
Ո՞վ, դէպի ո՞ւր է մեկնում այս կեանքից: Անհաւատ մարդկանց համար դեռեւս կամայական է վայրի ընտրութիւնը, որովհետեւ նրանք չեն հաւատում Աստծու հզօր արդարադատութեանը: Նրանց անհատական մօտեցումը սեփական քմահաճոյքով է կողմնորոշւում, քմծիծաղի թաքուն ձեւականութեամբ, եւ ծաղրանքի նողկալի պահւածքով:
Եկեղեցի յաճախելու, եւ դրա նստարանների վրայ ամենօրեայ աղօթող հաւատացեալ լինելու մարդու փորձը, աստւածային քննութեամբ միայն եզրայանգւող գործ է. այլապէս մարդկային կամքը չի՛ կարող երկնայինը անդրանցնել, կամ մարդկային հասարակութիւնը խաբելու ունակութեամբ, աստւածային հայեացքը շփոթի մատնել…:
Աստւած կարդում է մարդու հոգին, եւ Նա սկզբից ծանօթութիւն ունի արդէն, Իր ստեղծած հողանիւթեայ էակի ինքնութեան մասին:
Դրախտի ճանապարհը աստւածաշընչական ուղղութեամբ յայտնաբերած հաւատաւոր անձը, մանկական օրերից, հաւատացեալ ծնողների ուսուցած կրթութեամբ է հիմնաւորւում: Աստծու անունը տւող բարեպաշտ ծնողը, իր զաւակների հոգեւոր կրթութեանը չի՛ սկսում նրանց չափահաս տարիքում, ո՛չ էլ բարձրաստիճան պաշտօնակատարներ լինելուց յետոյ: Այդ իսկական թատրոնը ամենահարազատ բեմական ելոյթի է վերածւում, երբ պաշտօնական դերակատարները Ամենակալից «գնահատանք» էլ են «խընդրում», աղօթաձայն արցունքներով, ինչպէս նաեւ աղօթական հաւաքներով ճաշի սեղանների շուրջը համախմբւած:
Վախը հոգեւորականների սրտում տեղ չունի: Դեւը կարող է նոյնիսկ եկեղեցում բարձրաձայն գոռալ, վախեցնելու համար կասկածամիտ հաւատացեալներին, սակայն իսկական հաւատացեալները՝ սովորական հաւատացեալներ եւ կամ հոգեւորական կեանքով ուխտեալ անձնաւորութիւններ, չե՛ն հեռանայ եկեղեցուց, իսկ մնացեալների ճանապարհը յայտնի է արդէն՝ ներքին ճամբով, դէպի դժոխք՝ դեւերի վերջնական եւ ստրկական ծառայութեանը յատկացւած վայրը:
Սովետական 70 տարիների մութուլոյս օրերի անորոշութեան ճանապարհներից ընթացող հաւատքը, յատկապէս աշխարհական դասակարգի, ու երբեմն նաեւ դժբախտաբար հոգեւորականաց դասում, ի յայտ բերեց անհեթեթ կարգավիճակում գործի լծւած անձինք: Նրանք ո՛չ ծնողներից, ո՛չ էլ անմիջական շրջապատից են սովորել այն, ինչ որ իբրեւ «բարիք» կատարում են, ի նպաստ Հայաստանեայց Առաքելական մայրենի մեր եկեղեցու բարեկարգութեանը: Դրանք բոլորը մտովին Սատանայից են դաստիարակւել, որը քաջատեղեակ է իր դիւային՝ կործանարար առաքելութեանը, ի կատար ածելու դժոխային իր անքուն ու անդադար գործունէութիւնը:
Նախաճաշակ պատառներով միամիտ մարդկանց միտքը պղտորող, ու անմեղութեան վերմակը իրենց եւ ուրիշների ուսերին տեղադրող «աստւածընտիր» էակները, դեռեւս չեն հասկացել ամբողջութեամբ անմեղ մարդու չգոյութեան ճշմարտութիւնը այս կեանքում:
Ո՞վ ո՞ւմ է մեղաւոր համարում այս կեանքում, երբ աստւածային դատաստանը, սրածայր գրչով արձանագրում է բոլոր մարդկանց յանցապարտ լինելը: Իրենց անձը արդարութեան կեղծ շրջազգեստով ուրիշ մեղաւորների ծանօթացրած մարդկանց, յաւիտենական տանջանք է սպասում, դժոխքի կրակի ամենավառ մասում: Յանցաւորը, յանցաւոր է փնտռում, ա՛յն սպասումով, որ իրենց յանցանքի ծանրութիւնը թեթեւանալու է…:
Սուրբգիրքը ընթերցելու դերասանական մօտեցումը թող արթնացնի խղճի զգացումը, որպէսզի եկեղեցու ճանապարհից քայլող մեղաւորի միտքն ու հոգին ուղղւեն դէպի արդար դատողութիւն…:
Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 11, նոյեմբերի 2025 թ.)



