ՈՐՏԵ՞Ղ Է ՅԻՍՈՒՍԸ…
«Որտե՞ղ էր ծնւելու Քրիստոսը…»:
Մտ 2.4
Սովորական մարդիկ չէին կարող իմանալ, թէ որտե՞ղ էր ծնւելու Յիսուսը: Մոգերը զարգացած եւ տիեզերագիտութեան բնագաւառում առաջադիմած անձեր էին, որոնք երկնակամարում տեսնելով Նրա աստղը, ուղեւորւեցին դէպի Հրէաստան, ճշտելու համար, թէ՝ որտե՞ղ է նորածին Արքան, որի աստղը ճանաչել էին…:
Բայց մե՞նք ինչու ենք տալիս նոյն հարցը…
Որտե՞ղ է Յիսուսը…
Սոյն հարցը առաջին անգամ Հերովդէս արքային տւեցին, նորածին Յիսուսին Արեւելքից տեսութեան եկած երեք մոգերը՝ Մելգոնը, Գասպարը եւ Բաղդասարը, երբ մոգական գիտութեան մօտկից ծանօթ լինելով, երկնակամարի աստղերի խմբում նկատել էին Նրա ծնունդը աւետող մի աստղ:
Մարիամն ու Յովսէփը Բեթղեհէմում, ոչխարների հօտի յատուկ ագարակում ծւարած, նորածին Միածին որդուն խանձարուրելով դրեցին յարդով լեցուն մսուրի մէջ:
– Որտե՞ղ է Յիսուսը: Մանուկ արքայի լալկան ձայնը լսեցին վստահաբար մոգերը, եւ մօտեցան քարայրին, որի մօտ էին նաեւ հովիւները, երկնքից լսած լինելով հրեշտակների տւած խաղաղութեան «Փառք ի բարձունս» պատգամը: Ոսկի, կնդրուկ եւ զմուռս նւիրելով երկնաւոր Արքային, մոգերը նաեւ երկրպագեցին նրան, հնաբոյր ժամանակներից ժառանգած խոր յարգանքով, եւ երկնքից ուղղութիւն ստացած լինելու հոգեթրթիռ երկիւղածութեամբ:
Որտե՞ղ է Յիսուսը:
Մոգերի արտասանած սոյն դրական հարցին բառային կրկնութիւնը, յատկապէս հաւատացեալ կամ թերահաւատ քրիստոնեաների բերանից կարող ենք լսել այսօր եւս: Աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող պատերազմական գործողութիւնները, հազարաւոր մարդկանց անտուն մնալը, անհամար մեծերի ու մանուկների սպանութիւնը, բազմաթիւ երեխաների որբացումը, երկրների ղեկավարների քմահաճոյքից բխած անգութ որոշումները, ինչպէս նաեւ հազարաւոր մարդկանց կողմից գաղթականի ցուպ ձեռք վերցնելն ու անորոշ ուղղութեամբ փախչելը, աշխարհում նորանոր դժբախտութիւնների պատճառ են հանդիսանում, եւ քաղաքակիրթ մարդկութիւնը անորոշ ճանապարհներով առաջնորդում:
Մի պարզ հարց տանք. Աստւա՞ծ է այս բոլորն անողը, թէ՞ մարդը: Մտային եւ մարմնական տարբեր ցաւերով տառապողների համար, յանցանքը աշխարհի երեսից բարձրացնելու եւ մինչեւ երկնքի կապոյտը տանելու գործը, շատ աւելի հեշտ է թւում, քան իրենց անձին եւ շրջապատին մէջ այն փնտռելը: Միթէ՞ Աստւած է պատերազմներ հրահրողը, կամ այլ երկրների նաւթային հանքերը իրեն ենթարկելու ծրագրեր մշակողը…: Աստծուն մօտիկ եւ աղօթքով նրա միացած մարդիկ, հոգեկան բարձրութիւնից են նայում պատերազմական անորոշութիւններին, խղճով են հետեւում երրորդ երկրներում իրենց գոյութիւնը հազիւ պահպանող մարդկանց կեանքին: Միւս կողմից, աշխարհի բոլոր ղեկավարների մարդկային մտածողութեանը նրանք նայում են յատուկ վերապահութեամբ, միշտ պատրաստ լինելով անակնկալների:
Հաւատքի մէջ թուլութիւնը, նմանւում է մարդկանց տուն փնտռելու ջանքին: Շատերը տուն են փնտռում, սակայն իրենց ակնկալած բնակարանին չեն տիրանում: Հոգեւոր կեանքի եւ լաւագոյն ապրումների տէր «անձը»՝ հաւատքն է, որը չենք կարող «փողոցում» թողնել: Այն յատուկ տունի կարիք ունի:
Քրիստոնէական մեր հաւատքի հիմնական տունը, որտեղ հոգեպէս ծնւել ենք եւ մեծացել, Յիսուսի մսուրն է: Մեր հաւատքը այս տան կարիքն ունի, որովհետեւ ձմռան անձրեւից եւ ամռան շոգից փրկւելու միակ տեղն է այն: Մեր երկնաւոր Մայրը՝ Ս. Կոյս Մարիամ Աստւածածինը մնայուն խնամատար է մեզ համար, որովհետեւ իր Որդու հոգածութիւնը մսուրից մինչեւ խաչ գործադրեց, արիւնաքամ սրտով:
Աշխարհում անապահով կացութիւններում յայտնւելով, յաճախ մարդկանցից ոմանց հաւատքը տկարանում է: Աւետարանական դրւագները եւ պատգամները մեզ գօտեպնդելու եւ հոգեպէս զօրացնելու համար են: Յիսուս բացայայտ ասում է, որ պատերազմների ձայներ լսելու ենք, երբ ազգեր իրար դէմ կռւեն, թագաւորութիւններ՝ թագաւորութիւնների դէմ, տեղ-տեղ սով, համաճարակ, երկրաշարժ եւ այլ դժբախտութիւններ են տեղի ունենալու, որոնք երկունքի սկիզբն են լինելու դեռ (հմմտ Մտ 24. 6-8): Տագնապահար աշխարհի մասին ո՛չ թէ իր գուշակութիւնն է կատարել Յիսուսը, այլ կանխաւ իր զգուշացումներն է նա տւել մարդկութեան. սակայն որտե՞ղ է մեր հաւատքը այսօր, որը դեռեւս անգիտակցաբար փնտռում ենք ամենուրեք, նոյնիսկ Նրան ուղղելով մեր միտքը զբաղեցնող հարցը.
– Որտե՞ղ ես, Յիսո՛ւս…
Անգիտակցութիւնը, հաւատքի թուլութիւնից է մեզ փոխանցւում: Երանի՜ մոգերի նման դրականօրէն հարց տանք միեւնոյնը… որտե՞ղ է Յիսուսը. նա է փրկութիւնը…: Մոգերի նման նւէր ունե՞նք նրան յանձնելու: Աշխարհում ապրող մարդկանց սրտում Յիսուսին յարմար նւէրներ մնացի՞ն: Միայն սոյն անկեղծութիւնը կարող է փաստել մեր հաւատքի ամբողջականութիւնը, որը նաեւ մեր փրկութեան մաքուր ճանապարհն է լինելու:
Այ՛ս հաւատքով երբ փնտռենք Յիսուսին, այն ատեն միայն մեր հոգում լաւագոյն բազմոցը տրամադրած ենք լինելու նրան: Յիսուսը մեր հոգում տեղաւորելուց յետոյ, Աստւած անպայման մեր մէջ յոյսի նշոյլը փարոսի է վերածելու, եւ միայն այն ատեն ենք յաջողելու մեր կեանքի ապահով ուղին գծել, պայծառ ապագայի հասնելու համար:
– Որտե՞ղ է Յիսուսը…
Նրա տեղը չմոռանալու քրիստոնէական միջոցներից է՝ ուժեղ հաւատքով, քո սրտում բնակութեան հրաւիրւած Յիսուսի ներկայութեան բերել նաեւ ուրիշներին: Այն, որ միայնակ է տօնում իր ուրախութիւնը, անձնասիրութեան գրկում ծւարած է մնում իր ամբողջ կեանքում: Նրանք ովքեր կեանքի դժւարութիւնների բեռի տակ կքել են, երկնային միջամտութիւն են համարելու ձեր բարի կամքը, եւ մեծ սիրով են ընդունելու ձեր սրտից բխած ամենաթանկագին գանձը՝ ձեր սէրը:
Գտա՞ր Յիսուսին…: Նորածին արքան քո նման մարդ արարածի սրտում է, յատկապէս նրան՝ որը քո օժանդակութեան կարօտ է այս պահին: Յիսուսը անծանօթ չէ՛: Բոլորս լաւ ենք ճանաչում նրան, սակայն փորձենք երբե՛ք չհեռացնել նրան մեր մտքից: Մեզանից իւրաքանչիւրը, թող իր անձը բարեփոխելու աշխատանքին նւիրւի առօրեայ դրութեամբ, որպէսզի նորածին Արքայի լացի ձայնից եւս արթուն մնայ: Նման երկնառաք ձայնը կարող է պատասխանել քո հարցին, եւ բացայայտել, թէ՝ Ո՛ՐՏԵՂ Է ՅԻՍՈՒՍԸ:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ
Աղօթաձայն Օրհնութեամբ՝
ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Տօն Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան
3 յունւարի, 2025
Ազգային առաջնորդարան – Թաւրիզ