Բագրատ Սրբազան. «Մինչեւ սեպտեմբեր հաւաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենայ մեծ հաւաք»
«ԱԼԻՔ» – Բագրատ Սրբազանի եւ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման ակտիւիստների մարզային այցերի հերթական կանգառը Գեղարքունիքի մարզն է: Երէկ՝ յուլիսի 21-ին նրանք եղել են Նորատուսում եւ Գաւառում ու հանդիպել են բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում Բագրատ Սրբազնը տեղեկացրել է, որ փոխւել է պայքարի մարտավարութիւնը.մինչեւ սեպտեմբեր լինելու է հաւաքագրման շրջան, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի է ունենալու մեծ հաւաք:
«Փոխւել է մեր մարտավարութիւնը, մինչեւ սեպտեմբեր հաւաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենայ մեծ հաւաք։ Այս պայքարը կը մեռնի միայն այն ժամանակ, երբ ես եւ մեզանից իւրաքանչիւրս մեռած կը լինենք»,-ասել է նա։
Բագրատ Սրբազանը նաեւ նշել է, որ բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ այսօր երկիրը կառավարութիւն չունի:
«Թշնամի պետութեան ղեկավարը հանգիստ կարողանում է ցուցումներ տալ։ Ալիեւն ինքն իրեն այնքան արտօնութիւն է տւել, որ մեր երկրի ղեկավարին ասում է՝ եթէ եկել ես Լոնդոն ու Մեծ Բրիտանիայի վարչապետին չես հանդիպում, ապա ինչո՞ւ ես եկել: Ու ցաւալին այն է, որ որեւէ պատասխան չկայ»,- ասել է նա։
Արցախի յանձնումը ծրագրւած էր, մարդն ասում է՝ 2018-ին պէտք է ասէի, որ Արցախը մերը չէ
Գաւառում, Բագրատ Սրբազանն անդրադարձել է նաեւ Արցախի թեմային՝ նշելով, որ Արցախի հետ պատահածը բացառապէս այն իշխանութեան ու կառավարութեան պատասխանատւութիւնն է, որն այդ ժամին գտնւել է ղեկին, մնացած բոլորը հնարովի է։
«Եթէ յաղթանակ լինէր Արցախում, վերագրւելու էր իշխանութեանը, ասելու էին՝ մենք յաղթեցինք, հետեւաբար պարտութեան մէջ ինչո՞ւ պէտք է ուրիշները մեղաւոր լինեն։
Արցախի յանձնումը ծրագրւած էր, մարդն ասում է՝ 2018-ին պէտք է ասէի, որ Արցախը մերը չէ»,- ասել է նա։
Բագրատ Սրբազանը նշել է, որ ՀՀ գործող իշխանութիւնները շարունակում են թիրախաւորել շարժմանը. «Մեր մասին ամէն ինչ ասում են, իբր հակապետական շարժում ենք, իբր սնւում ենք ռուսներից, գործակալական ցանցերից, արեւմտեան աղբիւրներից, սակայն իրենց մասին լռում են, որ սպանել են երկրի էութիւնն ու բովանդակութիւնը, իսկ մենք չենք հանդուրժում այդ ամէնը»։
Իրենք պետութեանը չեն ծառայում
Սրբազանը նաեւ ասել է, որ ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցներն իրենք էլ են հասկանում, թէ ինչ աղէտի մէջ են, բայց ասում են՝ պետութեանն ենք ծառայում։
«Իրենք պետութեանը չեն ծառայում, այլ ծառայում են նեռին, սատանային։ Իսկ նեռը սնւում է արեամբ, ատելութեամբ, չարիքով ու ստով։ Մենք չպէտք է իրեն թոյլ տանք, որպէսզի վայելի այդ ցնծութիւնը»,- յաւելել է նա։
«Տարբեր բաներով են սպառնում, երբեք այսքան հալածանքի շրջան չի եղել, հետեւաբար նշանակում է մեր ճանապարհը ճշմարտութեան ճանապարհ է»,- ասել է նա: