Ամանորի առիթով տօնական հանդիսութիւն՝ Թաւրիզի հայոց ազգային դպրոցի կազմակերպութեամբ
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – 2023 տարւայ աւարտը ազդանշող վերջին օրերի շրջագծում, դեկտեմբերի 27-ի երեկոյեան, ժամը 19:00-ին տեղի ունեցաւ Թաւրիզի հայոց ազգ. «Թամարեան-Սահակեան» դպրոցի Ամանորի հանդիսութիւնը, որին ներկայ գտնւեցին մեծ թւով թաւրիզահայեր:
Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» հանդիսասրահում, հանդէս եկաւ դպրոցի աշակերտութիւնը, տեսչութեան, ուսուցչական կազմի, հոգաբարձութեան եւ ծնողական խորհրդի համատեղ աշխատանքով ներկայացնելով Ամանորի դաստիարակիչ ծրագիր:
Հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, հանդիսութիւնը հոգեկան հրճւանք պատճառեց բոլորին, տօնական ուրախ օրերի մթնոլորտը պարգեւելով հանդիսականներին, որի այնքան կարօտ է ներկայ բովանդակ աշխարհը:
Դպրոցի ուսուցչական կազմի հայերէնաւանդ ուսուցչուհիներից Լուսիկ Դանղեանը բացման խօսքը կատարեց, խորհրդածական իմաստալից տողերով վերլուծելով Ամանորն ու դրա թողած խոր ազդեցութիւնը մարդկային կեանքի վրայ. «Փռւած թաւշէ գորգի փաթաթւելու նման տարին արդէն գլորւում է, տեղաւորւելու պատմութեան գրկում: Ասւում է ժամանակը փոխում է մարդուն, բայց մարդը չի կարող ժամանակը փոխել. սակայն մարդը կարող է ժամանակը նւաճել բարի գործերով: Իւրաքանչիւրիս հոգու խորքում սպասումներ են ծնւում ապագայի: Չչկորցնենք մեր ոչ մի վայրկեանը եւ Նոր տարում կառուցենք նորը, որպէս նորի ու յաւերժութեան մանրակերտ»,- ասաց Լուսիկ Դանղեանը:
Ապա, բեմավարութիւնը ստանձնեցին աշակերտ՝ Քեւին Սաֆարեանը եւ աշակերտուհի Անգելինա Սարմասդեանը: Նրանք բարի գալստեան խօսք ուղղեցին բոլորին, աշակերտութեան անունից շնորհաւորեցին բոլորի Նոր տարին եւ առաջիկայ Ս. Ծնունդը Յիսուսի Քրիստոսի, եւ հրաւիրեցին իւրաքանչիւր աշակերտի իր մասնակցութիւնը բերելու ծրագրին:
Դպրոցի երգչախումբը, Ամանորի ճոխ երգացանկով ներկայացաւ հանդիսականներին: Աշակերտ-աշակերտուհիներ հերթաբար ասմունքներով հանդէս եկան, մեծ խանդավառութիւն ստեղծելով «Ոսկանեան» հանդիսասրահում: Երաժշական գործիքներով հանդէս եկան Էմելին Մկրտչեանը (ջութակ), Էւանջելինա Օհանջանեանը (հարւածային նւագարան) եւ Օթնիէլ Աբդիշոյեանը (օրգան), ովքեր Ամանորի խանդավառ նւագներ ներկայացրեցին: Հետաքրքիր էր նաեւ, որ աշակերները նաեւ անգլերէն լեզւով Ամանորի երգեր մատուցեցին հանդիսականներին:
Ամանորի հանդիսութեան երկրորդ բաժնում բեմ դուրս եկան Ձմեռ պապիկը, եւ Ձիւնանուշիկը, (Վարդան Գասպարեան եւ Էլինա Անտոնեան), որոնք Ամանորի շնորհաւորանքներով եւ խանդավառ պարերով զւարճացրին ներկաներին:
