Իսլամական խորհրդարանում իրանահայ պատգամաւորները ելոյթներով հանդէս են եկել Պալերմոյում կայացած Միջխորհրդարանական Ուղղափառ եկեղեցիների պատգամաւորների 31-րդ միջազգային խորհրդաժողովին
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ օրերս պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը պաշտօնապէս մասնակցել են Իտալիայի Պալերմօ քաղաքում կայացած Միջխորհրդարանական Ուղղափառ եկեղեցիների պատգամաւորների 31-րդ միջազգային խորհրդաժողովին:
Խորհրդաժողովին ելոյթներով հանդէս են եկել իրանահայ պատգամաւորները: Ելոյթի ընթացքում պատգամաւոր Արա Շահվերդեանը անդրադարձել է Իրանում կրօնների ազատութեանը եւ Աստւածային կրօնների հետեւորդների ու բոլոր իրանցիների դարաւոր խաղաղ գոյակցութեանը: Նա անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետութեան բոլոր այն ջանքերին, որոնց արդիւնքում Իրանում վերանորոգւել, վերակառուցւել եւ ԻՒՆԵՍԿՕ-ում գրանցւել են հայկական եկեղեցիներ ու վանքեր, եւ այս քայլերը իչիք են դարձնում արեւմտեան երկրների իրանաֆոբիայի ծրագրերը:
Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը իր ելոյթի ընթացքում ցաւով նշեց այն հանգամանքը, որ եւրոպական որոշ երկրներում անարգում են կրօնական արժէքները, ինչպէս օրինակ մուսուլմանների Սուրբ Գիրք Ղուրանը անարգւում է, կամ ասիական որոշ երկրներում ճնշման են ենթարկւում քրիստոնեաները իսկ որոշ երկրներ դիտորդի կարգավիճակով ցանկանում են հրահրել կրօնական տարանջատումը: Նա անդրադարձել է Իրանում կրօնական փոքրամասնութիւնների դարաւոր խաղաղ գոյակցութեանը, այդ քայլը համարելով Իրանում առկայ հանդուրժողականութեան եւ Աստւածային կրօնների հետեւորդների նկատմամբ յարգանքի դրսեւորման:
Այս տարւայ խորհրդաժողովին իրենց մասնակցութիւնն էին բերել Հայաստանը, Ալբանիան, Իտալիան, Յունաստանը, Կիպրոսը եւ Իսլամական երկրների միջխորհրդարանական միութեան ներկայացուցիչը դիտորդի կարգավիճակով: