Յովհաննէս Աւետիսեան. «Սրանց օրակարգը թշնամու օրակարգի հետ նոյնական է»
«ԱԼԻՔ» – Կառավարման փորձագէտ Յովհաննէս Աւետիսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին Իլհամ Ալիեւի կատարած այն յայտարարութեանը, որ ՀՀ գործող իշխանութիւնները պէտք է սկսեն բանակցել «Արեւմտեան Ադրբեջան»-ի ներկայացուցիչների հետ՝ նրանց վերադարձը Հայաստան իրագործելու նպատակով:
«Ալիեւի յայտարարութեան մասին, թէ Հայաստանը պէտք է սկսի բանակցել «Արեւմտեան Ադրբեջան» կոչւած կեղծ միաւորի հետ՝ նրանց վերադարձը Հայաստան իրագործելու նպատակով:
Զարմանալի չէ, քանզի Ադրբեջան պետութիւնը, յանձինս Ալիեւի, իր առաջ նպատակ է դրել վերացնել հայկական պետութիւնը: Նրա բոլոր քայլերը ուղղւած են հենց սրան, իր եւ Թուրքիայի այս օրակարգը իրագործելուն: Կասկած չունեմ, որ Նիկոլների իշխանութեան ամէն օրը էլ աւելի է դրանց մօտեցնում Հայաստանը վերացնելու ծրագրի իրագործմանը: Վերջին տարիներին հանգել եմ նրան, որ սրանց օրակարգը թշնամու օրակարգի հետ նոյնական է: Այլապէս չէին անի այն բոլոր հակահայ գործողութիւնները, որ հիմա անում են:
Այս պայմաններում, ինձ ամենից շատ ցաւեցնում եւ մտահոգում է մեր հայրենակիցների անհաղորդ լինելը, անտարբեր եւ անպատասխանատու լինելը: Շատերը նոյնիսկ տեղեակ էլ չեն, թէ ինչ է մեր գլխին գալու, իսկ նրանք, որ տեղեակ են, բայց անհաղորդ, կարծում են, թէ հասցնելու են փախչել:
Այս մարդիկ այնքան են կորցրել մտածելու ունակութիւնը, որ չեն գիտակցում, որ փախչել չեն կարողանալու, իսկ իրենց կուտակած ունեցւածքը մնալու է օտարներին: Դուք դեռ ձեզ յոյս տւէք, թէ Հայաստանը ՄԱԿ անդամ պետութիւն է եւ նրա վերացումը կամ մասնատումը անհնար է: Դուք դեռ ձեզ յոյս տւէք. Ուկրաինայի ժողովուրդն էլ նման յոյսեր ունէր, կորցրեց Ղրիմը, յաջորդիւ լինելու է Դոնբասն ու մնացեալ այլ տարածքներ:
Նման յոյսեր ունէին Իրաքն ու Սիրիան նոյնպէս, նայէք թէ քանի մասի են մասնատւել եւ փաստացի ինչ վիճակում են:
Այս գրառումը մեղաւորներ կարգելու համար չէ: Սա հայրենակիցներիս անտարբերութեան վիճակից իմացութեան եւ պատասխանատւութեան դաշտ բերելու համար է:
Ինչքան շատ խօսենք սրա մասին այնքան շատ մարդ կը սկսի գիտակցութեան գալ: Խօսէք ու տարածէք այս ամենի մասին անդադար»,- գրել է նա: