Ալիեւը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում

Ադրբեջանի կառավարութիւնն օրէցօր մեծացնում է ճնշումը Փաշինեանի վրայ՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու համար։
Փաշինեանն ու Ալիեւը տարբեր դրդապատճառներով են առաջ մղում այսպէս կոչւած խաղաղութեան ծրագրի հարցը։
Փաշինեանի նպատակն էր յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններում ապահովել հայ ընտրողների քւէները եւ պահպանել իշխանութիւնը՝ մոլորեցնելով նրանց՝ իբր խաղաղութիւն է հաստատել։
Միւս կողմից, Ալիեւը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Նա չի շտապում աւարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիրը։ Տեսնելով, որ Փաշինեանը պատրաստակամօրէն ընդունում է իր բոլոր պահանջները, Ալիեւը պահանջում է նորանոր զիջումներ՝ ինչպիսիք են՝ Հայաստանի տարածքում գտնւող նախկին ադրբեջանական անկլաւների վերադարձը, երկու երկրների միջեւ սահմանի «սահմանազատման եւ սահմանագծման» քօղի տակ հայկական նոր տարածքների կորզումը, Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնը եւ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը։
Ադրբեջանցիների վերաբնակեցումն իրականացնելու նպատակով Ալիեւը մի շարք կարեւոր քայլեր է ձեռնարկել.
- Հիմնադրել եւ ֆինանսաւորել է «Արեւմտեան Ադրբեջանի համայնք» անւամբ կազմակերպութիւնը։
- Պնդում է, թէ Հայաստանն այլընտրանք չունի, քան համաձայնել 300 հազար ադրբեջանցիների վերադարձին։
- Առաջ է մղում վերաբնակեցման ծրագիրը՝ կազմակերպելով Ադրբեջան այցելող օտարերկրեայ պաշտօնեաների հանդիպումները «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» խորհրդի հետ։
- Համաժողովներ է կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թւում՝ անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի շէնքում։
Այդուհանդերձ, հայութեան մեծ մասը տեղեակ չէ, որ Ալիեւն աւելի ծանրակշիռ նախաձեռնութիւն է կեանքի կոչել։ Նա ՄԱԿ-ի բոլոր անդամ պետութիւններին փոխանցել է «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» երկու դիմումները. առաջինը՝ 2023 թ. յունւարի 17-ին՝ երեք էջով, երկրորդը՝ 2023 թ. մարտի 14-ին՝ ինը էջով, որպէսզի ապահովի միջազգային հանրութեան աջակցութիւնն իր վերաբնակեցման ծրագրի համար։

Յունւարի 17-ի դիմումում Ադրբեջանը խնդրել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային եւ Անվտանգութեան խորհրդին ճնշում գործադրել «Հայաստանի կառավարութեան վրայ, որպէսզի վերջինս միջազգային գործընթացի շրջանակներում ապահովի էթնիկ ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիւ վերադարձն իրենց տները Հայաստանում» եւ երաշխաւորի «վերադարձից յետոյ նրանց կոլեկտիւ ու անհատական իրաւունքները»։
Իր դիմումում Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «բռնութիւնների, կոտորածների եւ մարդկութեան դէմ ուղղւած այլ յանցագործութիւնների, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների խախտումների» մէջ՝ պնդելով, թէ «այս գործընթացը յատկապէս բռնի եւ դաժան բնոյթ է կրել 1905-06, 1918-21, 1948-53 եւ 1988-91 թւականներին»։
Ինչպէ՞ս կարող է Ադրբեջանը մեղադրել Հայաստանին 1905-06 թւականներին էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ զանգւածային բռնութիւններ իրականացնելու մէջ, եթէ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետութիւնը գոյութիւն չի ունեցել։ Թւարկւած միւս ժամանակահատւածները նոյնպէս հիմնւած են կեղծ պնդումների վրայ, քանի որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին այն վայրագութիւնների մէջ, որոնք իրականում կատարւել են ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ՝ Բաքւում, Նախիջեւանում, Սումգայիթում եւ Արցախում։ 1988-1991 թւականներին Խորհրդային Հայաստանում բնակւող ադրբեջանցիները կամաւոր լքել են երկիրը՝ վաճառելով իրենց տներն ու ունեցւածքը։ Ադրբեջանն իր դիմումում նաեւ մեղադրում է Հայաստանին՝ մզկիթներ եւ գերեզմանատներ քանդելու մէջ։ Ադրբեջանն ինքն է ոչնչացրել հազարաւոր հին խաչքարեր, եկեղեցիներ եւ այլ հայկական յուշարձաններ Նախիջեւանում, ինչպէս նաեւ տասնեակ կրօնական եւ մշակութային յուշարձաններ Արցախում։
Սակայն, Ադրբեջանի կառավարութեանը, թշնամական «Արեւմտեան Ադրբեջանի» օրակարգի համար քննադատելու փոխարէն, Փաշինեանը յայտարարել է, որ հայկական ընդդիմութիւնն է Ալիեւին դրդել բարձրացնելու Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը՝ խօսելով հայ փախստականների՝ Արցախ վերադարձի իրաւունքի մասին: Փաշինեանը սխալւում է, քանի որ Ադրբեջանը ՄԱԿ-ին ուղղւած դիմումում հաստատել է, որ «Արեւմտեան Ադրբեջանի համայնքը» ստեղծւել է 1989 թւականին՝ որպէս «Ադրբեջանցի փախստականների ընկերութիւն»՝ արցախահայերի 2023 թւականին վտարումից շատ առաջ:
Անհաւատալիօրէն, Փաշինեանը մերժել է Ալիեւի՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը։ Այնուամենայնիւ, դժւար է վստահել այդ մարդու խօսքերին, որը մի ժամանակ յայտարարել էր. «Արցախը Հայաստան է, եւ վերջ», իսկ աւելի ուշ՝ «Արցախը Ադրբեջան է»։
300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխումը լիակատար աղէտ կը լինի Հայաստանի Հանրապետութեան համար։ Ահա թէ ինչու.
- Վերաբնակեցւած ադրբեջանցիների եւ տեղացի հայերի միջեւ ցանկացած աննշան միջադէպ կարող է առիթ դառնալ, որպէսզի Ադրբեջանը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պատրւակով զօրք մտցնի Հայաստան: ՄԱԿ-ին ուղղւած դիմումում նշւում էր, որ ադրբեջանական «համայնքը չի վստահում այս պետութեանը [Հայաստանին] անվտանգութեան հարցերում»: Այն ձգտում է ադրբեջանցի վերաբնակիչների անվտանգութեանը Ադրբեջանի զինուժի կամ այլ օտարերկրեայ զօրքերի, հնարաւոր է՝ նաեւ Թուրքիայի կողմից։
- ՄԱԿ-ին յղւած ադրբեջանական դիմումում նաեւ նշւում էր, որ Հայաստանում հաստատւելուց յետոյ նրանք պէտք է «ունենան հաւասար իրաւունքներ, որոնք թոյլ կը տան կրթութիւն ստանալ մայրենի լեզւով եւ ադրբեջաներէնը օգտագործել կառավարութեան օրէնսդիր, գործադիր եւ դատական մարմիններում»։ Նրանք կը պահանջեն սեփական դպրոցներ, մզկիթներ, համայնքային կենտրոններ եւ ոստիկանական ուժեր։ Արդիւնքում՝ մեծ թւով ադրբեջաներէնի ուսուցիչներ եւ իմամներ կը բերւեն Հայաստան։ Փաստաթղթում նաեւ նշւում էր, որ «ադրբեջանցիները պէտք է իրաւունք ունենան ձեւաւորելու տեղական անվտանգութեան ուժեր եւ համապատասխան դերակատարում ստանձնեն դատարաններում»։
- Վերաբնակեցւած ադրբեջանցիները կունենան քւէարկելու եւ Հայաստանի խորհրդարանում սեփական պատգամաւորներին ընտրելու իրաւունք, ինչի արդիւնքում կընդունւեն նրանց շահերը պաշտպանող օրէնքներ։
- Հայոց պատմութեան դասագրքերը կը փոփոխւեն այնպէս, որ «չվիրաւորեն» ադրբեջանցի աշակերտների զգացմունքները Արցախի պատմութեան եւ քրիստոնէութեան հարցերում։
- ՄԱԿ-ի դիմումում պահանջում են, որ «Հայաստանի կառավարութիւնը վերադարձնի ադրբեջանցիներին պատկանող գոյքն ու համայնքային հողերը եւ փոխհատուցի դրանց օգտագործումը կանխելու հետեւանքով պատճառւած վնասներն ու կորուստները»։
- Ադրբեջանական կողմի դիմումով նաեւ պահանջւում է, որ «Հայաստանը դադարեցնի ատելութիւն եւ խտրականութիւն սերմանելու իր քաղաքականութիւնն ու գործելակերպն ադրբեջանցիների նկատմամբ, արդարադատութեանը յանձնի ադրբեջանցիների դէմ յանցագործութիւններ կատարած անձանց, անյապաղ դադարեցնի նրանց փառաբանումը, քանդի այդ յանցագործութիւններին մասնակցած ռազմական, քաղաքական գործիչների ու ահաբեկիչների յուշարձանները, ինչպէս նաեւ չեղեալ յայտարարի տեղանունների փոփոխութիւնները»։
Զարմանալի չի լինի, եթէ Ալիեւը առաջիկայում խաղաղութեան պայմանագրի ստորագրման իր նախապայմանների երկար ցանկը համալրի նաեւ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցով։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



