Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յակոբ Բադալեան. «Իշխանութեան վարկանիշը հասել է պատմական նւազագոյնի, ուստի փնջով պաշտօնանկութիւնների անհրաժեշտութիւն էր առաջացել»

«ԱԼԻՔ» – «Մի քանի հանգամանք կարող է լինել այս որոշման մոտիւացիոն հիմքում»: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասել է քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանը՝ անդրադառնալով նախօրէին ՀՀ ուժային եւ իրաւապահ մարմինների ղեկավարների պաշտօնանկութիւններին:

Նախեւառաջ, ըստ նրա՝ Նիկոլ Փաշինեանը փորձում է փոխել իր եւ իր թիմի նկարագիրը. «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաեւ կադրային որոշակի փոփոխութիւններ։ Հիմա, հաշւի առնելով այն, որ իշխանութեան վարկանիշը գրեթէ բոլոր սոցիոլոգիական հարցումներով ակնյայտօրէն մօտենում է կրիտիկական նւազագոյնին, այս իշխանութեանը թարմ արիւն ներարկելու հանգամանքը դառնում է շատ աւելի կենսական։ Սա մի շերտն է»,- ասել է Բադալեանը:

Միւսը, նրա խօսքով այն է, որ գործողութիւնը պէտք է դիտարկել որպես PR կամ քարոզչական ակցիա:

«Այս դէպքում, սակայն, ցուցադրականութիւնը բաւականին մեծ էր, ինչը նշանակում է, որ միայն PR-ի խնդիր չէր, քանի որ այդ պաշտօնանկութիւնները տեղի ունեցան փնջով: Սա նշանակում է, որ քաղաքական մոտիւներն աւելի բազմաշերտ են, եւ ես չեմ բացառում, որ ընդհուպ պայմանաւորւած լինեն արտաքին միջավայրում ինչ-որ փոփոխութիւններով»,- ասել է նա:

Բադալեանի կարծիքով՝ դա էլ Նիկոլ Փաշինեանին բերում է արդէն իշխանութեան ներսում աւելի դինամիկ եւ աւելի խորքային փոփոխութիւններ կատարելու անհրաժեշտութեան:

«Յատկանշական է, որ կադրային փոփոխութիւնների վերաբերեալ այդ փաթեթային որոշումը կայացւում է արտաքին զարգացման երկու էական դրսեւորումների ֆոնին, դրանց միջակայքում մէկը Թրամփի հետ հեռախօսազրոյցն էր, իսկ յաջորդը՝ Նիկոլ Փաշինեանի՝ Վատիկան աշխատանքային այցը: Չնայած նրան, որ բոլորովին հեռու եմ նաեւ ուղիղ կապակցւածութիւն տեսնելուց, բայց վերջին տարիներին՝ պայմանաւորւած պատերազմի պարտութեամբ ու Արցախի կորստով, արտաքին միջավայրի ազդեցութիւնը Հայաստանի ներքաղաքական կեանքում շատ բարձր է»,- ասել է քաղաքական մեկնաբանը:

Հարցին՝ կա՞ն աւելի կոմպետենտ կադրեր, որ կարողանան փոխարինել հրաժարական տւած ղեկավարիներին, որպէսզի Ձեր ասած այդ թարմ արիւնը ներարկւի իշխանութեանը, նա պատասխանել է. «Նախ ճշտում անեմ՝ երբ ասում եմ թարմ արեան ներարկում իշխանութեան մէջ, դա ամենեւին չի նշանակում աւելի կոմպետենտ կադրեր: Եթէ դիտարկում ենք զուտ քարոզչական տպաւորութեան համատեքստում, ապա ինչ-որ անուններն էլ կարող են էֆեկտ ունենալ»:

