29.743 քառակուսի կիլոմետր VS…
«ԱԼԻՔ» – «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի մասին Փաշինեանի յայտարարութիւններին.
«Նիկոլ Փաշինեանը սկզբում յայտարարոմ էր, որ պայմանաւորւել է Ադրբեջանի հետ այն մասին, որ Հայաստանը 29.800 քառակուսի կիլոմետր է։ Զուգահեռաբար նա ճանաչում էր Ադրբեջանը 86.600 քառակուսի կիլոմետրով՝ ներառեալ Արցախը։
Ալիեւն ընդունեց այդ նւէրը եւ անցաւ նոր պահանջներին՝ որեւէ բառ չարտասանելով ՀՀ–ի քառակուսի կիլոմետրերի մասով։
Հիմա Նիկոլ Փաշինեանն իջեցրել է ՀՀ-ի քառակուսի կիլոմետրերի նշաձողը մինչեւ 29.743 քառակուսի կիլոմետր։ Ալիեւը կրկին լուռ է։ Նա Հայաստանը դիտարկում է որպէս «Արեւմտեան Ադրբեջան»։ Այս պայմաններում ՔՊ–ականների, նիկոլական քարոզիչների հարցադրումն իրենց ընդդիմախօսներին, թէ բա մենք ՀՀ-ն համարում ենք 29.743 քառակուսի կիլոմետրանոց, իսկ ձեր քառակուսի կիլոմետրն ինչքա՞ն է, դեմագոգիկ է ու արհեստական։ Քանզի այն երկիրը, որից Փաշինեանը խաղաղութիւն ու քառակուսի կիլոմետր է մուրում, չի խոստանում ո՛չ խաղաղութիւն, ո՛չ կոնկրետ քառակուսի կիլոմետր։
Ալիեւն ընդունե՞լ է Փաշինեանի հռչակած 29.743 քառակուսի կիլոմետրը։ Ո՛չ, չի ընդունել։ Ալիեւը չի ընդունել նաեւ ՀՀ կառավարութեան ղեկավարի պաշտօնը զբաղեցնողի հնչեցրած թիւն Ադրբեջանի քառակուսի կիլոմետրերի մասով, քանզի սահմանազատման ու սահմանագծման անւան տակ աւելիին է ձգտում։
Մինչեւ Հայաստանը բանակցողին չփոխի ու չյստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալու»,- գրել է նա։