ աւելացրեց. «Եթէ որեւէ բան սխալ գնայ, ուղղակի զանգիր ինձ։ Ես կը լուծեմ այն»։

Երկու ամիս անց Փաշինեանը որեւէ հետաքրքրութիւն չի ցուցաբերել` յիշեցնելու Թրամփին Ալիեւին զանգահարելու նրա խոստման մասին: Երբ վերջերս հայ լրագրողը հարցրեց նրան, թէ արդեօք նա ունի Թրամփի «WhatsApp համարը», Փաշինեանը խուսափողական պատասխան տւեց՝ ասելով. «Ես չեմ կարող բացայայտել իմ WhatsApp համարների ցանկը»:

Պետդեպարտամենտի սեպտեմբերի 25-ի ողջունելի նամակում միակ տհաճ կէտը «միջանցք» եզրոյթի օգտագործումն է, որը նախընտրելի է Ադրբեջանի կողմից՝ նկարագրելու այն ճանապարհը, որը նախատեսւում է կառուցել Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանին կապելու համար՝ Հայաստանի տարածքով: Թրամփը նաեւ երկու անգամ սխալմամբ օգտագործեց «միջանցք» եզրոյթը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ: Բացի այդ, օգոստոսի 8-ից ի վեր, Թրամփը մի քանի անգամ սխալմամբ յայտարարել է, որ լուծել է Ալբանիայի (Հայաստանի փոխարէն) եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնը, ինչպէս նաեւ Ադրբեջանը շփոթել է Կամբոջայի հետ:

Ցաւօք, ո՛չ Կոնգրեսի 87 անդամների ստորագրած նամակում, ո՛չ Պետդեպարտամենտի պատասխան նամակում չի յիշատակւել այն կարեւոր փաստը, որ ադրբեջանական զօրքերը 2021 թւականից ի վեր գրաւել են Հայաստանի Հանրապետութեան տարածքի մի հատւած՝ առանց մօտ ապագայում այնտեղից հեռանալու մտադրութեան։ Փաշինեանը, չնայած Հայաստանի սահմանները պաշտպանելու իր սահմանադրական պարտաւորութեանը, անտեսել է Հանրապետութեան տարածքի օտարերկրեայ բռնագրաւումը, եւ երբ հարցրել են, թէ ինչ է պատրաստւում անել այն ազատագրելու համար, պատասխանել է՝ «ոչինչ»։

Ինչպէ՞ս կարող է խաղաղութեան պայմանագիր կնքւել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, երբ թշնամին գրաւել է Հայաստանի տարածքը։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button