ԱտրպատականՀամայնք

ԳԱՐՈՒՆԸ ԲԱՑՒԵԼՈ՞Ւ Է

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱՐՏԱԶ» ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ

Մայիսեան ամսի բացման առաջին օրերին, Ատրպատականում մեր բնութիւնը անձրեւային ու կարկտային խիստ տեղումներով հարւածւեց, բնութենական խախտում արձանագրելով:

Ո՞վ էր յանցաւորը բնութենական սոյն խախտման, եւ կամ ինչպէ՞ս է կատարւում նման փոփոխութիւն…: Տիեզերքի բնութեան մէջ տեղի ունեցող օդային ու ջրային փոփոխութիւնների մասին տեղի ունեցող գիտական ուսումնասիրութիւնները կամ կատարւող լրատւական տեղեկատւութիւնները բացատրութիւններ են տալիս, ոմանք յանցաւոր են համարում մարդ էակը, իսկ ուրիշներ՝ ժամանակը:

Մեր ազգային կեանքի բարդ պատմութիւնը, յատկապէս վերջին հարիւրամեակի շրջագծում, հայոց ցեղասպանութեամբ շեշտւած, ցոյց է տալիս բնութեան հանդէպ ժխտելի իրողութիւնը, երբ ծաղկեալ բնութեան ամսւայ ընթացքում, մեր ազգի զաւակները ջարդի ենթարկւեցին ցեղասպան թուրքի դաժան ձեռամբ:

Այսօր, մեր հայրենիքի կրած ցաւալի կորուստների օրերին, նոյն վիշտը զգաստութեան է հրաւիրում բոլորիս: Մարդկային կորուստների սրտացաւ պահերի հետ միասին, հողային կորուստների ցաւը մեզ վարկաբեկում է հաւաքականօրէն, որովհետեւ նահատակների արեամբ կերտւած մեծածաւալ հողերի կորստից յետոյ, հայրենիքի մի մասը եւս կորում է, թշնամու քմահաճ շարժումներին զոհ դառնալով:

Ազգային կորուստների երկրորդ ամիսը Մայի՞սն է լինելու, որը պտղաբեր լինելու սկզբունքով է ծանօթ բոլորին…: Բնութիւնը այս տարի Ատրպատականում ցոյց տւեց, որ փոփոխութիւնները մեր կամքից անկախ են լինում: Բնութեան մէջ եւս դաւաճանութեան անշնորհք կեցւածք գոյութիւն ունի, որը ատելութիւն է սերմանում հաւաքականութեան կեանքում: Մեր այգեգործն ու պարտիզպան մշակը նեղանալու են բնութեան անարդարութիւնից, թշնամանալու են միմեանց հետ, ատելու են նոյնիսկ ստեղծագործութիւնը, որը իրենց ձեռագործ աշխատանքի հանդէպ անարդար կեցւածք է ցուցաբերելու:

Գարունը արիւնարբո՞ւ է, թէ՞ ծլարձակող հանգամանքով յարգւած ամիս…:

Գարունը ծաղկո՞ւնք է ցուցաբերում, թէ՞ կարկտահար փչացման երանգով է ծանօթ…:

Գարնան կարօտալի պահերը, արեւային ջերմացման օրերն ու ծաղկման եղանակը, սպասելի է բոլոր տարիքի մէջ աճող մարդկանց, երեխաներից սկսեալ մինչեւ գերեզմանի եզրում գտնւող տարեցներին:

«Հայրենիք» հասկացութիւնը միշտ իր տեսանելի եւ շօշափելի սկզբունքներով Մայիս ամիսն է փնտռում, զօրացնելու իր արմատները, ծաղկեցնելու համար իր դաշտներն ու ծլարձակելու իր ծառերը:

Գարունը եթէ անբնական բացում է ունենում բնութեան մէջ տեղի ունեցած անձրեւային ու կարկտային տարափներով, նոյն պատկերացումն է տալիս մարդկային հաւաքական կեանքում հակառակութիւններով ու ներազգային թշնամանքով:

Հայրենիքը սեփական տունն է հային, որտեղ հաշտ կեանքով ու երջանկութեամբ ապրելու են միեւնոյն ազգի զաւակները: Բոլորը միասնաբար ճանաչելու են իրենց ազգային գարնանամուտը, միասնաբար նշելու համար մայիսեան անթառամ օրերի յիշատակը եւ ծաղկեցնելու համար իրենց հայրերից ժառանգւած հայրենիքը: Հերոսանալու այլ միջոցներ չկան հայրենիքում, բացի նրա ծաղկմանի ջրտուքը կատարելուց եւ այն՝ թէ՛ կեանքով, եւ թէ՛ մահւամբ: Թշնամու հետ հակառակութեամբ ծաղկող հայրենիքը միայն կարող է արդիւնաբեր լինել, եւ ո՛չ թէ զիջումներով փոքրացող եւ տկարութեամբ ստրկացող երկիրը, որը ներքին թշնամութեան զարկ տալու ահաւոր ձեւերից է հանդիսանում:

«Գարուն բացւեց, գարուն եկաւ», բայց անձրեւ ու կարկուտ արեան չվերածւեն:

«Զգո՜յշ քայլիր Հայաստանում»…

Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն

«Արտազ» ամսագիր (թիւ 5, մայիսի 2024 թ.)

Related Articles

Back to top button