Դաւիթ Իշխանեան. «Բոլորիս պարտքն է՝ անարդիւնք չթողնել մեր հայրերի, քոյրերի, եղբայրների եւ զաւակների թափած արիւնը»
ԼՂ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանն ուղերձ է յղել Լեռնային Ղարաբաղի անկախութեան Հռչակագրի ընդունման օրւայ առիթով, որում ասւած է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի պետականութեան կայացման հիմնական փուլերից մէկը 1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր: 32 տարի առաջ հռչակւելով Արցախի Հանրապետութիւն մեր երկիրը կայացել է որպէս հայկական պետութիւն՝ «յարգելով ու հետեւելով Մարդու իրաւունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրաւունքների մասին միջազգային համաձայնագրի, քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրաւունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրութեան ըմբռնումն ու աջակցութիւնը»:
32 տարիների ընթացքում Արցախը դիմագրաւել է 2 լայնածաւալ պատերազմ, ապրել ենք յաղթանակի բերկրանքը, ձեւաւորւել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգաւաճել է, սակայն թշնամին 2020 թ.-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետութիւնը:
Արցախի պետականութեան համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնւել է. առօրեայ, կենցաղային դժւարութիւնները յաղթահարող մեր հայրենակցից մինչեւ դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում:
Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդիւնք չթողնել մեր հայրերի, քոյրերի, եղբայրների եւ զաւակների թափած արիւնն ու քրտինքը: Շնորհաւորում եմ բոլորիս Հանրապետութեան օրւայ առթիւ, մաղթում ուժ ու կորով, տոկունութիւն, համբերութիւն, արժանապատիւ ու բարեկեցիկ ապագայ»: