ԹեհրանՀամայնք

Հ. Մ. «Սիփան» միութիւնը բոլորեց իր հիմնադրման 61-ամեակը

61 տարիներ առաջ Թեհրանի հայահոծ «Սասուն» քաղաքամասում ելնելով ժամանակի պահանջից մի խումբ ազգային-գաղափարական ոգով տոգորւած անձանց նախաձեռնութեամբ հիմքը դրւեց Հ. Մ. «Սիփան» միութեան: Միութիւն, որը  իր թիկունքում ունի  վերիվայրումներով լի անցեալ: Միութիւն, որի յարկի տակ ազգային ոգով ու շնչով դաստիարակւել են սերունդներ, որոնք իրենց ներդրումն են բերել համայնքային կեանքում: Եւ ահա միութեան 61-ամեայ բնազմաբնոյթ աշխատանքները, խոչընդոտներն ու յաղթանակները մարմնաւորում էր  սրահում պաստառով տեղադրւած հետեւեալ կարգախօսը՝ «Միութիւն, պայքար, յաղթանակ»:

Թւականիս նոյեմբերի 29-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում նշւեց միութեան 61-ամեակը, նոր սերնդի եւ անցեալի ներկայացուցիչների մասնակցութեամբ: Հանդիսութիւնը մեկնարկեց միութեան Սկաուտական բաժանմունքի դրօշակագարդի, թմբկահարների եւ սկաուտների մուտքով, որոնց ձեռամբ դահլիճում Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ միութեան օրհներգերի հնչեղութեամբ ծածանւեցին դրօշները: «Սիփան»-ի օրհներգը կատարեց միութեան «Կոմիտաս» երգչախումբը, խմբավարութեամբ Լուսինէ Միքայէլեանի:

Հետաքրքիր մտայղացմամբ ծրագրի ընթացքում միութեան իւրաքանչիւր բաժանմունքի նախագահ զեկուցեց պատկան բաժանմունքի աշխատանքները, որոնց նպատակն է՝ միութեան յարկի տակ հայկական ոգով ու առողջ ֆիզիկականով տոգորւած դաստիարակել մատաղ սերնդին: Սկաուտական միութեան զեկոյցը ներկայացրեց Սկաուտապետ՝ Քարմէն Չարմահալին, Արւեստից բաժանմունքինը՝ Արփի Ալավերդեանը, Ուսանողական բաժանմունքինը՝ Վանէ Ղեւոնդեանը, Մարզական բաժանմունքինը՝ Հայկ Մելքոնեանը եւ Երէցների բաժանմունքինը՝ Վիգէն Մակարեանը:

Միութեան համապարփակ աշխատանքների մասին իր խօսքը փոխանցեց միութեան վարչութեան նախագահ Հայկազ Շիրւանեանը: Իր ելոյթի ընթացքում անդրադառնալով միութեան դէմ ծառացած խնդիրներին ու յաջողութիւններին, նա ընդգծեց. «Սրահում տեղադրւած «Միութիւն, պայքար, յաղթանակ» կարգախօսը եղել է ու կը մնայ «Սիփան»-ի եւ քոյր բոլոր միութիւնների կարգախօսը եւ աշխատանքնային սկզբունքը: Միութիւն, հասկացողութիւնը նշանակում է համախմբում եւ միասնական աշխատելու խորհրդանիշ, որի շնորհիւ է, որ քայլում է միութենական աշխատանքը: Պայքարի ոգին մարմնաւորւում է աշխատանքների մէջ, քանզի եթէ չլինի պայքարելու ոգին չի շարունակւելու միութենական աշխատանքը, մենք պայքարում ենք յանուն մեր նպատակների իրականացման եւ Յաղթանակը այն ժամանակ է, երբ արդիւնաւորւում է հետապնդած նպատակները»: Նա ընդգծեց, որ այսօր մեր բոլորի պարտականութիւնն է նոր սերնդին փոխանցել այն ամէնը, ինչ մեզ են փոխանցել մեր աւագ սերունդը, յանուն հայապահպանման: Հայկազ Շիրւանեանը կարեւորութեամբ անդրադարձաւ «Սիփան» միութեան աշխատանքների իրականացման հարցով Ազգային իշխանութեան եւ «Ալիք» հաստատութեան անվերապահ դերակատարութեանն ու աջակցութեանը եւ բոլոր նրանց ովքեր չեն խնայել իրենց կարելին՝ միութեան աշխատանքների իրականացման ուղղութեամբ:

Եզրափակիչ խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը ողջունելով միութեան հիմնադրման ու գործունէութեան տարեդարձը, կարեւորեց միութիւնների դերը ազգապահպանման եւ նոր սերնդի հայեցի դաստիարակութեան հարցով: Նա ընդգծեց, որ միութիւնների յարկի տակ է, որ հայկական մշակոյթն ու միասնական աշխատանքն է փոխանցւում մատաղ սերնդին եւ՝ «Սիրենք միմեանց» կարգախօսը այն առաքելութիւնն է, որը փոխանցւում է միութիւնների յարկի ներքոյ:

Միջոցառման յայտագիրը յագեցած էր գեղարւեստական կատարումներով, ասմունքով հանդէս եկան Վանէ Մակարեանը եւ Վեդի Աւանէսեանը կատարելով՝  «Սասունցիների պարը» բանաստեղծութիւն, Ազգագրական պարերի շարանով ելոյթ ունեցան միութեան «Սիփան» պարախմաբի սաները, գեղարւեստական ղեկավար եւ պարուսոյց Կարինէ Մանուչերեան: Հանդիսութեանը ներկայ էին «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Ալեքս Կարապետեանը, ազգային իշխանութեան ներկայացուցիչներ, քահանայ հայրեր, աւագ ու նոր սերնդի սիփանցիներ:

Տօնակատարութիւնը եզրափակւեց տարեդարձի տորթը կտրելով:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button