Հարցազրոյց

Էլմիրա Գուլումեան. «Գիտելիքի փոխանակումը Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ պէտք է լինի շատ զգոյշ, եւ հայրենասիրութեան շօշափման կարեւորութիւնը Սփիւռքն երբեք չպէտք է կորցնի»

Էլմիրա Գուլումեանը անկախ հետազօտող է, որ ապրում է Միացեալ Թագաւորութիւնում։ Նա ունի պետական եւ համայնքային կառավարման մագիստրոսական կոչում Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանից, ինչպէս նաեւ կրթական ղեկավարում եւ կառավարման մագիստրոսական կոչում Ուորուիքի համալսարանից։ Նրա աշխատանքները ուսումնասիրում են, թէ ինչպէս կարող է հանրային կրթութիւնը նպաստել խաղաղաշինութեանը՝ կենտրոնանալով պատմութեան ուսուցման, հաւաքական յիշողութեան եւ ինքնութեան վրայ յետկոնֆլիկտային հասարակութիւններում, յատկապէս յետխորհրդային տարածքում։

Նա խորապէս ներգրաււած է ուսուցիչների դերի վերաբերեալ հետազօտութիւններում՝ ուսումնասիրելով, թէ ինչպէս են նրանց մասնագիտական եւ անձնական փորձառութիւնները նպաստում խաղաղաշինութեան կայուն մօտեցումների եւ դրական կրթական փոփոխութիւնների ձեւաւորմանը։

Նրա կատարած Teaching peace? Exploring history teachers’ perspectives on teaching Nagorno-Karabakh wars in public schools in Armenia, Journal of Peace Education գիտական հանդէսում խորապէս վերլուծում է հայ ուսուցիչների կարծիքները, պատկերացումներն ու մարտահրաւէրները՝ ղարաբաղեան պատերազմների պատմութիւնն ու հետեւանքները հայաստանեան դպրոցներում դասաւանդման ընթացքում։

Ուսումնասիրութիւնը հիմնւած է Հայաստանի տարբեր մարզերի ութ ուսուցիչների հետ խորքային հարցազրոյցների վրայ։ Արդիւնքները ցոյց են տալիս, որ ուսուցիչների մօտեցումները ձեւաւորւում են անձնական եւ հաւաքական փորձառութիւնների, մասնագիտական ինքնութեան եւ լայն սոցիալ-քաղաքական միջավայրի ազդեցութեամբ։ Որոշ ուսուցիչներ պատմութիւնը դիտում են որպէս քննադատական մտածողութեան գործիք, իսկ միւսները բացասական զգացմունքների պատճառով խուսափում են բարդ թեմաներից։ Նշւում է նաեւ, որ ուսուցիչների անձնական տրաւման ու մասնագիտական պարտականութիւնները յաճախ միախառնւում են, ինչը դժւարացնում է խաղաղաշինական կրթութեանը նրանց ներգրաււածութիւնը։ Ուսումնասիրութիւնը ընդգծում է խաղաղութեան կրթութեան իրագործելիութիւնը վերաիմաստաւորելու կարիքը յետկոնֆլիկտային հասարակութիւններում եւ առաջարկում է կարեւոր դիտարկումներ ուսուցիչների պատրաստման եւ կրթական քաղաքականութեան համար Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։

 

– Տիկին Գուլումեան, ինչ է նշանակում Արցախի պատմութեան դասաւանդումը հանրային դպրոցներում պատերազմի, կորուստների եւ փախստականների ճգնաժամից յետոյ։

– Եզակիներից էք, որ թեմային ուշադրութիւն էք դարձրել, շատ կարեւոր թեմա է, բայց դուք Իրանում ուշադրութիւն էք դարձրել այս հարցին, մեր հետազօտութիւնը հէնց այդպէս էլ սկսեցինք, այդ գլխաւոր հարցով: Գլխաւոր հարցն այն է թէ, ինչ դժւարութիւններ ունեն պատմութեան ուսուցիչները այդքան պրոբլեմատիկ եւ ցաւօտ թեմայի Արցախի պատմութեան դասաւանդման մասին: Կարեւոր է ընկալել, թէ ինչպէս են պատմութեան առարկան ներկայացնում աշակերտներին, Հայաստանում օրինակ պատմութեան դասաւանդումը եւ ուսուցիչները խիստ կառչած են դասագրքերին, այսինքն կայ կենտրոնացած դասագրքային համակարգ, բոլորը ենթարկւում են նոյն սխեմային: Ուսուցիչն այստեղ, ոնց որ դասագրքի եւ աշակերտի միջեւ հաշտարար լինի: Կրթական բարեփոխումներից յետոյ առաջացել է քննադատական մտածողութեան մեթոդի կիրառումն, այն իհարկէ նախ արժէքաւոր բարեփոխում բերեց բայց պատմութեան դասաւանդման շրջանակում, նշանակում է հարցեր տալ եւ ուրիշ դիտակէտից նայել, այնպիսի թեմաների նկատմամբ, որոնք մեր սերնդի եւ մի փոքր աւելի հին սերնդի համար հպարտութեան աղբիւր են եղել: Օրինակ հարցականով մօտենալ Տիգրան Մեծի մեծութեանը կամ նոյն Արցախեան շարժման աղբիւներին:

Քննադատական մտածողութիւնը բերեց պատմութեան դասարան այն, որ ուսուցիչները իրենց սովորական կոմֆորտ զոնայից սկսեցին դուրս գալ եւ մի ընդհանուր պատմութիւն չէր այլեւս բոլորի մօտ: Այլ՝ սկսում էին մտածել, որը յանգեցրեց տարբեր խնդիրների, իհարկէ, մի ժամանակ այն ինչ մեզ բոլորիս համար կոլեկտիւ յիշողութեան եւ ընդհանուր հպարտութեան աղբիւրն էր հիմա ասում են՝ արդեօք սա պէ՞տք էր մեզ:

Թէեւ, կարծում եմ շատ բան է կախւած ուսուցչի տեսակից, անկախ նրանից, թէ նախարարութիւնից ինչ հրահանգներ է իջել: Ուսուցիչների տեսակներ կան, որ իրենց պարտքն են համարում լինել հայրենասէր, ոմանք շատ զգոյշ են, ոմանք ամէն ինչի շուրջ բացարձակ ազատ բանավէճեր են կազմակերպում:

Ուսուցիչները շատ շփօթւած են, միակ ուղենիշն այն է, որ պէտք է աւելի քննադատաբար մօտենալ: Շատ յոյզեր են աւելացել, եթէ նախկինում միայն էմոցիոնալ մօտեցումներ կային, հիմա այն փաստը, որ աշակերտներ կան, որոնք տեղահանւած են, իրենց ներկայութեամբ աւելի բարդացել է թեմայի շօշափումը եւ էմոցիաները շատացել են:

 

Ըստ Ձեզ ո՞րն է Արցախեան հակամարտութիւնը, օկուպացիան, աշակերտներին լաւագոյն կերպով ներկայացնելու ճանապարհը:

– Վտանգաւոր հարց էք տալիս, ուսուցիչներին անձամբ այդ հարցն եմ տւել, շատերը հայրենասիրութեամբ են ծածկում, շատերն ասում են մենք պէտք է մեր յոյսը չկորցնենք, պէտք է դրան նայել, որպէս մի սխալ, որը պէտք է շտկել: Ինչպէս կատարել, ռեւանշիստական էլեմենտներո՞վ, ես չգիտեմ: Դրա պատասխանը յստակ չունեմ, բայց անհրաժեշտ է էութիւնից, փաստերից չխուսանաւել, բայց մեր պատմութեան դասագրքերի շնորհիւ ստացւում է, որ ղարաբաղեան պատմութեան ճշմարտութեան մեր կողմը վտանգւած է:

«Ես եւ իմ հայրենիք»-ն առարկայի շրջանակում, երեխաները անցնում են պատերազմի ձեւեր դասը, եւ երեխաներին հրամցնում են պատերազմի երկու ձեւերի հնարաւորութիւն, արդար եւ անարդար պատերազմներ, եւ երեխան սովորում է փոքրուց երկու տեսակ պատերազմ, արդար եւ անարդար: Պէտք է երբեք չզիջել պատմութեան մեր կողմը եւ եթէ քննադատական մտածողութիւնը պարտադրւում է վերեւից, որը իրականում բացասական երեւոյթ չէ, բայց օրինակ արտասահամանեան գրականութեան մէջ ասում են to what extent, լաւ ինչքա՞ն, մի երեւոյթի շուրջ, որ կայ արդարութեան եւ անարդարութեան հասկացութիւն:

 

– Ինչ խորհուրդներ կը տայիք մասնաւորապէս սփիւռքահայ ուսուցիչներին եւ ծնողներին, որոնք առաջին անգամ դասաւանդում կամ ներկայացնում են արցախեան պատերազմների թեմաները իրենց աշակերտներին եւ մերձաւորներին:

– Պատմութեան դասաւանդումը շատ քաղաքական է, ինքը որպէս առարկայ ոչ միայն լուծում է ակադեմիական խնդիր, այլ՝ քաղաքական նկատառում է: Այն փաստը, որ մենք ցանկանում էինք ինքնութիւն ձեւաւորող էլեմենտներ մտցնել շատ ժամանակ ունի հիերարխիկ բնոյթ, որովհետեւ ինքն ունի քաղաքական էլեմենտ: Սփիւռքի օջախներում հնարաւորութիւն ունենք պատմութեան առարկան հետաքրքիր ազատութեամբ նաեւ դասաւանդել, առանց կաշկանդւելու եւ խաղաղութեան օրակարգին հետեւելու պարտադրանքի, զուտ մեր հայրենասիրական տեսանկիւնից նկարագրելով այն ինչ-որ եղել է եւ փաստ է: Հէնց մեր ֆիդայական շարժումները, մեր հերոսութիւնները ներկայացնելը, իրողութիւնների մասին վեր հանել, այդ մասին բարձրաձայնելուց այսօր կաշկանդւում են Հայաստանում ուսուցիչներից շատերը:

 

– Որոնք են խաղաղութեան կրթութեան իրագործելիութեան սահմանափակումները յետկոնֆլիկտային պայմաններում եւ որքանով է խաղաղութեան կրթութիւնը իրագործելի:

– Ինքն արդէն մի արտայայտութիւն է, որն արդէն շատ մեծ սահմանափակում է ներառում, եւ չպէտք է ընդունենք, որպէս մեր ներսից եկող օրակարգ, որովհետեւ մեր հետազօտութեան շրջանակում փաստում ենք Հայաստանը պարտադրւել է խաղաղութիւն օրակարգի հանրակրթութիւն կազմակերպել: Այս իրողութիւնը սահմանափակում եւ կառկամում է ուսուցչի ազատ պրակտիկան, եւ ուսուցիչն այնքան զգուշանում է, եւ հէնց այդ փաստն էլ ներկայ կառավարութիւնը դիտարկում է, որպէս սպառնալիք, որովհետեւ Սփիւռքը չի խորշում հայրենասիրական էլեմենտից, իսկ այսօրւայ Հայաստանում վախենում են հայրենասիրութիւն սովորեցնել՝ հաւասարեցնելով դա ազգայինականութեան հետ:

 

– Ինչպէս է հնարաւոր պահպանել պատմական յիշողութիւնը եւ վերադարձի իրաւունքը մեր սերնդի մօտ:

– Ըստ երեւոյթին այն հնարաւոր չի լինի միայնակ կատարել, այն պէտք է լինի նաեւ պետութեան առաջադրանքը, համապատասխան յիշողութիւն սերմանել եւ օպտիմիզմը, լաւատեսութիւնը պատմութեան առարկայի շրջանակում չկորցնել: Եւ եթէ սա հնարաւոր լինի ապա միայն ուսուցիչների եզակի տեսակների շնորհիւ, որ անկախ ՀՀ իշխանութիւնների պատւէրին գտնում են ելքն թէ ինչպէս է հնարաւոր խօսել աշակերտների հետ արցախեան թեմայի մասին, ոչ թէ որպէս փակ թեմա, այլ այն, որ մենք սխալւել ենք պարտւել ենք եւ ընդամէնը պէտք է մտածել հարեւանների հետ խաղաղ համակեցութեան մասին, հետեւաբար անհրաժեշտ է մտածել թէ ինչն էր մեր սխալը, համախմբւենք:

Օրինակ մեր հետազօտութեան շրջանակում ուսուցիչները պատմում էին թէ աշակերտներից շատերը դասարան են մտնում պատրաստի կարծիքներով, յատկապէս քաղաքական կողմնորոշում ստանում են մեդիայի միջոցով: Մինչդեռ, պատմութեան ուսուցիչների մտքին մենք կառչում էինք նախկինում, ուսուցչի դերը շատ է փոխւել:

 

– Ձեր կարծիքով արդեօք Սփիւռքի հայրենասիրութիւնը մասնաւորապէս դպրոցներում հայրենասիրական թեմաների մասին խօսելը կարող է  ազդել հայաստանեան դպրոցների վրայ, ինչպէս եւ ընդհանրապէս դուք ինչպէս էք պատկերացնում կապը Սփիւռքեան դպրոցների եւ հայաստանեան դպրոցների միջեւ:

– Ինչ հետաքրքիր կէտ էք ասում, չէի մտածել, ինչ էլ որ լինի այս երկուսի միջեւ յարաբերութիւնը պէտք է լինի շատ զգոյշ: Սփիւռքը պէտք է շատ զգուշութեամբ մօտենայ Հայաստանի կրթութեան որեւէ օղակի հետ շփւելուց: Արտակարգ ուսուցիչներ ունենք մենք: Ուսուցիչներ որոնք հայրենասէր են եւ նոր միջավայրում փորձում են փոխանցել հայրենասիրութիւնը, ուսուցիչներ որոնք պարանների վրայ քայլելով են փորձում հասնել ելքի, բայց Սփիւռքում կայ աւելի ազատ միջավայր: Գիտելիքի փոխանակումը, պէտք է լինի շատ զգոյշ եւ հայրենասիրութեան կարեւորութիւնը սփիւռքը երբեք չպէտք է կորցնի, հիմա ինչքան շատ շփում լինի ՀՀ կառավարութեան հետ նոյնքան Սփիւռքն է տուժելու եւ կերպան է փոխւելու:

 

– Շնորհակալ եմ, տիկին Գուլումեան:

– Ես նոյնպէս շնորհակալ եմ:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Related Articles

Back to top button