Մշակութային

Աւետիս Գրիգորեան. «Եթէ չլինէր «Զոդ» օպերացիան՝ Սեւանի աւազանը, մեծ հաւանականութեամբ, չէր լինի Հայաստանի կազմում»

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գիւղում աւարտւել են իշխան Չեսար Օրբէլեանի պալատի պեղումները։

Հնագիտական արշաւախմբի ղեկավար Աւետիս Գրիգորեանի փոխանցմամբ, ըստ կառուցման մասին արձանագրութեան, այն կառուցւել է իշխանի կողմից՝ 1332 թւականին։

«Քարաւատունը գտնւում է Վարդենեանց լեռնանցքի ամենաբարձրադիր հատւածներից մէկում, բաւական ամուր, սէյսմակայուն շինութիւն է, չնայած մասնակի վերականգնման աշխատանքներ կատարւել են 1950-ական թւականներին։ Առաջիկայում եւս կիրականացւեն վերականգնման աշխատանքներ, քանի որ անձրեւաջրերից եւ երկրաշարժերի հետեւանքով որոշ հատւածներ խարխլւել են։ Քարաւատնից ոչ հեռու էլ գտնւում է պալատը, եւ այնտեղ մարդիկ ապրել են մինչեւ 20-րդ դարի կէս, որից յետոյ յուշարձանը վերածւել է գոմի, պահեստի»,- 168.am-ի հետ զրոյցում ասել է հնագէտը՝ յայտնելով, որ յաջորդ տարի յուշարձանը վերականգնւելու է։

«Պալատի ներսից 4-5 սենեակի դռներ են նշմարւում, եւ յուսով եմ՝ հետագայ տարիներին դրանք եւս կը պեղւեն, կամրակայւեն։ Իսկ հիմա վերականգնւելու է կենտրոնական մեծ սրահը, որտեղ ապրել է իշխան Չեսար Օրբէլեանը։ Ասեմ, որ պալատին զուգահեռ՝ պեղումներ են իրականացւել յարակից եկեղեցում։

Քանի որ մինչեւ 20-րդ դարի կէսն այնտեղ ապրել են, դա յուշում էր, որ դժւար էր գտնել շատ արժէքաւոր իրեր, որոնք կը վերաբերէին միջնադարին։ Բայց գտանք մետաղեայ գործիքների մասեր, խեցեղէն բեկորներ, որոնց մի մասը վերաբերում էր զարգացած եւ ուշ միջնադարին, ինչպէս նաեւ 18-20-րդ դարերին։

Պեղումների ընթացքում յայտնաբերւեց գերեզմանոց, որը ձեւաւորւել էր եկեղեցու աւերակների վրայ։ Պարզւեց, որ այդ աւերակների վրայ կատարւել են թաղումներ ու գերակշռող մասը մանկական թաղումներ էին։

Ուսումնասիրութիւնները դեռ շարունակւում են, բայց կարծում ենք, որ դա վերաբերում է 20-րդ դարի առաջին կէսին։

Արխիւային տւեալների ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ 1940 թւականին այս տարածաշրջանում, մասնաւորապէս՝ Հորս գիւղում, սով է բռնկւել եւ միայն Հորսում 200-ից աւելի մարդ է մահացել, այդ թւում՝ երեխաներ։

Բազմաթիւ գիւղերում, յատկապէս՝ 20-րդ դարում, հանդիպում ենք գերեզմաններից առանձնացւած վայրեր, որտեղ թաղւել են երեխաներ»,- նշել է Աւետիս Գրիգորեանը։

Հնագէտը գերեզմանոց գտել էր նաեւ Սոթք-1 ամրոցում։

«2011 թ. սկսած ուսումնասիրութիւն ենք կատարում Վարդենիսի տարածաշրջանում, Սեւանայ լճի հարաւարեւելեան աւազանում։ 2014 եւ 2020 թթ. մեր արշաւախումբը պեղումներ կատարեց Սոթք գիւղում գտնւող Տիգրանաբերդ կոչւող ամրոցում, որը յայտնի է նաեւ Սոթք-1 ամրոց անունով։ Ուսումնասիրութիւնը ցոյց տւեց՝ 20-րդ դարի սկզբին կատարւել են թաղումներ, որոնք ամենայն հաւանականութեամբ վերաբերում են հայ-թաթարական բախումներին՝ 1918-1919 թթ., Սիլիկեան եղբայրներին եւ նրանց ջոկատի սպանութեանը։

Ես եւ Արսէն Բոբոխեանը համատեղ գիրք գրեցինք՝ «Զոդի օպերացիան»։ 1919 թ. ապրիլի 14-18-ը օպերացիայի յաջող աւարտով էր պայմանաւորւած, որ Սեւանի աւազանը հնարաւոր եղաւ պահպանել ՀՀ կազմում։

Եթէ չլինէր օպերացիան՝ մեծ հաւանականութեամբ այդ տարածքները չէին մնայ ՀՀ կազմում ու խորհրդայնացումից յետոյ չէին լինի ՀՀ-ի մաս։ Օպերացիան սկսւում է հայ-թաթարական բախումներով եւ աւարտւում է ՀՀ կանոնաւոր բանակի մասնակցութեամբ։

Օպերացիան ղեկավարել են ՊՆ տեղակալ Մովսէս Սիլիկեանը, ղեկավարում էր Դանիէլ Բէկ-Փիրումեանը եւ ուրիշներ»,- ընդգծել է հնագէտը։

Related Articles

Back to top button