Ասմունքի մրցութիւն ՀՕՄ-ի Թաւրիզի կենտրոնատեղիում
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Չորեքշաբթի, փետրւարի 7-ին, ժամը 18:00-ին, նախաձեռնութեամբ ՀՕՄ-ի Թաւրիզի կենտրոնատեղիի վարչութեան, նոյն յարկի տակ տեղի ունեցաւ Պատանեկան ասմունքի մրցութիւն, մասնակցութեամբ Թաւրիզի հայոց ազգային «Հայկազեան-Թամարեան-Սահակեան» դպրոցի աշակերտութիւնից ընտրւած 12 անձերի:
Թեմակալ առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի նախագահութեամբ տեղի ունեցած մշակութային սոյն ծրագրին ներկայ էին Թեմական խորհրդի անդամներ՝ գլխաւորութեամբ ատենապետ Գագիկ Ջորջեանի, ազգային իշխանութեան անդամներ, գլխաւորութեամբ Պատգամաւորական ժողովի ատենապետուհի Արմինէ Վահրամեանի, հայոց դպրոցի տեսչութիւնը եւ հայերէնաւանդ նիւթերի ուսուցչական կազմը, ծնողներ եւ մշակութասէր թաւրիզահայեր:
Բացման խօսքով օրւայ առիթը եւ աշխատանքային գործընթացը ներկայացւեց Նայիրի Դիլանեանի միջոցով, որ նաեւ յայտարարեց դատակազմի անունները՝ Արմինէ Վահրամեան, Անահիտ Յակոբեան եւ Նայիրի Դիլանեան: Անահիտ Յակոբեանի բանաւոր բացակայութեան պատճառով, նրանք երկուսով վարեցին դատական կազմի նուրբ աշխատանքը:
Այնուհետեւ տասներկու երեխաները, 9-13 տարեկան, վիճակահանութեան հերթականութեամբ բեմ բարձրացան, եւ իրենց պատրաստած ասմունքները ներկայացրին: Դադարին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ընթացքում դատակազմը իր որոշումները կայացրեց եւ յայտարարութեամբ հանդէս եկաւ:
Ասմունքող երեխաները հետեւեալ խմբաւորումներին բաժանւեցին դատակազմի միջոցով՝
Առաջին խմբում՝ Օդնիէլ Աբդիշոյեան, Մարիամ Վարդանեան, Սկառլետ Ենովքեան, Դալարի Նազարբէգեան, Արգամ Ոսկանեան:
Երկրորդ խմբում՝ Յասմիկ Շահմուրադեան, Տաթեւ Աբրահամեան, Դարել Նազարբէգեան, Էմելին Մկրտչեան:
Երրորդ խմբում՝ Իւանջելիա Օհանջանեան, Թադէ Վարդանեան, Անդրէ Վարդանեան:
Արմինէ Վահրամեանը խօսք առնելով, գնահատեց առաջին հերթին ուսուցիչների, ծնողների եւ յատկապէս երեխաների ջանադիր աշխատանքը, սոյն երեկոյին մասնակցելու մեծ պատրաստութիւնը եւ պատրաստակամութիւնը: Նա տարիքային բաժանումներ կատարելով մասնակիցների միջեւ, մանրամասն վերլուծեց Յովհաննէս Թումանեանից ընտրւած իւրաքանչիւր բանաստեղծութեան զգացական, առոգանական եւ մատուցման եղանակները, որոնք իւրաքանչիւր մասնակցի մօտ տարբեր չափերով ներկայ էին: Վերջապէս, նա գնահատեց ուսուցչուհիների եւ ծնողների դերակատարութիւնը, ինչպէս նաեւ այն ժամանակը, որը աշակերտութիւնը յատկացրել էր սոյն գործի յաջողութեան, իր առօրեայ դասերի կողքին:
Եզրափակիչ խօսքը արտասանելու հրաւիրւելով, Սրբազան Հայրը ասմունքով երեխաներից շատերի առաջին քայլը գնահատելով ասաց. «Որմնադիրները շէնքերի շինարարութիւնը ամենավերեւի յարկից չեն սկսում, այլ հիմքից: Այսօր մեր այս երեխաներից շատերի մշակութային, ասմունքի ճաշակի հիմքը դրւեց այս սրահում: Այսքան տողեր անգիր սովորել, յատկապէս ներկայ լսատեսողական բազմազան իրականութեան մէջ, հրաշալի երեւոյթ էր: Յիշողութիւններով յետ գնացին մեզանից շատեր, ի լուր Թումանեանի այն ասմունքներին, որոնք ժամանակի հետ չեն հնանում: Ուսուցիչների յոգնութիւնը, ծնողների քաջալերանքը եւ մեր բոլորի վայելքը այս պահին, ամբողջանում են երեխաներին ուղղւած հաւաքական գնահատականով»,- ասաց նա:
Շնորհաբաշխում կատարւեց աւարտին, երբ բոլոր ասմունքողները հերթաբար մօտեցան, եւ Սրբազան Հօր, Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանի, Պատգամաւորական ժողովի ատենապետուհի Արմինէ Վահրամեանի, ՀՕՄ-ի ատենապետուհի Անահիտ Մարգարեանի եւ հիմնադիր անդամուհիներից Սեդա Մանասէրնեանի ձեռամբ ստացան իրենց նւէրները: