Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ի պատասխան ֆէյք հոգեւորականի Հ1-ի եթերում տրածած ստերի. «Վեhափառ Հայրապետն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ»

«ԱԼԻՔ» – Յունիսի 27-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան՝ Հ1-ի «Հարցազրոյցի» տաղաւարում կարգալոյծ եղած հոգեւորական Խորէն Յովհաննիսեանը մի շարք աղմկայարոյց պնդումներ է արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերեալ:

Ըստ առկայ տեղեկութիւնների՝ Յովհաննիսեանը կարգալոյծ է հռչակւել 2017 թւականին՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի գրութեան հիման վրայ, համաձայն որի՝ Խորէն Յովհաննիսեանը հոգեւոր ծառայութեան վայրը ինքնակամ լքել է:

Յովհաննիսեանը, մասնաւորապէս, պնդել է, թէ Կաթողիկոսը ռուսաստանեան յատուկ ծառայութիւնների գործակալ է. «1979 թւականին Գերմանիայից նրան իբրեւ գործակալ բացայայտել եւ արտաքսել են Մոսկւա՝ ձեռնաշղթաներով»։

Իրականութիւնը, սակայն, բոլորովին այլ է: Գարեգին Բ-ի կենսագրական տւեալների՝ 1975 թւականին նա նշանակւել է Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր հովիւ, միաժամանակ շարունակել է աստւածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979 թւականին վերադարձել է Մայր Աթոռ եւ Վազգէն Ա կաթողիկոսի տնօրինութեամբ մեկնել Զագորսկ (Ռուսաստան)՝ ուսումնառութիւնը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում:

Այնուհետեւ Յովհաննիսեանը պնդել է, թէ երբ 2005 թւականին Կաթողիկոսը կամեցել է այցելել Գերմանիա եւ հանդիպել այն ժամանակւայ կանցլեր Անգելլա Մերկելի հետ, վերջինս մերժել է հանդիպման առաջարկը՝ հէնց Գարեգին Բ-ի ենթադրեալ գործակալ լինելու պատճառով։

«Անգելլա Մերկելը, չլսւած բան է, մերժեց նրա հետ հանդիպումը, նամակները կան, թէ՛ Գերմանիայում, թէ՛ Էջմիածնում։ Երբ նրան տեղեկանքը տալիս են, թէ ով է Կտրիճ Ներսիսեանը (Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) Մերկելն արհամարհանքով մերժել է հանդիպել, տեսել է, որ գործակալ է եղել իր ուսանող տարիներին… Գարեգինը վախենում է եւ չեղարկում է իր այցելութիւնը»,- ասել է Յովհաննիսեանը՝ նշելով, որ իր խօսքերը պատրաստ է ապացուցել դատարանում։

Նա նաեւ պնդել է՝ Գերմանիայի հայոց թեմը միակն է, որտեղ Գարեգին Բ-ն չի այցելել իր կաթողիկոս եղած տարիներին։

 

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ

«Փաստերի ստուգման հարթակ»-ը, սակայն, պարզել է, որ Յովհաննիսեանի պնդումը, թէ իր կաթողիկոս լինելու տարիներին Գարեգին Բ-ն երբեւէ չի այցելել Գերմանիայի հայոց թեմ, չի համապատասխանում իրականութեանը։

Այսպէս, 2017 թւականի հոկտեմբերի 17-ին Կաթողիկոսը 5-օրեայ այցով մեկնել է Բեռլին` Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եւրոպայում Ռեֆորմացիայի 500-ամեայ յոբելեանի յիշատակութեան շրջանակներում անցկացւող պաշտօնական միջոցառումներին:

Այցի ընթացքում նա հանդիպել է ինչպէս Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտէր Շտայնմայէրի հետ, այնպես էլ Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ:

 

Կաթողիկոսի ու Մերկելի հանդիպումը

FIP.am-ը բաց աղբիւրներում չի յայտնաբերել Յովհաննիսեանի պնդումը հաստատող հրապարակում, որում կը լինէր տեղեկութիւն այն մասին, որ Գերմանիայի նախկին կանցլերը հրաժարւել է ընդունել Ամենայն Հայոց Կաթողիկոսին որեւէ, այդ թւում նաեւ՝ խորհրդային գործակալ լինելու պատճառաբանութեամբ։

Փոխարէնը, Մերկելը հանդիպել է Կաթողիկոսին Մայր Աթոռում՝ 2018 թւականի օգոստոսին ՀՀ կատարած պաշտօնական այցի շրջանակում։

Related Articles

Back to top button