Հայաստանի վերանկախացման 34-ամեակի առիթով եռագոյն դրօշի օրհնութիւն Թաւրիզում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, սեպտեմբերի 21-ին, առաւօտեան ժամը 11:00-ին, Լիլաւայի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցւած Ս. եւ անմահ Պատարագի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը օրհնեց Հայաստան աշխարհի եռագոյն դրօշը: Ս. Պատարագի Ճաշու ընթերցումը կատարւեց Քարմէն Աբրահամեանի միջոցով:
«Հայր մեր»-ից առաջ, «Ուրախ լեր» շարականի երգեցողութեամբ, Թաւրիզի «Արարատ» կազմակերպութեան սկաւուտական բաժնից երկու արենոյշների՝ Էմելիա Աբրահամեանի եւ Իզաբէլ Սարգիսեանի ձեռամբ դէպի խորան մօտեցւեց Հայաստանի Եռագոյն դրօշը, եռաձեւ փաթաթւած եւ սկուտեղի մէջ տեղադրւած:
Առաքելական նամակի ընթերցումը կատարւեց բարեշնորհ Սեւան սրկ. Ենովքեանի միջոցով: Ապա «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ Կարէն Սարգսեանի, կատարեց շարականների երգեցողութիւնը: Առաջնորդ Սրբազանը ընթերցեց հայրենիքի անվտանգութեան եւ բարգաւաճման նւիրւած աղօթքները, ու օրհնեց եռագոյն դրօշը, մինչ երգչախումբը երգում էր «Ամէն ալէլուիա»-ն:
Իր քարոզում, Սրբազան Հայրը վեր առաւ ընտանիքի սրբութեան գաղափարը եւ աւետարանի հատւածը ընդլայնելով, մեծ ընտանիքի նմանեցրեց հայոց ազգը: Նա շեշտեց ազգային ու հայրենական բոլոր դժւարութիւնների վաղանցուկ լինելը եւ յոյս յայտնեց, որ մեր մեծ ընտանիքը՝ հայոց ազգը վերստին պիտի միացնի իր հաւաքական ոյժը, յաւիտենական կորստից փրկելու համար մեր պապենական բոլոր հողատարածքները. «Սերունդները փոխւում են, քաղաքական հոսանքները եւս փոխ-ւում են: Միեւնոյն սերունդը յաճախ չի կարող մեծ փոփոխութիւնների վկան լինել: Պատմութեան ընթացքին պատերազմներ ենք ունեցել այլոց հետ, սակայն մենք միայն Հայոց Պատմութեան գրքերում ենք ընթերցել դրանց մասին: Ոմանք մեր ապրած օրերին են տեղի ունեցել, եւ մենք ցաւակցել ենք նահատակների ծնողներին: Սակայն ապագային, չենք իմանում երբ, կարող են մեզ յաջորդող սերունդներ յաղթանակներ տեսնեն, հայրենիքի ամբողջական հողերի վերատիրացումը», ասաց Սրբազանը, ապագայատեսիլ հայեացքով:
Հայրենիքի ներկայի եւ ապագայի յոյսերով տոգորւած, ներկայ հաւատացեալները վերադարձան իրենց տները: