
1. Հայաստանում քաղաքական հերթական աշունն է։
Հնչում են հերթական յայտարարութիւններ՝ հասարակա-քաղաքական, ինչու ոչ նաեւ տնտեսական ասպարէզներում յաջողակ , թէ՛ ձախողած անհատների ու միաւորների կողմից։ Հիմնական թեման ու նիւթը, սակայն, այսպէս ասած՝ 2026-ի պառլամենտական ընտրութիւններն են։
Հայաստանում նմանօրինակ քաղաքական աշունների ենք ականատես եղել առնւազն երեք տասնամեակ,որոնք սակայն, ցաւ ի սիրտ, չբերեցին ազգային-պետական-քաղակական- կայացածութիւն՝ հասարակայնութեան լայն շերտերում։ Այլապէս՝ հէնց շուրջ երեք տասնամեակ անց ՀՀ-ում չպիտի պատահէր «թաւշեայ» կոչւած աղանդաւորական յեղաշրջումը…։
2. Ազգային ու պետական-քաղաքական չկայացածութեան վերջին եօթը տարիների «արգասիքների» մասին խուսափելով կրկնութիւններից, միայն բաւարարւենք այն աննախադէպ հանգամանքով, որը պատուհասել է Հայոց Առաքելական Ս. Եկեղեցուն՝ վերջնիս բարձրաստիճան սպասաւոր-հոգեւորականների բանտային կալանքի արգահատելի արարքով։
Առնւազն նախորդ եւ սոյն տարւայ յուլիսեան դէպքերը ապացուցել էին աշնանից առաւել՝ քաղաքական թէժ ամռան իրողութիւնը, բայց դա էլ լոկ յատկանշւեց մի քանի դատապարտանքի խօսքերով ու յայտարարութիւններով՝ ինչպէս երկրի, այնպէս էլ արտերկրի ազգային-եկեղեցական շրջանակների կողմից։
Իհարկէ, խոստովանենք, որ «Սրբազան Շարժման» առաջին թիրախները հանդիսացող Միքայէլ եւ Բագրատ սրբազանների եւ միւս քաղբանտարկեալների «դատավարութիւններն» ինքնին առիթներ են՝ վախկոտ իշխանութիւնների համընդհանուր սրբապղծումները վերստին բարձրաձայնելու համար։ Բայց թէ դրանք ինչքանո՜ վ են շարժելու հասարակական առաւելաբար թմբրած ու անտարբեր խաւերի զգօնութիւնը, մնում է մտահոգութեան առարկայ, ապագայի հաշւին բազմապիսի հարցականներով ու անորոշութիւններով…։
3. Ինչ խօսք՝ բարձրաստիճան հոգեւորականներն, որպէս սեփական ազգի սրբադաս հաւատամքների սպասաւորներ, հրապարակ են իջել պաշտպապելու նոյն ազգի ինչպէս հոգեւոր, այնպէս էլ՝ ազգային հրամայականները։ Այդ առաքելութեան մէջ նրանք եղել են խիստ սկզբունքային եւ որ կարեւոր է՝ իրենց հաւատարմութիւնն են ապացուցել իրենց իսկ ազատախոհ եւ ազգապահպան նախորդների, յանձինս Խրիմեան Հայրիկների, որոնք հարկ եղած դէպքում, հէնց միեւնոյն ազգի սիրոյն, նրան մղել են չտրւելու «թղթէ շերեփ»-ների խաբկանքներին, երբ յատկապէս ներքին ու արտաքին թշնամիները ոտնատակ են տւել ազգի կենսական իրաւունքներն ու սրբութիւնները՝ բարոյական, թէ՛ նիւթական, հոգեւոր, թէ՛ աշխարհական։
4. Բռնապետ իշխանաւորների վախերն լոկ Եկեղեցու քաջ սպասաւորների կալանաւորմամբ չի սահմանափակւում։ Նրանք իրենց բոլոր կարգի ազգակործան սրբապղծումներն «արդարացնում են» մերօրեայ կրկնակի սրբապիղծ քարոզչամիջոցներով, որոնք փայլուն կերպով ի զօրու են մոլորեցնելու առանց այն էլ անտարբեր ու ապաքաղաքականացւած հասարակայնութեանը։ Այս ճամբին էլ , այնքան են լկտիացել , որ Երեւան այցելած մոսկովաբնակ ազգային բարերարին, սեփական եկեղեցին պաշտպանելու համար կալանքի են ենթարկում, որպէսզի յանկարծ նոյն բարերարը յայտ չներկայացնի, ասենք, 2026-ի խնդրոյ առարկայ ընտրութիւններին…։
5. Հիմա՝ հարց է առաջանում նաեւ մեզ՝ Հայաստանի ապագայով մտահոգ արտերկրացու համար. -ինչքանո՞ վ է երաշխաւորւած , ասենք, նոյնիսկ կոնսոլիդացւած (համագործակցած) եւ համախմբւած ընդդիմութեան յաղթանակը՝ գալիք ընտրութիւններում…։ Չէ՞ որ նոյն ընդդիմադիրներից հէնց շատերի կարծիքով՝ անցնող երեք ու կէս տասնամեակներում ՀՀ-ում նորմալ ընտրութիւններով իշխանափոխութիւն տեղի չի ունեցել…։
– Ի՞ նչ երաշխիք՝ իրական իշխանափոխութեան, երբ Արցախ յանձնած, Մեծ Եղեռնը ուրացած ու Արարատը թուրքական համարած սրբապիղծների քաղաքական, քարոզչական, նիւթական ու այլ կարգի բացայայտ հովանաւորման դերն են ստանձնել ոչ աւել, ոչ պակաս՝ թուրք-ադրբեջանական դաշինքն ու «ժողովրդավա՜ր ու խաղաղասէ՜ր» եւրո-արեւմուտքը…։
– Ի վերջոյ ի՜ նչ երաշխիք արդար ընտրութեան ու յատկապէս ընդդիմութեան ցանկալի յաղթանակի, երբ բոլորի աչքի առջեւ է 2021-ի «ընտրութիւնների» փորձը։
Մէկ խօսքով, ազգային ուժերն ու մինչեւ իսկ կոնսոլիդացւած ընդդիմութիւնը նախքան կապիտուլանտի ու իր խունտայի ձեւաւորելիք խաղադաշտ մտնելն ու նրա «կանոններով» շարժւելը, պէտք է մտածի եւ խորքային քննութեան ենթարկի համաժողովրդական իրական իղձերի կենսագործման կարելիութիւններն ու այդ գծով՝ մարտավարական նոր ուղիների ուրւագծումը…։
* * *
Օրերս Երեւանեան ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ խոնարհ, բայց բարձրաղաղակ «Ձայն հնչեցրեց» հերոսածին մայրը՝ յանուն հազարաւոր նահատակների արեան ու հոգու կանչին հաւատարիմ լինելու բարոյական մեծագոյն պարտաւորութեանը…
Մեր հայեացքը արտերկրից եւս սեւեռւած է այդ փրկարար կանչին, որպէս հիմք՝ իրական եւ ոչ տխուր ու հերթական քաղաքական աշունների…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու