Սնունդը մեծ դեր է խաղում Ալցհէյմերի հիւանդութեան կանխարգելման գործում

Լեհ գիտնականների նոր ուսումնասիրութիւնները, որոնք հրապարակւել են «Nutrients» ամսագրում, ցոյց են տալիս, որ սննդակարգը առանցքային դեր ունի Ալցհէյմերի հիւանդութեան կանխարգելման գործում։ Մասնագէտներն ուսումնասիրել են դիետայի ազդեցութիւնը աղիքային միկրոբիոտայի եւ դրա միջոցով ուղեղում տեղի ունեցող գործընթացների, ներառեալ բորբոքման եւ լիպիդային փոխանակութեան վրայ։ Հաւասարակշռւած միկրոբիոտան նպաստում է պաշտպանիչ կարճաշղթայ ճարպաթթուների արտադրութեանը, մինչդեռ անհաւասարակշռութիւնը կարող է արագացնել նէյրոդեգեներացիան։
Ուղեղի առողջութեան համար առաւելագոյն օգուտ են տւել միջերկրածովեան դիետան, DASH-ը եւ դրանց հիբրիդը՝ MIND-ը։ Այս սննդակարգերը հարուստ են բջջանիւթով, օմեգա-3-ով եւ պոլիֆենոլներով, աջակցում են օգտակար բակտերիաների աճին եւ կապւած են ճանաչողական ֆունկցիայի անկման աւելի ցածր ռիսկի հետ։ Հեռանկարային ուղղութիւն է համարւում նաեւ փոփոխւած «կետօ-միջերկրածովեան» դիետան, որը համատեղում է կետոզը հակաօքսիդանտային պրոֆիլի հետ՝ պահպանելով բջջանիւթի մուտքը։
Ընդհակառակը, արեւմտեան տիպի սննդակարգը՝ վերամշակւած մթերքներով, շաքարի եւ ճարպերի աւելցուկով, նւազեցնում է միկրոբիոտայի բազմազանութիւնը եւ բարձրացնում բորբոքային մոլեկուլների մակարդակը, ինչն արագացնում է աղիքային եւ ուղեղի պատնէշների վնասումը եւ մեծացնում դեմենցիայի ռիսկը։
Գիտնականները նաեւ նշում են պրեբիոտիկների, պրոբիոտիկների եւ ծովային ջրիմուռների պոլիֆենոլների ներուժը՝ միկրոբային հաւասարակշռութիւնը վերականգնելու եւ բորբոքումը ճնշելու համար։ Ընդ որում, ընդգծւում է անհատականացւած մօտեցման եւ կլինիկական փորձարկումների անհրաժեշտութիւնը՝ պատճառահետեւանքային կապը հաստատելու համար։
News.am