Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռուբէն Սաֆրաստեան. «Մինչեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան պայմանագիր չկնքւի, Թուրքիան ՀՀ հետ յարաբերութիւնների կարգաւորման չի գնայ, դրանից յետոյ էլ կը դնի «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը»

Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնների մասին Tert.am-ը զրուցել է ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Ռուբէն Սաֆրաստեանի հետ։

– Պարո՛ն Սաֆրաստեան, յունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախօսազրոյց են ունեցել եւ խօսւել է առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորման մասին, որքանո՞վ էք հնարաւոր համարում, որ Թուրքիան նախապայման չի դնի այլեւս։

– Հայաստանի դիրքորոշումը ՀՀ գոյութեան հէնց ամենասկզբից եղել է Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորում՝ առանց նախապայմանների։ Վերջին շրջանում Թուրքիան յայտարարում է, որ ինքն էլ է կողմնակից առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորմանը։ Այստեղ մի կարեւոր հանգամանք կայ՝ Թուրքիան ամենաբարձր՝ նախագահի, մակարդակով յայտարարել է՝ մինչեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագիր չկնքւի, Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման չի գնայ։

Իմիջիայլոց, երկու երկրների ղեկավարների հեռախօսազրոյցի պաշտօնական հաղորդագրութեան տեքստը նոյնն է մամուլում, սա շատ կարեւոր է։ Հաղորդագրութեան մէջ չի նշւում, որ Թուրքիան պնդում  է՝ նախապէս պէտք է ստորագրւի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդ պայմանագիրը, բայց նաեւ ընդհանուր է ասւում, որ Թուրքիան առանց նախապայմանների է ուզում Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորել։

Ես դրանից եզրակացնում եմ՝ փաստօրէն, Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը եւ սպասում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կը կնքեն պայմանագիր, նոր դրանից յետոյ քայլեր կը ձեռնարկի յարաբերութիւնների կարգաւորման հարցում։ Պարզ է, որ Հայաստանը պատրաստ է յարաբերութիւները կարգաւորել առանց նախապայմանների. 30 տարի պատրաստ է եղել, հիմա էլ պատրաստ է։

Ինչպէս ասացի՝ Էրդողանն է յայտարարել, որ մինչեւ խաղաղութեան պայմանագիր չլինի, Թուրքիան քայլեր չի ձեռնարկի, դա սոսկ յայտարարութիւն չէ, դա որոշում է, որը ընդունւել է Թուրքիայում ամենաբարձր մակարդակով եւ Թուրքիան այդ որոշումը չի փոխել։

– Հայկական կողմը յայտարարում է, որ մէկ ամսւայ մէջ կարող ենք կնքել այդ խաղաղութեան պայմանագիր ասւածը եւ որ ադրբեջանական կողմն է արհեստական խոչընդոտներ ստեղծողը։

– Թուրքիայի տեսակէտից դա այդպէս չէ, նրանց տեսակէտից խոչընդոտողը Հայաստանն է։ Իրենց համար դա կարեւոր էլ չէ, նրանք ասել են յարաբերութիւնների կարգաւորման կը գնանք, կը սկսենք քայլեր ձեռնարկել մինչեւ պայմանագիրը կը լինի, այնպէս որ սա Թուրքիայի համար վերջնական որոշում է, նա այդ որոշումից չի հրաժարւի։

– Պարո՛ն Սաֆրաստեան, սկզբում Թուրքիան որպէս նախապայման խօսում էր Լեռնային Ղարաբաղի հարցից, հիմա խաղաղութեան պայմանագրի կնքում, ի՞նչ երաշխիք կայ, որ յետոյ նոր նախապայման չեն դնի։

– Իմ վերլուծութեամբ, մինչեւ չստորագրւի խաղաղութեան պայմանագիրը, Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկի։ Պայմանագրի ստորագրելուց յետոյ Թուրքիան երրորդ երկրների քաղաքացիների, դիւանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը կը բացի, բայց կաշխատի իր ձեռքը պահել Հայաստանի վրայ ճնշման ինչ-որ միջոց, որ երկրորդ պահանջը ներկայացնի Հայաստանին՝ միաժամանակ յայտարարելով, թէ ոչ մի նախապայման չունի։

Երկրորդը պահանջը կը լինի «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրը։ Այստեղ մենք ունենք որոշակի ժամանակ, որովհետեւ հիմա Թուրքիայում կառուցում են երկաթգծի այն հատւածը, որը Թուրքիայի տարածքով պէտք է անցնի եւ կապի Նախիջեւանի երկաթգիծը Թուրքիայի երկաթգծերի համակարգերի հետ, այդ շինարարական աշխատանքները 2-3 տարի կը տեւեն։

Դրա համար է, որ հիմա Թուրքիան այս պահին շահագրգռւած չէ միանգամից «Զանգեզուրի միջանցք»-ի հարցն էլ լուծի։ Ուստի նրանք նախ կը լուծեն Ադրբեջանի եւ Հայաստանի պայմանագրի հարցը, բայց կաշխատեն վերջանական որոշում չունենալ, վերջնականօրէն սահմանը չբացել, դա կը պահեն որպէս միջոց՝ Հայաստանի վրայ ճնշում գործադրելու «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով։

«Զանգեզուրի միջանցք»-ն արժէ՞ զիջել յանուն Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման, արդեօք դա այն գինն է, որ պէտք է վճարել այդ յարաբերութիւնների կարգաւորման համար։

– Հայաստանը չպէտք է հրաժարւի իր այդ տարածքներից. մինչեւ հիմա Հայաստանը չի տրւել այդ պահանջներին, չի զիջել եւ համոզւած եմ՝ չի զիջի իր իրաւունքը. խօսքը կարող է գնալ միայն կոմունիկացիայի մասին, որ Հայաստանը տրամադրի կոմունիկացիան։ Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը լիովին հրաժարւի վերահսկողութիւնից, կարծում եմ՝ Հայաստանը դրան չի գնայ։ Հնարաւոր են որոշակի քայլեր, օրինակ, աւելի կը հեշտացւի մաքսային ծառայութիւնները։

– Թէկուզ այդ փոքրիկ զիջումները, կոմունիկացիայի տրամադրումը մեր շահերին չե՞ն հակասի, մեզ չե՞ն վնասի։

– Կոմունիկացիան կարեւոր է Թուրքիայի, Ադրբեջանի համար, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի համար։

– Պարո՛ն Սաֆրաստեան, մեր շահերից խօսենք։

– Մենք կարող ենք ասել՝ չէ չենք տալիս, բայց արդեօք կը կարողանանք ճնշմանը դիմանալ, երբ ԱՄՆ էլ է ցանկանում, պէտք է խելօք դիւանագիտութիւն վարւի. սկզբունքային հարցում չպէտք է զիջման գնանք, տարածքը մերն է, բայց կոմունիկացիան պէտք է փորձել, սա պէտք է լինի մեր ճիշտ մօտեցումը։ Դա մեզ օգուտ էլ կը բերի։ Հայաստանը օգուտ կը ստանայ այն ապրանքներից, որ անցնելու են Հայաստանի տարածքով եւ նաեւ Հայաստանը հսկողութիւն կունենայ այն ապրանքների վրայ, որոնք անցնում են։ Կիմանանք՝ ինչ են փոխանցում, կարող ենք թոյլ չտալ, եթէ տեսնենք ապրանքը մեզ համար վտանգաւոր է։ Կարծում եմ՝ կոմունիկացիան պէտք է թոյլ տանք, բայց տարածքը մերն է եւ պէտք է մեզ մնայ, սա պէտք է լինի մեր դիւանագիտութեան կարեւոր խնդիրը։

Զրոյցը՝ ԱՄԱԼԻԱ ԱՌԱՔԵԼԵԱՆԻ

Related Articles

Back to top button