Թաւրիզի հայոց դպրոցի տեսչուհի Սիլւա Աշըղեանը բեմ հրաւիրւելով, Ամանորի առիթով իր խօսքը ուղղեց հանդիսականներին. «Փոփոխւող եւ նորոգւող ժամանակը նոր յոյսերի եւ նոր մտածումների առիթ է ընծայում մեզ, եւ բացւող օրերի մէջ նոր խոստումներ ենք երազում, ու լաւատեսութեամբ դիմաւորում Նոր տարին: Նոր տարւայ սեմին, մաղթում ենք, որ աշխարհում խաղաղութիւն լինի, եւ մարդկանց միջեւ սէր եւ հաճութիւն: Իւրաքանչիւր պետութիւն իր իրաւունքների տէրը լինի, եւ մարդիկ փոխադարձ յարգանք ունենալով իրար նկատմամբ, վայելեն կեանքի բոլոր բարիքները»,- ասաց նա, շեշտելով, որ միասնականութիւնը պէտք է լինի մեր աշխատանքներում ամենից կարեւոր օղակը:
Տեսչուհին իր շնորհակալութիւնը յայտնեց դպրոցի հոգաբարձութեան, ուսուցչակազմին եւ յատկապէս ծնողական խորհրդին, որը իրականացրել էր ծրագրի բոլոր կազմակերպական աշխատանքները: Այս առիթով, նա Սրբազան Հօր ձեռամբ Ամանորի նւէրներ բաշխեց ուսուցչական կազմի եւ ծրագրի կազմակերպման մէջ դերակատար անձանց:
Սրբազան Հայրը եզրափակիչ իր խօսքը արտասանեց, բարձր գնահատանք յայտնելով Թաւրիզի հայոց դպրոցի մեծ ընտանիքին, նման որակաւոր ծրագիր համայնքին ներկայացնելու համար. «Մեր աշակերտները ակնթարթի մէջ են մեծանում, ինչպէս հեքիաթներում յանկարծակի են աճում երեխաները…: Այս բեմի վրայ երգող ու ասմունքով նախկին աշակերտները, այսօր բարձրագոյն դասարաններում են կամ արդէն համալսարան են յաճախում…: Այստեղ այսօր թոթովող մեր աշակերտները վաղը համայնքի ղեկավարութեան աթոռների վրայ են նստելու: Այս է կեանքի յարատեւութեան խորհուրդը եւ միաժամանակ գեղեցկութիւնը»: Ապա Սրբազան Հայրը գնահատեց տեսչութեան եւ բոլոր ուսուցիչներին ասելով. «Երանի՜ նրանց, ովքեր սերունդ են կազմաւորում, իրենց շնչից, իրենց աշխատանքի ոգուց, ազգի հանդէպ սիրուց նոր սերնդի մէջ կը սերմանեն»: Նա վերջապէս շնորհաւորեց բոլոր ներկաներին. «Թող 2024-ը բոլորիս համար լինի խաղաղութեան տարի: Թող Աստւած ինք փափկացնի մարդկանց խղճերը, որպէսզի պատերազմների ձայները վերջնականապէս դադարեն աշխարհում, եւ ամէն մարդ իրեն սահմանւած կեանքը ապրի ուրախութեամբ, այնքան, որ Աստւած է տնօրինել իւրաքանչիւրի համար»,- եզրակացրեց Սրբազան Հայրը:
Յաւելենք, որ դպրոցին ի նպաստ վիճակախաղ կատարւեց, որի թիւը յայտարարւեց դպրոցի նախկին տեսչուհի Արմինէ Վահրամեանի միջոցով: Օրւայ բախտաւոր հանդիսացաւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Գագիկ Ջորջեանը: Նշենք նաեւ, որ հանդիսութեան դադարին ճոխ բուֆէի հիւրասիրութիւն կատարւեց ծնողական խորհրդի կողմից, որը վայելեցին բոլոր հրաւիրեալները: