ԱտրպատականՀամայնք

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Քարբալայի ուխտաւորներին սահմանամերձ այց կատարեց

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, օգոստոսի 14-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանի, առաւօտ արշալոյսին ուղղւեց դէ­պի Ուրմիա, գնալու համար Քարբալայի տարեկան ուխտաւորներին տեսութեան, եւ ոմանց բարի ուխտագնացութիւն, իսկ ուրիշներին բարի վերա­դարձ մաղթելու: Ուրմիայում Սրբազան Հօր շքախումբին միացան Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահ­վերդեանը, Պատգամաւորական ժողովի փոխատենապետ Սաքօ Մեջլումեանը եւ Գործակալական խորհրդի ատենապետ՝ Վանիկ Յա­կոբեանսը:

Ուրմիայում, նախքան ճանապարհւելը, շքախումբը հանդիպեց ազգային բարե­րար Էդիկ Մեջլումեանի, նրա «Շենրիզ» ընկերութեան գրասենեակում, եւ ապա ուղղւեց դէպի Իրան-Իրաք սահմանամերձ գօտին՝ Փիրանշահր գիւղաքաղաքը:

Միջկրօնական երկխօսութեան շօշափելի օրինակ հանդիսանալով, ա­ռաջնորդ Սրբազանը շուրջ երկու ժամեր եղաւ մուսուլման ուխտաւորների հետ, հայ եւ ասո­րա­կան համայնքների անունով հաստատւած վրանի տակ, նւիրատւութեամբ Է­դիկ Մեջլում­եանի: Սոյն այցը առիթ հանդիսացաւ հանդիպումներ ունե­նալու պետական եւ ի-րանցի ուխտաւորների հետ, ինչպէս նախագահ Փեզեշքեանի ազգականների, Ուրմիայի Փոքրամասնութեան պատասխանատուի, եւ քուրդական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հաւաքւել էին հայ-ասորական վրանի տակ: Յայտնենք, որ ասորիների պատգամաւոր Շառլի Էնւիէն եւս ներկայ էր, ուղեկցութեամբ ասորական համայնքի կեշէների (քահանաներ):

Առաջնորդ Սրբազանը թղթակիցների բոլոր հարցերին պատասխանեց, յատ­կապէս Իրանի իսլամական հանրապետութեան տարածքում կրօնների երկխօսութ­իւ­նից բացի, իբրեւ համագործակցութեան երեւոյթ գովաբանելով դրանց մէկտեղում նման առիթներով. «Կրօնները իւրայատկու­թիւններ ունեն, սակայն նրանք աւելի արժէ­քաւոր են լինում, երբ այլ կրօնների հետ ո՛չ միայն խօսում են, այլ գործակցում:

Աշխարհի գլխաւոր եւ վատագոյն խնդիր­ներից է թշնամութիւնը, պատերազմը, եւ որի հետեւանքով անմեղ մարդկանց մահը, լինեն նրանք բանակայիններ, եւ կամ սովորական ժողովրդի մեծ կամ փոքր զաւակներ: Ի­րանում մի քանի ամիսներ առաջ տեղի ունեցած յարձակումը Սիոնիստական կառավարութեան օդային ոյժի կողմից, բազ­մաթիւ աւերներ արձանագրեց: Դեռ աւե­լին, Պաղեստինում տեղի ունեցող ամե­նօրեայ անմեղ մարդկանց զոհերը քաղաքա­կիրթ աշխարհի չափն ու սահմանը ան­ցացրել են: Որտե՞ղ են խաղաղութեան մասին արտայայտւող եւ դրա սկզբունքներին սիրահար երկրների ղեկավարները, երբ հազարաւոր երեխաներ սոված են, իսկ միւս կողմից հազարաւորներ դեռ կեանքի երեսը չտեսած, մահը ճաշակեցին: Այսօր, երբ դէպի Քարբալայի մուսուլման սրբավայրը քայլելով են գնում ուխտաւորներ, մենք քաջալերելու ենք եկել նրանց, որպէսզի Աստ­ւած լսի նրանց աղօթքը եւ խաղաղութիւն պար­գեւի աշխարհին»,- ասաց Սրբազան Հայ­րը:

Նշենք, որ հայ ասորական համայնքային սոյն յարգանքի մասին արտայայտւե­ցին նաեւ ասորիների կէշէն, ինչպէս նաեւ հայ եւ ասորի պատգամաւորները Իրանի Իսլ. խորհրդարանի:

Յայտնենք, որ Սրբազան Հայրը իր ընկերակիցների հետ կարճ այցելութիւն տւեց նաեւ քրիստոնէական վրանի դրացնութեան մէջ եղող մուսուլմանական վրան­ներ, մինչեւ Սուննի համայնքի գորգապատ ընդունարանը: Նա մօտեցաւ նաեւ ուխտաւորներին, եւ հաճելի զրոյց ունեցաւ նրանց աւագ եւ կրտսեր սերունդի ներկայա­ցուցիչների հետ:

Related Articles

Back to top button