Ըստ նրա՝ Փաշինեանը հիմա աշխատում է աւելի շատ իր ընտրազանգւածը պահելու, այլ ոչ թէ այն ընդլայնելու համար. «Այսինքն, հիմա նա աշխատում է իր ընտրազանգւածը պահելու ուղղութեամբ, թոյլ չտալու, որպէսզի նւազի այդ ընտրազանգւածը եւ հասնի կրիտիկական աստիճանի։ Եւ այստեղ կարող են որոշումները կայացւել զուտ անունների տրամաբանութեամբ, այսպէս ասեմ՝ դրա էֆեկտով, որովհետեւ կադրային բազան, իհարկէ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան շատ սուղ է: Եւ մենք տեսնում ենք, որ այդ առումով իսկապէս կոմպետենտ կադրերի, մեղմ ասած, խնդիր կայ»։

Բադալեանը նշել է, որ այս փոփոխութիւններն իրեն յուշում են, որ Նիկոլ Փաշինեանի գլխաւոր խնդիրը ոչ թէ կառավարման արդիւնաւէտութեան բարձրացնելն է, այլ՝  քաղաքական կառավարելիութեան կամ իրավիճակի քաղաքական վերահսկելիութեան բարձրացումը։

«Թերեւս նա առանձնապէս խնդիր էլ գուցէ չի դրել փնտրել կոմպետենտ կադրեր եւ թերեւս կը փնտրի քաղաքականապէս աւելի վստահելի կադրեր»,- նշել է նա:

Հարցին էլ՝ նա յիշո՞ւմ է որեւէ դէպք, երբ պաշտօնից ազատւած գերատեսչութիւնների ղեկավարները ինչ-որ բանում հակառակւած լինէին վարչապետին, որով էլ վստահութիւն կը կորցնէին, նա պատասխանել է. «Խնդիրն այն չէ, որ այդ կադրերը նրան հակառակւել են, ինչ-որ խնդիրների առաջ են կանգնեցրել: Նախ մենք չգիտենք, չենք կարող իմանալ ամբողջ ներիշխանական խոհանոցի պատկերը, որովհետեւ այն միշտ չէ, որ ամբողջութեամբ արտայայտւում է հրապարակաւ»:

Այդուհանդրեձ Բադալեանը նշել է, որ պէտք է ուշադրութիւն դարձնել նրան, որ փոփոխութիւնները տեղի են ունենում տեւական ժամանակ ներիշխանական խմորումների ֆոնին:

«Այսինքն, ակնյայտ էր, որ իշխանութեան ներսում տեղի է ունենում յարաբերութիւններ պարզելու մի քիչ բազմաշերտ գործընթաց։ Նաեւ մենք պէտք է նկատի ունենանք, որ 18 թւականից յետոյ Հայաստանի իշխանութիւնը ձեւաւորւել է ոչ մոնոլիտ տրամաբանութեամբ: Իշխանութեան ձեւաւորմանը մասնակցել են ամենատարբեր խմբեր, ուստի դա Փաշինեանի կարդային բազան չէ: Հիմա գուցէ Փաշինեանի խնդիրն այն է,  որ առնւազն դատաիրաւական բլոկում ձեւաւորի իր համար աւելի կուռ համակարգ ու թիմ: Հիմա կը տեսնենք՝ արդեօք նշանակւելու են կադրեր, որոնք կը համարւեն հէնց Փաշինեանինը»,- ասել է նա:

Հարցին էլ՝ հնարաւոր համարո՞ւմ է, որ կը լինեն տեղափոխութիւններ, օրինակ, պաշտօնից ազատւածները կը նշանակւե՞ն այլ պաշտօնների, նա արձագանգել է. «Չի բացառւում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Փաշինեանը խնդրանքի ձեւով ձեւակերպեց իր պաշտօնանկութիւնների որոշումը: Ինչ-որ իմաստով պահեց պաշտօնեաների դէմքը, որոնք հեռացւեցին աշխատանքից: Խնդրանքի պարագան թոյլ է տալիս ասել, որ նրանք աւելի մեծ հաւանականութեամբ գնում են բանկային ռեզերւ, քան հեռանում են»:

Related Articles

Back to top button