Այլ

Հետազօտութիւնը բացայայտում է Е վիտամինի պաշտպանական պոտենցիալը մաշկի համար

Պեկինի համալսարանի գիտնականների խումբը Սիցին Վանի գլխաւորութեամբ հետազօտութիւն է իրականացրել, որի արդիւնքները հրապարակւել են Skin Research & Technology ամսագրում։ Նրանց աշխատանքը հետաքրքիր կապ է յայտնաբերել Е վիտամինի եւ ատոպիկ դերմատիտի վտանգի նւազման միջեւ։

Ատոպիկ դերմատիտը, որն աւելի շատ յայտնի է որպէս էկզեմա, մաշկի քրոնիկական հիւանդութիւն է, որը յաճախ առաջանում է մանուկ հասակում եւ կարող է պահպանւել ողջ կեանքի ընթացքում։ Այն բնութագրւում է մաշկային պատնէշի թուլացմամբ, ինչը մաշկը զգայուն է դարձնում տարբեր գրգռիչների հանդէպ։ Չնայած բազմամեայ հետազօտութիւններին՝ ստոյգ պատճառները դեռ մինչեւ վերջ ուսումնասիրւած չեն, թէեւ գիտնականները ենթադրում են գենետիկ եւ էկոլոգիական գործօնների համադրման մասին։ Հետազօտութեան շրջանակում չինացի գիտնականներն ուսումնասիրել են չորս վիտամինների ազդեցութիւնը ատոպիկ դերմատիտի առաջացման վրայ՝ վիտամին Е, վիտամին С, կարոտին (վիտամին A-ի նախորդը) եւ ռետինոլ (վիտամին A-ի ակտիւ տեսակը)։ Օգտագործւել է մենդելեեւեան ռանդոմիզացիայի մեթոդը, որը թոյլ է տալիս գնահատել պատճառահետեւանքային կապերը գենետիկ գործօնների եւ օրգանիզմում վիտամինների մակարդակի միջեւ։

Հետազօտութեան արդիւնքները բաւական հետաքրքիր էին։ Յայտնաբերւել է, որ Е վիտամինի շատ օգտագործումը կապւած է ատոպիկ դերմատիտի 14 տոկոսով նւազման հետ։ Հետաքրքիր է, որ հետազօտւած միւս վիտամինները՝ С-ն, կարոտինը եւ ռետինոլը, նման պաշտպանիչ արդիւնք չեն ցուցաբերել։

Գիտնականները լրացուցիչ ուսումնասիրութիւն են կատարել, որպէսզի բացառեն այլ գործօնների հնարաւոր ազդեցութիւնը ստացւած արդիւնքների վրայ։ Հաստատւել է, որ ստացւած էֆեկտն իսկապէս կապւած է Е վիտամինի հետ։

Բայց հետազօտողները զգուշութիւն են ցուցաբերում իրենց եզրակացութիւններում։ Նրանք ընդգծում են, որ դա չի նշանակում, որ Е վիտամինի ընդունումը հաստատ կը կանխի ատոպիկ դերմատիտի զարգացումը։ Դրա դերը հետագայ ուսումնասիրման կարիք ունի։

Հետազօտութիւնն ընդգծում է սնւելու կարեւորութիւնը մաշկի առողջութեան համար։ Е վիտամինը, որը պարունակւում է ընկոյզներում, սերմերում, բուսաիւղում եւ կանաչատերեւ բանջարեղէններում, կարող է աւելի զգալի դեր խաղալ մաշկի առողջութեան պահպանման հարցում։ Սակայն Е վիտամինի օպտիմալ չափի որոշման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազօտութիւններ։

Մասնագէտները խորհուրդ են տալիս հաւասարակշռւած սնւել՝ հարուստ տարբեր վիտամիններով եւ հանքանիւթերով։ Այս մօտեցումը կարող է յատկապէս օգտակար լինել ատոպիկ դերմատիտի հակւած կամ արդէն այդ հիւանդութեամբ տառապող մարդկանց համար։

News.am

Related Articles

Back to top button