Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները ստորագրել են անվտանգութեան փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր
Մոսկւան համաձայնել է «Օրեշնիկ» հրթիռներ տեղակայել Բելառուսի տարածքում
«ԱԼԻՔ» – Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկօն ստորագրել են անվտանգութեան փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստորագրման արարողութիւնը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին Մինսկում Միութենական պետութեան Գերագոյն պետական խորհրդի նիստում։
Միութենական պետութեան բարձրագոյն պետական խորհրդի նիստի աւարտից յետոյ, համատեղ մամլոյ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ Բելառուսում ռուսական նորագոյն «Օրեշնիկ» հրթիռային համակարգեր տեղակայելու վերաբերեալ:
«Ես ուզում եմ հրապարակայնօրէն խնդրել ձեզ, որ Բելառուսի տարածքում տեղակայւեն նոր սպառազինութեան համակարգեր, եւ առաջին հերթին «Օրեշնիկ»-ը»,- Մինսկում փաստաթղթերը ստորագրելուց յետոյ ասել է Լուկաշենկօն:
Նա պարզաբանել է, որ երկիրն ունի այդ զինատեսակների տեղակայման որոշակի վայրեր՝ միաժամանակ ընդգծելով, որ դրանց կիրառման նպատակները կը սահմանի Բելառուսի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը։
«Քանի որ այսօր անվտանգութեան երաշխիքների մասին համաձայնագիր ստորագրեցինք՝ օգտագործելով բոլոր առկայ ուժերն ու միջոցները, «Օրեշնիկ»-ի նման համալիրների տեղակայումը Բելառուսի Հանրապետութեան տարածքում հնարաւոր եմ համարում։
Երկրորդ՝ դա հնարաւոր կը դառնայ, կարծում եմ, յաջորդ տարւայ երկրորդ կէսին, քանի որ Ռուսաստանում այդ համալիրների սերիական արտադրութիւնն աւելանում է, եւ այդ հրթիռային համակարգերը ծառայութեան մէջ են մտնում ռուսական ռազմավարական նշանակութեան ուժերում»,- յայտարարել է ՌԴ նախագահը: